

ԷկոԼուր
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի էներգետիկ համակարգում KfW բանկի ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են հողմային և արևային էներգետիկայի ոլորտներում համագործակցության ծրագրերի իրականացմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքից:
Քննարկվել է նաև KfW գերմանական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրը: Նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ հայտարարված միջազգային մրցույթի արդյունքների հիման վրա այս պահին ընթանում է կապալառուների ընտրության գործընթացը։ Նախարարը հույս է հայտնել, որ նախատեսված ժամկետում հնարավոր կլինի կապալառուների ընտրության վերաբերյալ գալ վերջնական եզրակացության, ինչը թույլ կտա տարեվերջին մեկնարկել գծի կառուցման աշխատանքները։
Ապրիլ 07, 2017 at 14:46
