

ԷկոԼուր
ԷկոԼուրը «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ներկայացնում է ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչների կարծիքները ՓՀԷԿ-երի գործունեության վերաբեյալ:
Ներկայացնում ենք ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող Գեղարքունիքի մարզի Այգուտ և Մարտունի համայնքների բնակիչների կարծիքները:
Մարտունի համայնքի բնակչուհի.
-Ես փախել եմ քաղաքակրթությունից, եկել եմ, որ այս բնությունը վայելեմ, այսօր հնարավոր չէ, այս բնությունը ես չեմ կարողանում վայելել: Իմ երեխան գալիս է, որ հանգստանա, բայց հանգստանալու տեղ չունի, որովհետև գարշահոտություն է: 15-20 գյուղի կանալիզացիաներ լրիվ գետի մեջ են մտնում: ՀԷԿ-ը ամբարներ է դրել, և ջուրը հավաքվում է ջրամբարում, որտեղ նեխման պրոցես է գնում, լրիվ գարշահոտություն է դառնում: Նրանք պարբերաբար բաց են թողնում, որ մաքրվի, իրենց էլ է վնաս, այդ բաց գցելու ժամանակ չես կարող այս տարածքով անցնել, ապրել, նստել, վայել… ո՞ւր փախնենք: Գետամերձ բնակիչներն են դժգոհ, մարդու ընտանի կենդանին անցնում է, միանգամից բաց են թողնում ամբարված ջուրը, հեղեղ է առաջանում, քշում, տանում է:
ԷկոԼուր.
-Մեզ ասել են, որ պանրի գործարանն է գարշահոտության պատճառը:
Մարտունի համայնքի բնակչուհի.
-Պանրի գործարանը 50-60 տարի գործել է այդտեղ, մենք այդ խնդիրը չենք ունեցել:
ԷկոԼուր.
-Սոցիալական ծրագրեր իրականացվո՞ւմ են փոքր ՀԷԿ-երի կողմից եւ ինչ խոստումներ են ձեզ տվել:
Մարտունի համայնքի բնակչուհի.
- Ի՞նչ սոցիալական ծրագրեր, իրենց տոպրակները, որ օգտագործել են դեռևս շինարարության ժամանակ, մինչև հիմա այդ տոպրակները թափված են ճանապարհների կողքերը, ի՞նչ սոցիալական ծրագիր, չհաշված այս էլեկտրաէներգիայի որակը: Միշտ տատանումներ է տալիս: …Այսօր բիզնեսը կարող է գա, շատ գեղեցիկ խոսքեր ասի, այն ժամանակ ժողովուրդն էլ միամիտ էր, չգիտակցեցին ինչ է… Գյուղին ինչ է տալիս, սիմվոլիկ 3000-5000 դրամ տարեկան հողի վարձակալության համար, մի քանի էլեկտրական սարքեր, սալիկներ տվեցին դպրոցին և այս ժողովրդի աչքը կապեցին, մի 4-5 հոգի էլ աշխատում են:
ԷկոԼուր.
- Ձեր կյանքը փոքր ՀԷԿ-ի կառուցումից հետո բարելավվե՞ց:
Այգուտ համայնքի բնակչուհի
- Ոչ մի բան էլ չբարելավվեց, տվավ լվացքիս մեքենան փչացրավ, կալոնկեն վառվեց, հեռուստացույցը վառվեց, կոմպյուտերը վառվեց:
ԷկոԼուր
ՓՀԷԿ-ը ձեր ոռոգման ջրին խանգարո՞ւմ է:
Մարտունի համայնքի բնակչուհի.
-Գետի սանիտարական վիճակին է խանգարում, որպես ոռոգում մենք չենք օգտագործում: Այստեղ լեռնային գոտի է, այստեղ ջրելու այդքան խնդիր չկա, այստեղ մնում է օդի աղտոտվածությունը և ջուրը:
ԷկոԼուր
-Ձուկ կա՞ գետում:
Մարտունի համայնքի բնակչուհի.
-Առաջ կողակ, բեղլու, կարպ կար, հիմա չկա:
ԷկոԼուր
-Սողանքներ կա՞ն այս տարածքում:
Մարտունի համայնքի բնակչուհի.
- Իհարկե կան, ամբողջ ջուրը ուղղել են գետնի տակ, էսպես թե էնպես երկրաբանական փոփոխություններ կլինեն, նա թուլացրեց այս կողմի վրա ազդեցությունը, որ պիտի պահեր ջուրը, արդեն ցամաքում է, ջուր չկա: Երբ ձյուն եկավ, ձյան ծանրությունից անտառից մի հսկա ծառ տապալվեց գետնին, էնքանա թուլացել հողը, չի էլ պահում:
Հունիս 05, 2015 at 14:19


