

ԷկոԼուր
Բնապահպանական փորձաքննություն է անցնում «ԳրինՓաուր» ՍՊԸ-ի «Մեղրի 2» փոքր ՀԷԿ-ի կառուցման հայտը: Ընկերությունը ՓՀԷԿ-ը նախատեսում է կառուցել Սյունիքի մարզում՝ Մեղրի գետի վրա: «ԳրինՓաուր»-ը Մեղրի գետի վրա արդեն իսկ շահագործում է «Մեղրի 1» ՓՀԷԿ-ը, ինչպես նաև բնապահպանական դրական փորձաքննություն է ստացել Մեղրիի վտակ Տաշտուն գետի վրա «Չքնաղ» ՓՀԷԿ-ի կառուցման համար:
Նշենք, որ Մեղրիի գետերի պոտենցիալն օգտագործելով փոքր հիդրոկասկադ կառուցելու համար «ԳրինՓաուր» ՍՊԸ-ն այս գարնանը արտոնություն ստացավ ՀՀ կառավարությունից. 3 տարով հետաձգվեց ընկերությանկողմիցներմուծվողապրանքներիավելացվածարժեքիհարկիվճարմանժամկետը:
«Մեղրի 2» ՓՀԷԿ-ը Մեղրի գետից կվերցնի մինչև 4.1 խմ/վ ջուր` գետում ապահովելով 0.11 խմ/վ բնապահպանական թողք: Նախատեսվում է տարեկան արտադրել 8.73 մլն Կվտ/ժ էլեկտրաէներգիա:
Որպես բնապահպանական ռիսկ հայտում նշվում է.
- ջրառի պատճառով պատվարի գետահատվածից մինչև ՀԷԿ-ի շենքի գետահատվածը կդիտվի ջրի ելքերի նվազում և դրա պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտում
- գետի ողողահունի խոնավացման ռեժիմի վատացում և հետագա անապատացման վտանգի առաջացում
- Տեղական ձկների բնական սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխում:
Ըստ «ԳրինՓաուր»-ի ներկայացրած հայտի՝ ՓՀԷԿ-ի կառուցվածքների զբաղեցնող տարածքները չեն մտնում «Արևիկ» ազգային պարկի, «Բողաքար»-ի արգելավայրի, «Շիկահող»-ի արգելոցի տարածքների մեջ: ՓՀԷԿ-ի կառուցվածքների տարածքում չկան կարմիրգրքյան բուսատեսակներ և կենդանատեսակներ:
«Մեղրի 2» ՓՀԷԿ-ի շահագործումից ստացած շահույթը նախատեսվում է ներդնել նոր ՓՀԷԿ-երի կամ նոր արտադրա-արդյունաբերական հզորությունների կառուցման համար:
Մեղրի գետի վրա շահագործվում են «Քյու-Հաշ» ՍՊԸ-ի «Մեղրի», «ՍԱՐ-ՌՈՒԲ» ՍՊԸ-ի «Նժդեհ», «Գրին Փաուր»-ի «Մեղրի 1» ՓՀԷԿ-երը, որոնք խողովակի մեջ են վերցրել Մեղրի գետի 11.18%-ը: «Մեղրի 2»-ի կառուցման դեպքում այդ ցուցանիշը կհասնի 16.48 %-ի:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Հուլիս 11, 2017 at 16:22
