ԷկոԼուր
«Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել բնապահպանական փորձաքննության Սյունիքում` Գեղի գետի վրա Աստղաբերդ» փոքր ՀԷԿ կառուցելու համար:
30 կմ երկարություն ունեցող Գեղի գետի վրա արդեն գործում է «Գեղի 2» ՓՀԷԿ-ը: Եթե «Գեղի 2» ՓՀԷԿ-ը գետից պաշտոնական տվյալներով վերցնում է վայրկյանում 4.5 խմ ջուր և գետում պետք է ապահովի 0.660 խմ/վրկ ջուր, ապա նախատեսվում է, որ «Աստղաբերդ» ՓՀԷԿ-ը գետից վայրկյանում վերցնելու է 6.5խմ ջուր` ապահովելով 0.55 խմ/վրկ բնապահպանական թողք: Երկու ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում 30 կմ երկարությամբ Գեղի գետը խիստ սակավաջուր կդառնա գումարային 8 կմ տարածքում, ինչն էլ կհանգեցնի գետի հիդրավլիկական, ջերմային, նստվածքաբերման, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտման: Կվատթարանան տեղական ձկների բնակեցման, սնման, ձվադրման և բազմացման պայմաններ: «Գեղի 2» ՓՀԷԿ-ն ընդհանրապես ձկնանցարան չունի, ինչը նախատեսված է եղել ՓՀԷԿ-ի կառուցման հայտով: «Աստղաբերդ» ՓՀԷԿ-ի համար նախատեսվում է կառուցել ձկնանցարան:
Գեղի գետում կարող են հանդիպել կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, կողակը, ինչպես նաև անգորական լերկաձուկը, Կուրի սպիտակաձուկը, կովկասյան թեփուղը և այլ ձկնատեսակներ: Հնարավոր է, որ այստեղ հանդիպի նաև ծիածանախայտը և արծաթափայլ կարասը:
Լուսանկարում Գեղի գետն է «Գեղի 2» ՓՀԷԿ-ի ջրառից հետո:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Սեպտեմբեր 12, 2017 at 18:34