

ԷկոԼուր
Սույն թվականի հունվարի 25-27-ը Երևանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքը: Միջոցառումների շրջանակներում կներկայացվեն Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, հեռանկարային ծրագրերը և այլն: Միջոցառանը կմասնակցեն 30-ից ավելի օտարերկրյա կազմակերպություններ, փորձագետներ, մասնավոր, հանրային սեկտորների, պետական կառույցների ներկայացուցիչներ, շուրջ 300 հոգի:
«Այս տարի «Էներգետիկայի շաբաթ» միջոցառումը հետաքրքրական է նրանով, որ մենք ունենք ասելիքներ թե էներգախնայողության վերաբերյալ, որը վերջին երկու տարիներին իսկապես էական տեղաշարժ է գրանցել Հայաստանում, թե վերականգնվող էներգետիկայի ոլորտում, և թե՝ բարեփոխումների: Միջոցառման ընթացքում այս բոլորը կոնֆերանսների միջոցով կներկայացվի առանձին օրերով»,- ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Էներգետիկայի շաբաթ 2017»-ի ամենակարևոր միջոցառումներից մեկը Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովն է, հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
«Արևային էներգետիկայի զարգացումը մեր էներգետիկ ոլորտի զարգացման առաջնահերթություններից է, և, հաշվի առնելով համաշխարհային գների և կապիտալ ներդրումների կտրուկ նվազումը, մենք վստահ ենք, որ կկարողանանք մրցունակ սակագին ստանալ մեր համակարգում: Դրա հետ կապված վերջին տարիներին մեզ հետ բանակցել են բազմաթիվ ներդրողներ: Մենք որոշում կայացրեցինք, որ ամենացածր և մրցունակ սակագին ստանալու համար լավագույն միջոցը մրցույթն է: Համաժողովին ներկայացվելու է այն ներդրումային փաթեթը, որը մենք առաջարկում ենք, որպեսզի ներդրողները գան, վերցնեն և մասնակցեն մրցույթին», - ասաց փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Առաջին մրցույթը Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում 55 ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման համար է: Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այս մրցույթի համար արդեն մի քանի տասնյակ ընկերություն ցուցաբերել է նախնական հետաքրքրվածություն:
«Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումն ուղեկցվելու է ցուցահանդեսով:
Միջոցառման կազմակերպիչներն են՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
![]() |
![]() |
Հունվար 23, 2017 at 16:36


