

Երանուհի Սողոյան, www.hetq.am
Նորարարական գաղափարների եւ նախագծերի ներդրման առումով Շիրակի մարզում առաջատարի դերը ստանձնած Բասեն համայնքում արդեն մեկ ամիս է զբաղված են կենսաբանական թափոններից ստացվող վառելիքի՝ պելետի (Pellets) արտադրությամբ:
Վառելիքի այլընտրանքային այս տարբերակը լայնորեն կիրառվում է աշխարհում: Պելետի առաջին արտադրությունը սկսվել է 1947թ-ին: Այն մեծ մասսայականություն է վայելում հատկապես Դանիայում, Ավստրիայում եւ Շվեդիայում: Հայաստանում պելետի արտադրության «առաջին ծիծեռնակները» հանգրվանել են Բասեն գյուղում:
«Երեք ամիս տանջվել ենք, մինչեւ որ ինքնուրույն հասել ենք արդյունքի»,-խոստովանում է Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Գյուղում հիմնած պելետի փորձացուցադրական արտադրամասի հզորությունը փոքր է: Սկզբի համար գուցե բավարար է, սակայն ծրագիրն իրականացնող «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամի» ղեկավար Գուրգեն Պետրոսյանն արտադրությունն ընդլայնելու նպատակով աջակիցներ է փնտրում:
«Պելետի արտադրության հիմքը մենք կարողացանք դնել ՄԱԿ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի շնորհիվ, իրենց փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ստացել ենք դրամաշնորհ 44 հազար 600 դոլար չափով, մեր կողմից ներդրումն եղել է շենք-շինության տեսքով՝ մոտ 17 հազար դոլարի չափով: Ծրագրում իրենց չափով ներդրում ունեն նաեւ համայնքն ու «Արոտ օգտագործողների արտադրական կոոպերատիվը»: Սեպտեմբերից սկսել էինք նախնական աշխատանքները, բայց դեկտեմբերի վերջին նոր կարողացանք առաջին արտադրանքը տալ»,-պարզաբանում է Գուրգեն Պետրոսյանը:
Հողային եւ ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանն ու աղքատության ծավալները որոշ չափով նվազեցնելուն միտված ծրագրի ընդհանուր արժեքը 58 հազար 100 դոլար է: ՄԱԿ-ի տրամադրած դրամաշնորհից «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամն» այս պահին ունի տնտեսած 4.460 դոլար, որով մտադիր է ձեռք բերել 3-4 կվտ հզորությամբ ֆոտովոլտային արեւային համակարգ եւ տեղադրել գրանուլացնող հոսքագծի վրա: Օգտագործվող էներգիայի ծախսը նվազեցնելով՝ կիջեցնեն նաեւ արտադրանքի ինքնարժեքը:
«Մենք հիմա 1տոննա պելետի ստացման համար 250 կվտ հոսանք ենք ծախսում, արեւայինի տեղադրման դեպքում ծախսը պակասելու է: Հաշվարկել ենք, որ օրական 6 ժամ աշխատեցնելու պարագայում տարեկան ծախսվում է 40 հազար կվտ էներգիա: Ֆոտովոլտային համակարգը տեղադրելով՝ ծախսը կնվազեցնենք մի քանի անգամ»,-նկատում է Գուրգեն Պետրոսյանը:
Պելետի՝ բիովառելիքի պատրաստման համար բասենցիները որպես հումք ընտրել են ծղոտը, թեպետ կարող են օգտագործել բուսական ծագում ունեցող ցանկացած բան: «Տերեւ, անասնակերի մնացորդ, գոմաղբ՝ սրանք եւս կարող են պելետի համար հումք ծառայել, բայց մենք որոշեցինք անել ծղոտով»,-նշում է ծրագրի ղեկավարը: Ցորենի, գարու բերքահավաքից հետո մնացորդային ծղոտը գյուղացիների մի մասը կուտակում է որպես անասնակեր, մյուսները թողնում են դաշտում որպես պարարտանյութ, շատերն՝ այրում: Պելետի արտադրությունը ծղոտի հիմքի վրա տարածաշրջանում կունենա նաեւ բնապահպանական նշանակություն՝ կդադարեցվեն վարելահողերում բերքահավաքից հետո նկատվող մասսայական հրդեհները, կպակասեն, իսկ հետագայում իսպառ կբացառվեն ծառահատումները:
«Էդ ծղոտ վառելը շատ վատ է անդրադառնում բնության վրա արտանետումների ձեւով, բացի դրանից՝ այրվում է հողի հարուստ շերտը, ոչնչանում են բույսեր, որ տարածվում են սերմի միջոցով, մեծ վնաս է հասնում մանր կենդանիներին»,-նկատում է Գուրգեն Պետրոսյանը:
Բասեն համայնքն ունի 1800 հա վարելահող: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ վերջին տարիներին հողատարածքներն անմնացորդ մշակվում է: Անցած տարի թե՛ բերքն էր առատ, թե՛ մնացորդ ծղոտը, որի մի մասն այդպես էլ մնաց դաշտում կամ այրեցին: «Մեր գյուղացիները ծրագրի մասին գիտեին, սակայն քանի որ դեռ նմուշ-օրինակ չունեինք, իրենց համար էլ անհասկանալի էր, թե ինչի դիմաց ինչ պետք է ստանան, դրա համար էլ արտադրությունը, որ սկսեցինք՝ մեծ քանակությամբ ծղոտ չունեինք»,-բացատրում է Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Մեկ ամսվա ընթացքում 10 տոննայից ավելի պելետ են արտադրել ու իրացրել: Տեղադրված սարքի արտադրողականությունը մինչեւ 200 կգ է, սակայն առայժմ աշխատում են 100-120 կգ հզորությամբ: Եթե կարողանան ամբողջ տարվա համար պատվեր ապահովել, ապա 500-ից 600 տոննա վառելիքի հարց կլուծեն՝ կախված պահանջարկից: Այս ձմեռ Բասենում 3 ընտանիք ընտրել է պելետով ջեռուցման տարբերակը, պատվերներ են եղել մայրաքաղաքի բնակիչներից, հետաքրքրված են ջերմոցային տնտեսությունները:
«Մանկապարտեզի ջեռուցումն այս տարի պելետով ենք կազմակերպել,-ասում է Բասեն համայնքի ղեկավարը,-դրա համար մենք ՌԴ-ից ներկրեցինք 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ վառարան: Դրանք հատուկ նախատեսված են պելետով ջեռուցման համար: Գյուղական տներում առկա սովորական վառարանների պարագայում ծախսը շատ է, իսկ պելետի համար հատուկ նախատեսված վառարանները շատ հարցեր են լուծում: Նախ պետք չէ, որ տան անդամներից որեւէ մեկն անընդհատ զբաղվի կրակը վառ պահելով՝ վառարանն ավտոմատ է գործում, հետո վառելիքի ծախսն է մի քանի անգամ պակաս, բացի դրանից՝ մինիմում +20 աստիճան ջերմություն է ապահովում»:
Մանկապարտեզի համար գնած վառարանը 140 կգ վառելիք է տեղավորում: Մեկ ժամում այրվում է 1 կգ 400 գրամ պելետ: Վառարանը լիցքավորելով եւ ավտոմատ եղանակով կարգավորելով՝ կարելի է 4 օր ընդհանրապես չհետաքրքրվել նրա աշխատանքով: 100 ժամ անընդմեջ աշխատելու պարագայում ընդամենը պետք է մեկ դույլ մոխիր հեռացնել: Ծրագրի ղեկավար Գուրգեն Պետրոսյանի հավաստիացմամբ՝ պելետը գազի, փայտի եւ աթարի համեմատ մեծ առավելություն ունի թե՛ գնային, թե՛ ջերմատվության առումով:
«Մեկ ամիս տունը ջեռուցելու համար, եթե վերցնենք միջինը 100 քմ տարածք, ապա գազի դեպքում մարդիկ վճարում են 60-80 հազար դրամ ու չեն էլ տաքանում: Փայտի դեպքում, նայած թե խմ-ն ինչ գնով են ձեռք բերել՝ միջինը համարյա նույն գինն է գալիս, ինչ գազի դեպքում: Իսկ պելետի պարագայում 250 քմ-ի համար կկազմի 36 հազար դրամ»:
Պելետի 1 կգ-ն արժե 50 դրամ, եթե ծղոտի հումքը գնում են տեղում: Սեփական ծղոտը պելետի վերածելու դեպքում հաշվվում է միայն մատուցվող ծառայության գինը՝ պելետի մեկ կգ-ը 20 դրամի սահմաններում: Արտադրանքը պատվիրատուին է հանձնվում պարկերով, որոնք պատրաստվում են հենց արտադրամասում: Ծղոտը մշակման մի քանի փուլ է անցնում: Նախ՝ աղացի միջոցով մանրացվում է մինչեւ 2-3 մմ, հետո առաջին արտադրամասից փոշենման նյութը հոսքագծով տեղափոխվում է երկրորդ տեղամաս, որտեղ էլ իրականացվում են պելետի ստացման ավարտական աշխատանքները:
«Կարող եմ լցնել ջրի մեջ եւ կհամոզվեք, որ անմիջապես սուզվում է հատակը: Պելետի խտությունը 1,4 անգամ գերազանցում է փայտին, դրան գումարած՝ ունի բարձր կալորիականություն ու ջերմատվություն»,-ասում է Գուրգեն Պետրոսյանը:
460 տնտեսություն ունեցող Բասենը Շիրակի մարզում եւ հանրապետությունում ներդրվող նորարարական ծրագրերի ու գաղափարների իրականացմամբ համարվում է առաջատարներից մեկը: «Եթե նավթ չունենք, ուրեմն պետք է սառե՞նք, եթե գազ չունենք, ուրեմն սաղ կյանքներս պիտի մնանք աթարի հույսի՞ն, մենք էլ մեր ռեսուրսները պիտի օգտագործենք՝ կարեւորը գլուխ ունենք,-կատակում է Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանը,- 2013-ին, որ համայնքում տեղադրեցինք առաջին արեւային ջրատաքացուցիչ համակարգը մանկապարտեզի, հետո էլ ջերմոցի համար, դեռ պարզ չէր՝ արդյո՞ք բնակիչները դա կկիրառեն սեփական կարիքների համար: Հիմա արդեն գյուղում 30 տուն արեւային ջրատաքացուցիչ է տեղադրել ու էլի ցանկացողներ կան: Նույնն էլ վերաբերում է պելետին: Էս ձմեռ 2-3 ընտանիք է գյուղում տունը դրանով ջեռուցում, հաջորդ տարի, համոզված եմ, թիվը մի քանի տասնյակ է լինելու»:
Համայնքապետն ասում է, որ ծրագրեր ունեն գյուղում քամու էներգիան կիրառելու, ինչպես նաեւ՝ մեծ մասշտաբներով արեւային պանելներ տեղադրելու: «Դեռ բանակցային փուլում ենք, դեռ ուսումնասիրում են մեր ուղարկած տվյալները՝ կապված արեւոտ օրերի, քամիների առատության հետ եւ այլն: Եթե դրական պատասխան լինի, ապա Բասենը կանցնի գերժամանակակից նոր տեխնոլոգիաների ներդրման»,-նկատում է Բասենի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Լուսանկարը՝ vdeltafuel.com-ի
Հունվար 26, 2017 at 15:03