

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծով առաջարկվում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը` շրջակա միջավայրի վրա ազդեցությունից ելնելով: Այդ գետերն են Գավառագետ, Ծակքար, Լիճք, Կարճաղբյուր (Մաքենիս), Մասրիկ, Վարդենիս, Արգիճի, Մարտունի, Ձկնագետ, Հրազդան, Աղստև, Ախուրյան, Որոտան, Արփա, Ձորագետ, Եղեգիս, Ազատ, Մարց, Գոշ, Մեղրիգետ գետերը և Ողջի գետի Կապուտջուղ և Քաջարանց վտակները: Բացառություն են արդեն ջրօգտագործման թուլյտվություն ստացած փոքր ՀԷԿ-երը:
Գետերը ընտրված են հետևյալ չափորոշիչներով.
• գետեր, որոնք հանդիսանում են էնդեմիկ՝ Հայաստանի Հանրապետության տարածքին բնորոշ, ձկնատեսակների ձվադրավայրեր կամ որոնց ջրհավաք ավազանում կան Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներ,
• գետեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40% և ավելի է
• գետահատվածներ, որոնց փաստացի ջրային հոսքը չի գերազանցում էկոլոգիական թողքի մեծությունը
• ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիներ, որոնց չափորոշիչները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 20-ի N 64 որոշման հավելվածի 3-րդ կետով
• գետերի հոսքի ձևավորման տարածքներ, որոնց չափորոշիչները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 20-ի N 64 որոշման հավելվածի 4-րդ կետի բ) և գ) ենթակետերով
• բնության հուշարձանների 150մ շառավղով հարակից տարածքներ:
Վերոնշյալ գետերի վրա ջրօգտագործման թույլտվություն ունեցող ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների երկարաձգումն արգելվելու է:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Մայիս 23, 2017 at 18:03
