

ԷկոԼուր
Սույն թվականի դեկտեմբերի 13-ին՝ «ԷկոԼուր» մամուլի ակումբում, տեղի ունեցավ «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի Հանրային խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում էր ծրագրի ներկայացումը և Հանրային խորհրդի իրավասությունների քննարկումը: Ծրագրի Հանրային խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է՝ միավորել մեկ ընդհանուր հարթակում քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կառավարման մարմիններին ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումների մշակման համար:
Հանրային խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱԺ բնապահպանական և գյուղատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի, UNDP-ի, WWF-Հայաստանի, ՓՀԷԿ-երի միության, գիտակրթական ոլորտի, Էկոլոգիական հասարակական դաշինքի, Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը նշեց, որ ՓՀԷԿ-երի բարեփոխումների ծրագրի առաջին մասի (2014-2016 թթ.) արդյունքների հիման վրա բնապահպանության նախարարությունն իրականացնում է առողջացման ծրագիր ուսումնասիրված յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի համար: «Փոքր ՀԷԿ-երի շահագործողների առջև դրվել են ծրագրի շրջանակում բացահայտված խնդիրները և պահանջվել է, որպեսզի իրենք լուծումներ գտնեն», - նշեց Աշոտ Ավալյանը:
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց. «Նախորդ ծրագրով բավականին մեծ աշխատանք է արվել: Նման ծրագիր պետք էր, և հասկանալի է, որ շարունակությունն էլ է կարևոր: Մենք ավարտեցինք Հայաստանի կենսաբազմազանության առումով կարևոր ջրաճահճային կամ ջրային էկոհամակարգերի քարտեզագրումը: Բոլոր քարտեզները շուտով կհրապարակենք և կներկայացնենք շահագրգիռ կողմերին»:
ՀՀ Ազգային Ժողովի փորձագետ Հերմինե Պողոսյանը նշեց, որ Հայաստանը չունի ՓՀԷԿ-երի կառուցման ստանդարտ: Ըստ Հերմինե Պողոսյանի՝ եթե պահպանվեն համապատասխան ստանդարտները, ապա նվազագույնի կհասցվեն վնասները:
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի խորհրդատու Արամ Գաբրիելյանը բարձրացրեց ՓՀԷԿ-երի Հանրային խորհրդի աշխատանքների արդյունավետության հարցը և առաջարկեց, որ խորհրդի որոշումները հետևանք ունենան որոշումների կայացման գործընթացում: Նա նաև առանձնացրեց «ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ի խնդիրը՝ նշելով, որ այս փոքր ՀԷԿ-ն ունի բավականին մեծ հզորություն` ավելի քան 25 Մվտ, և պետք է դուրս բերվի փոքր ՀԷԿ-երի ցուցակից: Այդ նպատակով ՓՀԷԿ-եր համարվող ՀԷԿ-երի հզորության վերին շեմը 30 ՄՎտ-ից պետք է իջեցնել նախկին` 10 Մվտ: Ըստ Արամ Գաբրիելյանի, հարկավոր է հրաժարվել ջրօգտագործման թույլտվություն տրամադրելուց, այն էլ ներկա ձևաչափով, ու կատարելագործել ջրօգտագործման բնապահպանական նորմավորումը միայն ըստ էկոթողքի չափաքանակի: Նա նաև նշեց, որ պետք է հրաժարվել պատվարներից, որոնք փոխում են գետի հունը ու ըստ ՀՀ ջրային օրենսգրքի` հակաօրինական են:
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանն առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկել գյուղատնտեսության նախարարության կամ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներին, քանի որ ՓՀԷԿ-երն ազդեցություն ունեն ոռոգման ջրի վրա, և գյուղացիների համար խնդիր են առաջացնում:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյանը ներկայացրեց Հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի նախագիծը: «Նախագիծը լրացուցիչ քննարկվում է շահագրգիռ նախարարությունների հետ: Հնարավոր է, որ այն ենթարկվի փոփոխության», - նշեց Դանիել Ստեփանյանը:
Նա նաև հայտնեց, որ 2009 թվականի փոքր ՀԷԿ-երի սխեման իրականում չաշխատեց, և վարչապետի հանձնարարությամբ այդ սխեման պետք է վերանայվի կամ չեղյալ համարվի:
Քննարկվեց փոքր ՀԷԿ-երի անբավարար և ոչ արդյունավետ սարքավորումների խնդիրը: Ըստ Դանիել Ստեփանյանի՝ խնդրի վերաբերյալ պատրաստ է կառավարության որոշման նախագիծ: Քանի որ Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, նախագիծը պետք է համապատասխանեցվի ԵԱՏՄ-ի տեխնիկական կարգավորումներին:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում պետք է մշակվի «Փոքր ՀԷԿ-ի ոլորտի զարգացման ազգային քաղաքականության և ծրագրի» նախագիծ, որն իր մեջ կներառի ՓՀԷԿ ոլորտի բարեփոխումներ` ուղղված բնապահպանական թողքի վերաբերյալ կառավարության որոշման վերանայմանը և վերահսկմանը, գետերի էկոհամակարգերի վրա կումուլյատիվ ազդեցության մեղմացմանը, գետային ձկնաշխարհի պահպանմանը, ՓՀԷԿ-երի կառուցման նախագծային փաստաթղթերի ներկայացման և հաստատման պահանջների բարելավմանը, ՓՀԷԿ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Ինգա Զարաֆյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում պետք է ապահովվի ամբողջ գործընթացի թափանցիկությունը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 19, 2016 at 13:20
