

ԷկոԼուր
Ամփոփվել են Հայաստանի էներգաարդյունավետության ներուժի բացահայտմանը նվիրված բարձրաստիճան համաժողովի արդյունքները: Համաժողովն անցկացվել է Երևանում` նոյեմբերի 7-8-ը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից` «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի համագործակցությամբ: Հայտնի է, որ Եվրոմիությունն աջակցում է այն ծրագրերին, որոնք ուղղված են Արևելյան գործընկերության երկրների էներգետիկ կախվածության նվազեցմանը` էներգիայի սպառման ոլորտի արդյունավետ կառավարման շնորհիվ:
Համաժողովի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում, չնայած նրան, որ էներգաարդյունավետությունը ճանաչվել է որպես առաջնահերթություն, կան խոչնդոտներ այդ քաղաքականության իրագործման համար:
Կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա: Այսպես, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքում նշված է, որ էներգախնայողության, շինարարության և բնակարանային տնտեսության ոլորտներում կան իրավական և օրենսդրական խնդիրներ: Այնուհետև նշված է, որ չկան մասնագիտացված ֆինանսական գործիքներ խառը եկամուտ ունեցող բազմաբնակարանային շենքերի կարիքների սպասարկման և թույլ սպասարկվող հասարակական շենքերի համար: Գյուղերի խնդիրը ժամանակակից էներգետիկ ծառայությունների մատչելիության բացակայությունն է: Նշվեց այս ոլորտում խթանիչների և դրամաշնորհների նպատակային օգնության պակասի մասին: Չկա բավարար տեխնիկական և ինստիտուցիոնալ ներուժ նախագծերի մշակման և իրականացման, ներդրումների, գնումների ադեկվատ գործընթացների համար և այլն:
Գործնականում սա նշանակում է, որ թեպետ Հայաստանի կառավարությունը հայտարարում է էներգաարդյունավետության ոլորտում ջանքերի և առաջնահերթությունների մասին, Եվրոմիությունը ֆինանսավորում կտրամադրի որոշակի գործողությունների կատարման դեպքում: Այստեղ առանցքային են հանդիսանում արդեն ընդունված օրենսդրության կատարումը, ներառյալ չափորոշիչների կատարումը, շենքերի էներգետիկ արդյունավետության գնահատումը, մոնիթորինգը և ստուգումները: Հաջորդը, ներդրումները պետք է նպաստեն պետական սեկտորի դերին` որպես էներգաարդյունավետության շուկայի զարգացման առանցքային ներդրողի: Հատուկ ուշադրություն կդարձվի բազմաբնակարանային շենքերին: Ինչ վերաբերում է գյուղական վայրերին, այդտեղ հարկավոր է ապահովել էներգաարդյունավետության ոլորտում ժամանակակից էներգետիկ ծառայությունների և լուծումների մատչելիություն:
Դեկտեմբեր 15, 2017 at 19:39
