«Աղստև 1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

«Աղստև 1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը այցելեց «Աղստև 1» փոքր ՀԷԿ: «Աղստև 1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի  վարչական տարածքում, կառուցված է անդրսահմանային Աղստև գետի վրա (գետի երկարությունը՝ 133 կմ: Հայաստանի տարածքում գետի երկարությունը 99 կմ է: Այն թափվում է Քուռի մեջ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ԷլԷնԷքս» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2010թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ջրառի վայրը «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասում  է` Ֆիոլետովո համայնքից մեկ կմ ներքև, Աղստև գետի հոսանքի ուղղությամբ:
  • Ձկնանցարանը կառուցված է կիսալաբիրինթոսային մոդելի հիման վրա: Նման կառուցվածքը բավարար է գետում բնակվող խոշոր և միջին չափերի ձկների տեղաշարժի համար, սակայն որոշ դժվարություններ կարող է հարուցել մանր ձկնատեսակների բնականոն կենսագործունեության համար:
  • Կա ձկնապաշտպան ցանց, որի մաքրումը կատարվում է ավտոմատացված կերպով, իսկ կուտակված աղբն անմիջականորեն լցվում է գետի չոր հուն, որտեղից վարարումների ժամանակ կարող է ջուրը քշել գետ:
  • Դիտարկման պահին գետի նախկին հունը ջրառից հետո գրեթե ամբողջությամբ չորացած էր, իսկ ձկնացարանով հոսող ջուրը բավարար ծավալներ չէր կարող ապահովել գետի ստորին հոսանքից դեպի վեր ձվադրման բարձացող ձկնատեսակների համար եւ գետային էկոհամակարգի պահպանման համար:
  • Տեսողական զննումով բնապահպանական ելքը ձկնուղում  2-3 անգամ պակաս էր նախատեսվածից:
  • Աղստև գետի այս տեղամասում հանդիպում են հետևյալ հիմնական ձկնատեսակները՝ կարմրախայտ Salmo fario, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii, Սևանի կողակ Capoeta sevangi  /գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/:
  • ՓՀԷԿ-ի համար բնապահպանական թողքը ՓՀԷԿ-ի կառուցման նախագծով սահմանված է 0.14խմ/վ, իսկ Ջրօգտագործման թույլտվությամբ` 0.28 խմ/վ:
  • Ջրօգտագործման թույլտվություն ՓՀԷԿ-ը ներկայացրել է երկարացման:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` 2014թ-ին ՓՀԷԿ-ը աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 7919708 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի շենքում  տեղադրված են երկու չինական  արտադրության   ագրեգատներ: 2-ն էլ աշխատում էին:
  • Կայանային հանգույցում գործում է ավտոմատ կառավարման համակարգ:
  • Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգը բացակայում է:
  • Ցանկապատված է տրանսֆորմատորային ենթակայանը:
  • 2 տրանսֆորմատորները կահավորված են յուղորսիչ համակարգով:
  • Ջրառի կետում ջրաչափական դիտակետ չկա, ինչի համար ՓՀԷԿ-ը 2015թ-ին բնապահպանական տեսչության կողմից տուգանվել է 200 հազար դրամի չափով:
  •  Կայանային հանգույցի տարածքում ՓՀԷԿ-ին ներկայացվող պահանջներին և նախագծային լուծումներին համապատասխան իրականացվել է կառուցապատման,  բարեկարգման և բավարար կանաչապատման միջոցառումներ: Տնկվել են պտղատու և սոճազգի ծառատեսակներ:
  • Ըստ նախագծի` կենցաղային կեղտաջրերի հեռացումը պետք է իրականացվեր մաքրման կայանի  միջոցով, իրականում  կառուցվել է անջրթափանց հոր:
  • Ըստ ընկերության` դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 5750 մ է, իսկ ըստ նախագծի` 5428մ: Խողովակաշարն անցնում է «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասով:
  • Ըստ ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի`պետք է հատվեր  270 ծառ և 1130 մանր թփուտ: Սակայն ընկերության տնօրենի պնդմամբ ծառահատում չի կատարվել:
  • Նախագծով նախատեսված է 400 ծառի և 1200 թփի տնկում: Ըստ ընկերության` տնկվել է մոտ 20 ծառ:
  • Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները կատարված են:
  • Լանդշաֆտի խախտում, սողանքային երեւույթներ չկան:
  • Ազատ ջրօգտագործման պահանջները կատարվում են:

Առաջարկություններ`

  • Ջրառում տեղադրել ջրաչափական սարք եւ ջրառի ավտոմատ կառավարման համակարգ:
  • Ճշտել ՓՀԷԿ-ի համար օգտագործվող ջրաքանակը և սահմանված բնապահպանական ելքի չափաքանակը և անհրաժեշտության դեպքում վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները:
  • Ձեռնարկել միջոցառումներ աղբի հեռացման համար:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



13:28 Օգոստոս 07, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news