

ԷկոԼուր
Հարավային Կովկասի երկրներում իրականացվող էներգետիկ նախագծերում մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ ԷկոԼուրը զրուցել է «Բենկվոչ» ՀԿ-ների ցանցի Կենտրոնական եւ Արևելյան Եվրոպայի (CEE Bankwatch Network) տարածաշրջանային համակարգող, «Կանաչ այլընտրանք» բնապահպանական կազմակերպության նախագահ Մանանա Կոչլադզեի հետ: Հարցազրույցը անցկացվել է «Հարավ-Կովկասյան կավճե շրջան» կոնֆերանսի շրջանակներում՝ Թբիլիսիում:
«Մեր տարածաշրջանում մեծ ներդրումներ են ուղղվում էներգետիկ ոլորտում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերի համար: Հաճախ դրանց նախագծումն ու իրականացումը կատարվում է ցածր մակարդակի վրա, որի արդյունքում տուժում են մարդիկ: Օրինակ բերեմ Հայաստանից՝ «Արգիչի» փոքր ՀԷԿ-ը, որտեղ մի քանի անգամ եղել են վթարներ, արդյունքում տուժել են մարդկանց հողատարածքները: Օրինակ Վրաստանից՝ համայնքներում էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի անցկացման նախագիծը, որտեղ ուղղակիորեն խախտվում են մարդկանց իրավունքները՝ կապված հողերի սեփականության հետ: Վրաստանի կառավարությունը իր վրա է գրանցում համայնքային հողերը, կամ այն հողերը, որոնք դեռ գրանցված չեն, այնուհետև վաճառում է ընկերություններին սիմվոլիկ գնի դիմաց: Դրա օրինակն է «Խուդոնի ՀԷԿ»-ը, երբ ներդրողներին նվիրեցին մի ամբողջ գյուղ, որտեղ կառուցված են տներ, ապրում են մարդիկ, արածեցնում են անասուններին: Սա մարդու իրավունքների ուղղակի խախտում է: Մարդիկ ժառանգել են այդ հողը, և չնայած նրան, որ այն գրանցված չէր ռեգիստրում, պետությունը չպետք է հենց այնպես վերցներ ու այդ հողը նվիրեր ներդրումային ընկերությանը: Ամբողջ աշխարհում նման երևույթը անվանում են «հողերի զավթում», որը բավականին լայնորեն կիրառվում է տարբեր կորպորացիաների կողմից, հատկապես Հարավարևելյան Ասիայում», - մեկնաբանեց Մանանա Կոչլադզեն:
Նա ընդգծեց նաև գնագոյացման վրա էներգետիկ նախագծերի ազդեցության խնդիրը:
«Գնագոյացման մեթոդոլոգիան թափանցիկ չէ: Տարբեր նախագծերի համար նախարարությունները կազմում են տարբեր պայմանագրեր: Ոչ ոք չգիտի՝ ինչպե՞ս է այդ գինը գոյացել, բայց մենք պետք է վստահ լինենք, որ դա արդար գին է, և որ ոչ ոք չի հարստանում մեր հաշվին: Հարավային Կովկասի երեք երկրներում սակագները սահմանվում են առանց խորհրդատվության և առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու: Դա սխալ է: Ո՞վ է ասել, որ մարդկանց պետք է էլեկտրաէներգիա ամեն գնով: Ոչ, մարդկանց պետք է էլեկտրաէներգիա և արդար գին: Իսկ մեզ մոտ դիտվում է «էներգետիկ աղքատության» երևույթ, երբ մարդիկ իրենց ընտանիքների հոգսերը հոգալու փոխարեն վճարում են թանկ էլեկտրաէներգիայի դիմաց: Այս խնդիրը չէր լինի, եթե երեք երկրները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ունենային դեմոկրատական կառուցվածք և լավ զարգացած օրենսդրություն, որը կպաշտպաներ թե մարդկանց, թե բնությունը», - ասաց Մանանա Կոչլադզեն:
Ի պատասխան հարցի՝ ի՞նչ մեխանիզմներ կարող են օգտագործել քաղաքացիները իրենց իրավունքների պաշտպանության համար, նա նշեց. «Կարելի է դիմել դատարաններ, կարելի է օգտագործել Օմբուդսմենի մեխանիզմը, կամ ներկայացնել խնդիրը այն երկրի կառավարությանը, որտեղ աշխատում է տվյալ ընկերությունը, եթե այն արտասահմանյան է: Սակայն, ամենակարևոր մեխանիզմն այն է, որ մարդիկ իրենք դուրս գան և պաշտպանեն իրենց իրավունքները, իսկ քաղաքացիական հասարակության դերը նրանց աջակցելն է»:
![]() |
|
Մարտ 03, 2017 at 15:22

