Փոքր ՀԷԿ-երի ծրագրի երկրորդ փուլի արդյունքները ներկայացվեցին ՀՀ բնապահպանության նախարարությանը

Փոքր ՀԷԿ-երի ծրագրի երկրորդ փուլի արդյունքները ներկայացվեցին ՀՀ բնապահպանության նախարարությանը

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 20-ին «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խումբը հանդիպեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի հետ: Հանդիպմանը նպատակն էր քննարկել ծրագրի առաջին փուլի արդյունքները և նախանշել հաջորդ փուլի անելիքները:

«Սա մեզ համար մի կարևոր գործընթացի բաղադրիչ է, որն արվում է պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությամբ: «ԷկոԼուր»-ն անցյալ տարի հաջողությամբ ավարտեց փոքր ՀԷԿ-երի մոնիթորինգի ծրագիրը: Այս ծրագիրը նախորդի տրամաբանական շարունակությունն է: Նախարարությունը, բարձր գնահատելով ծրագրի արդյունքներն ու արդյունավետությունը, իր հավանությունը տվեց, որպեսզի ծրագիրն ունենա շարունակություն», - բացման խոսքում նշեց նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրին, որ աջակցել է այս ծրագրի իրականացմանը, բնապահպանության նախարարությանը աջակցության համար, ծրագրի փորձագետներին` բարձր մակարդակով կատարված աշխատանքի համար», - ասաց ծրագրի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
2017 թ-ին փորձագիտական խումբն այցելել է 36 փոքր ՀԷԿ: Հայտնաբերված խնդիրները և արդյունքները ներկայացրեց «ԷկոԼուր»-ի փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը: Նա նշեց, որ մշակվել և ՀՀ կառավարության www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության 3 որոշումների նախագիծ և 2 օրինագիծ, որոնցում հաշվի են առնված փորձագիտական խմբի առաջարկությունները:

«Առաջարկություններ են ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարություն բնապահպանական թողքի հաշվարկման համար մշակված ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար ՓՀԷԿ-երի ստուգաթերթ: Մշակվել է ՓՀԷԿ-երի էկոանձնագրի նմուշ` որպես ՀՀ կառավարության համապատասխան որոշման հավելված», - ներկայացրեց Վիկտորյա Բուռնազյանը:
Նա նաև նշեց փոքր ՀԷԿ-երի մոնիթորինգի ժամանակ հայտնաբերված նոր խնդիրները: Փորձագիտական խումբը հայտնաբերել է այնպիսի ՓՀԷԿ-եր, որոնք չեն անցել բնապահպանական փորձաքննություն, որովհետև նրանց հզորությունը մինչև 1 Մվտ է, բայց նրանց կառուցվածքները, գետերի հունը փակող պատվարները զգալի ազդեցություն են գործում գետային էկոհամակարգի վրա: Հայտնաբերվել են այնպիսի ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են ջրհոսքերի ձևավորման գոտում, ինչը հակասում է օրենսդրությանը: Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ չլուծված են մնում բնապահպանական թողքի, ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգի, ջրաչափիչ սարքավորումների բացակայության, ձկնանցարանների, ձկնաշխարհի կորստի, սխալ ջրատնտեսական հաշվարկների, անարդյունավետ սարքավորումների, գետի էկոլոգիական և սանիտարական վատ վիճակի հետ կապված խնդիրները, որոնք հայտնաբերվել էին նաև ծրագրի առաջին փուլի ընթացքում: Նաև նշվեցին այն ՓՀԷԿ-երը, որոնք փորձագետների կողմից բարեփոխման առաջարկություն չեն ստացել:

Ընդհանուր առմամբ, ծրագրի առաջին և երկրորդ փուլերում մոնիթորինգ է իրականացվել 123 փոքր ՀԷԿ-երում:

Հիմնական դիտողությունները վերաբերում էին ՓՀԷԿ-երի նախագծման և կառուցման փուլերին:
«Կարծում եմ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է ոչ միայն ՇՄԱԳ իրականացնի, այլ նաև լինի տարբեր կառույցների այն ցանկում, որոնք ընդունում են շահագործման: Ընդունման ակտում պետք է ներկա լինենք», - ասաց Խաչիկ Հակոբյանը:
Այս առաջարկությության հետ համակարծիք էր ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը. «Երբ ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվում, ստորագրվում է համապատասխան գերատեսչություների կողմից: Առաջարկում եմ ներկայացնել, որ քաղաքաշինության նախարարության հանձնաժողովի կազմում անպայման լինի բնապահպանության նախարարության կամ փորձաքննության, կամ տեսչական մարմնի ստորագրությունը»:

Փորձագետ Հերիքնազ Մկրտչյանը նշեց, որ հարկավոր է օրենսդրական փոփոխություն իրականացնել, որպեսզի յուրաքանչյուր գետի, վտակի համար լինի բնութագիր: Փորձագետն առաջարկեց սակավաջուր գետերի համար ավելացնել բնապահպանական թողքի չափաքանակը:
Փորձագետ ձկնաբան Սամվել Պիպոյանն ասաց, որ ՓՀԷԿ-երի մեծ մասն ապահովված չէ ձկնանցարաններով, որոնք կարող են ապահովել ձկների բնական միգրացիան: Ըստ ձկնաբանի՝ ձկների բնական տեղաշարժը պետք է ապահովվի բնական հոսքով:

Խաչիկ Հակոբյանն իր հերթին առաջարկություն արեց, որ բոլոր ՓՀԷԿ-երը պետք է ունենան ազդարարման համակարգ, որպեսզի ջրահոսքերի էական փոփոխությունների դեպքում բնակչությանը ծանուցեն:

«Պետք է մտածել ծրագրի շարունակականության տեսանկյունից: Շատ կարևոր է նախարարության համար ունենալ այսպիսի ռեսուրս, որին կարող է միշտ դիմել: Պետք է տեսնել` ինչ հնարավորություններ կան, քանի դեռ խնդիրը չենք լուծել», - նշեց Խաչիկ Հակոբյանը:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Դեկտեմբեր 25, 2017 at 17:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր