

ԷկոԼուր
«Մարտի վերջ, ապրիլի սկզբին կհայտարարվի մրցույթ «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար: Մենք կներկայացնենք տեխնիկական ամբողջ փաթեթները, պահանջները՝ ինչ չափանիշների պետք է բավարարեն ներդրողները, որպեսզի կարողանան օգտվել այդ ծրագրից», - ԷկոԼուրին հայտնեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը «Էներգետիկայի շաբաթ-2017» խորագրի ներքո անցկացվող Արևային էներգետիկայի ներդրումային համաժողովի ժամանակ:
«Այս միջոցառման նպատակն է հասկանալ նեդրողների ակնկալիքները, որպեսզի այդ փաթեթը համապատասխանաբար ճշգրտվի: ««Մասրիկ 1» կայանի կառուցման համար պահանջվող ներդրումը կկազմի մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է»,- ասաց Թամարա Բաբայանը:

Ըստ հաշվարկների՝ «Մասրիկ 1» տեղանքում տարեկան 1 քառակուսի մետր արևային պանելի վրա հնարավոր է ստանալ մինչև 1800 ԿՎտ/ժամ էներգիա:
40-ից ավելի օտարերկրյա ընկերություններ ժամանել են Հայաստան՝ ծանոթանալու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումային հնարավորություններին: Հիմնական հետաքրքրվածությունը՝ արևային էներգետիկան է և Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման համար նախատեսված մրցույթը:
«Մասրիկը միայն առաջին ծրագիրն է, ունենք ևս 5 նման ծրագիր: Իմ կարծիքով՝ մրցույթը շատ արդյունավետ միջոց է՝ ստանալու շուկայում ամենացածր հնարավոր սակագինը Հայաստանի համար», - նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Ներդրողների համար հետաքրքրությունն այն է, որ նախևառաջ ընտրված է լավագույն տարածքը Հայաստանում: Տարածքի համար կատարվել են մշտական չափումներ, և ներդրողը հստակ գիտի, թե ինչ արևային ռեսուրս կա տեղանքում: Բոլոր հողային հարցերը կառավարությունը վերցրել է իր վրա, հնարավոր է, նույնիսկ անվճար հիմունքներով հողատարածքը տրամադրվի ներդրողին, բայց դա քննարկելի հարց է: Կատարված են տեխնիկատնտեսական բոլոր հաշվարկները, և ներդրողի համար առաջնային ծախսերը հնարավորինս նվազեցված են»,- ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի Արևային էներգիայի ծրագրի համակարգող Ռուբեն Գևորգյանը:

«Մենք պատրաստ ենք մասնակցելու «Մասրիկ 1» կայանի կառուցման մրցույթին և ներդնելու այդ 50 միլիոն ԱՄՆ դոլարը», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «ACCIONA Energy» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան-Ստեփանյանը: «ACCIONA Energy»-ն իսպանական ընկերություն է, որն աշխարհի 20 երկրներում ունի իր սեփական արևային կայանները: «Եթե մենք չհաղթենք մրցույթը, կարող է մենք այնպիսի սակագին չներկայացնենք, որը մրցունակ կլինի, մենք պատրաստ ենք ներդրում կատարելու Հայաստանի Հանրապետությունում արևային կայաններ կառուցելու համար՝ անպայման հաշվի առնելով նաև սակագինը: Այսօրվա դրությամբ մեծ հզորությամբ կայաններ կառուցելու համար Հայաստանի կառավարության կողմից սակագին դեռ ընդունված չէ: Երբ այդ սակագինը լինի գրավիչ, մենք պատրաստ ենք ներդրում կատարելու և կառուցելու արևային կայաններ», - նշեց իսպանական ընկերության ներկայացուցիչը:

«Երբ պատրաստ կլինի «Մասրիկ 1»-ի վերջնական փաթեթը, մենք կուսումնասիրենք բոլոր պայմանները և կորոշենք՝ մասնակցել, թե՝ ոչ», - ասաց «NARI Technology» չինական խոշոր ընկերության ներկայացուցիչ Արմեն Համբարձումյանը: «NARI Technology»-ին պետական ընկերություն է և կազմում է China Power-ի բաղադրիչ մասը: «Ֆոտովոլտային սարքավորումների գինն այսօր բավական իջել է, և բիզնեսի տեսանկյունից դարձել է ձեռնտու ներդնել գումարներ նման ծրագրերի մեջ: ... Այստեղ հիմնական ռիսկն այն է, որ արևային էներգետիկա Հայաստանում գոյություն չունի, մշակված չէ ամբողջ մեխանիզմը», - նշեց Արմեն Համբարձումյանը:

Համաժողովին ներկա էին նաև օտարերկրյա այնպիսի ընկերություններ, որոնք զբաղվում են նորարարական էներգետիկ սարքավորումների մատակարարմամբ: Դրանցից մեկը ֆրանսիական «Schneider Electric» կորպորացիանն է: Այն ներկայացուցչություն ունի 100-ից ավելի երկրներում՝ ավելի քան 180.000 աշխատակցով: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ավետիք Կալանթարյանը նշեց, որ ընկերությունը Հայաստանում հիմնել է ներկայացուցչություն և մտադիր է ակտիվորեն մասնակցել Հայաստանի էներգետիկ ոլորտում տեղի ունեցող ենթակառուցվածքների կառուցման, ստեղծման աշխատանքներին՝ մատակարարելով իր նորարարական էներգետիկ սարքավորումները:
«Ընկերությունը հետաքրրքրություն ունի ներկայացնել իր նորարարական արտադրանքը, մասնակցել մրցույթներին, ծրագրերին, համագործակցել ԲՈՒՀ-երի հետ՝ լաբարատորիաներ ստեղծելով առաջարկել մեր գիտելիքները և փորձը», - ասաց Ավետիք Կալանթարյանը:

Ֆոտովոլտային պանելներ արտադրող չինական «Jinko Solar» ընկերության ներկայացուցիչ Արդա Քրիստափորյանը նշեց, որ եկել է մասնակցելու համաժողովին՝ ծանոթանալու համար Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի, պայմաններին, հեռանկարներին, ներդրումային հնարավորություններին, որից հետո ընկերությունը կորոշի՝ մասնակցել մրցույթներին, թե՝ ոչ:

![]() |
|
Հունվար 26, 2017 at 16:12

