

ԷկոԼուր
Սույն թվականի դեկտեմբերի 20-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում, տեղի ունեցավ «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի անդրանիկ նիստը: Նիստում քննարկվեցին Ծրագրի խնդիրները, գործողությունները և աշխատանքային պլանը:
Ծրագրի փորձագիտական խմբում ընդգրկված են ՀՀ բնապահպանության նախարարության, Անդրսահմանային Միացյալ Քարտուղարության, գիտական, հասարակական, իրավական ոլորտների ներկայացուցիչներ:
Փորձագիտական խումբը Ծրագրի իրականացման ընթացքում պետք է՝
• մշակի «Փոքր ՀԷԿ-ի ոլորտի զարգացման ազգային քաղաքականության և ծրագրի» նախագիծ
• մշակի ծրագրի շրջանակներում ստեղծված ՓՀԷԿ-երի Խորհրդի կանոնադրությունը Խորհրդի գործունեության շարունակականության ապահովման համար
• մշակի «Ըստ Հայաստանի Հանրապետության ջրավազանային տարածքների` խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» կառավարության 2011թ-ի հունիսի 30-ի 927-Ն որոշման» փոփոխության նախագիծ
• մշակի ՓՀԷԿ-երում բնապահպանական պետական տեսչական վերահսկողության իրականացման համար ստուգաթերթ
• ուսումնասիրի այցելած 35 ՓՀԷԿ-երի կառույցների գործունեությունը տեղում, լրացնի ստուգաթերթերը դաշտային ուսումնասիրությունների տվյալներով:
Նշենք, որ այս Ծրագիրը «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Հիշեցնենք, որ 2014-2016 թթ. ԷկոLուրը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ 75 չափորոշիչներով մշտադիտարկել է Հայաստանի 47 գետերի վրա կառուցված 87 փոքր ՀԷԿ-եր, որի արդյունքում վերոնշյալ ծրագրի փորձագիտական խումբը մշակեց փոքր ՀԷԿ-երի էկոանձնագրի նմուշ և ներկայացրեց ՀՀ բնապահապանության նախարարություն, հրապարակվեց «Աջակցություն փոքր
ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ձեռնարկը:
«Կայուն Կովկաս» (SCOPE) ազգային համակարգող Արմեն Գևորգյանը, ձկնաբան, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը, քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության հաշվառման և վերլուծության բաժնի պետ Ռոզա Ջուլհակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Նազիկ Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի առաջատար մասնագետ Նազիկ Չզմաչյանը, իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը եկան այն եզրակացության, որ նախևառաջ անհրաժեշտ է մշակվելիք «Փոքր ՀԷԿ-ի ոլորտի զարգացման ազգային քաղաքականության և ծրագրի» նախագծի ձևաչափը համապատասխանեցնել ընդունված փաստաթղթերի, մասնավորապես, էներգետիկայի, այլընտրնքային էներգետիկայի, և հիդրոէներգետիկայի զարգացման ռազմավարության ընդունված ձևաչափերի հետ, ուսումնասիրել համապատասխան փաստաթղթերը և որոշումները: Փորձագիտական խմբում տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեց, որ մշակվելիք նոր փաստաթղթում անհրաժեշտ է անդրադառնալ՝
• փոքր ՀԷԿ-երի ոլորտի զարգացման բնապահպանական առաջնահերթություններին
• փոքր ՀԷԿ-երի զարգացման քաղաքականության համապատասխանությանը կլիմայի փոփոխության հարցում ՀՀ կառավարության կողմից ընդունված պարտավորություններին և կայուն զարգացման քաղաքականությանը
• փոքր հիդրոէներգետիկայի օրենսդրական առկա դաշտին
• ԵվրԱզեսի քաղաքականության համապատասխանությանը փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում և եվրոպական համագործակցության համապատասխանությանը ENPI և այլ հարթակներում
• փոքր ՀԷԿ-երի զարգացման հարցում սեկտորալ հետաքրքրվածության աստիճանին
• հիմնական միջոցառումների իրականացման ժամկետներին, արդյունքներին, կատարողներին (Փոքր ՀԷԿ-երի շահագործման արդյունավետ զարգացման քաղաքականության նախագիծ կամ այլ անվանում)՝ նշելով սոցիալական և տնտեսական պայմանները և ֆինանսավորման հնարավորությունները:
Նյութը պատրաստվելէ «Աջակցություննորբարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Դեկտեմբեր 27, 2016 at 13:47
