ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ: «ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ձորագետավան եւ Արեւածագ համայնքների վարչական տարածքում: Այն շահագործում է «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը կառուցված է Ձորագետ գետի վրա (երկարությունը՝ 67 կմ):
«ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ը շահագործվում է 1932 թվականից: ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային լուծումների մասին և ջրատնտեսական հաշվարկների մասին տեղեկատվությունը բացակայում է, քանի որ այն կառուցվել է մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Այն բնապահպանական փորձաքննական եզրակացություն չունի: Կառուցվածքների և հիդրոէներգետիկ ցուցանիշների մասին ներկայացավող տեղեկատվությունը ընկերության կողմից ներկայացված տվյալների եւ տեսողական զննումների հիման վրա է:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- Հիդրոէլեկտրակայանի առաջին ագրեգատը շահագործվել է 1931թ-ին, իսկ կայանն ամբողջությամբ (3 միատեսակ ագրեգատներով) շահագործման է հանձնվել 1932թ-ին և գործում է մինչ օրս: ՀԷԿ-ը մասնավորեցվել է 2010 թ-ին: Այն ստացել է «Փոքր ՀԷԿ»-ի կարգավիճակ 2011թ-ին:
- Կառուցման ժամանակ չեն կարևորվել բնապահպանական խնդիրները /ձկնանցարան, ձվադրման նպատակով ձկների անարգել տեղաշարժ դեպի գետի վերին հոսանքներ, բնապահպանական ելքի ապահովում/ և ՀԷԿ-ի գլխամասային հատվածում բնապահպանական թողքի ու ձկնանցարանի առկայության ինժեներատեխնիկական լուծումները բացակայում են:
- ՓՀԷԿ-ի ջրընդունիչ հանգույցում, որպես պատվար, հանդես է գալիս գլանաձև պտտվող փականը, որն ունի 23մ երկարություն:
- Փականի միջոցով կարգավորվում է ՀԷԿ-ի` 28.8 խմ/վ առավելագուն պահանջը գերազանցող ջրի հոսքը:
- Գլխամասային հանգույցից ջուրն ուղղվում է 2450 կմ երկարությամբ թունել, որն ըստ էության ճնշումային խողովակի դեր է տանում:
- Ձորագետ գետի վրա կառուցված «Կաթնառատ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 3450մ), «Ձորագետ 5» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 1850մ), «Ձորագետ 6» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 2360մ) եւ «ՁորաՀԷԿ» (դերիվացիայի երկարությունը 2450մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (10110մ) տոկոսային հարաբերությունը Ձորագետ գետի երկարության հետ կազմում է 15.08%:
- Ջրօգտագործման թույլտվության համաձայն` ՓՀԷԿ-ը ջրառ է իրականացնում 12 ամիս` տարեկան օգտագործելով 637.0 միլիոն խմ ջուր: Սակայն բնապահպանական թողքի չափաքանակ Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված չէ:
- Ըստ «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ի տվյալների` բնապահպանական թողքը սահմանվել է 1խմ/վ է, սակայն դիտարկման պահին գետ բաց թողնված ջրի քանակը մոտ 0,3-0,4 խմ/վրկ էր: Բնապահպանական թողքն անցնում էր չկանոնակարգված ձևով` փականի տակով և կողքերից:
- ՓՀԷԿ-ը միայն մայիս ամսին է ապահովում իր 26Մվտ դրվածքային հզորությունը` օգտագործվելով առավելագույն ջրաքանակ:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «ՁորաՀԷԿ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 69230604 կՎտ էլեկտրաէներգիա:
- Գլխամասում բացակայում են ձկնանցարանը և ձկնապաշտպան կառույցը: Քանի որ ջրընդունիչ հանգույցն ապահովված չէ ձկնթող կառուցվածքով, ուստի ՓՀԷԿ-ի գլանաձև պտտվող փականը լիովին կտրել է Դեբեդից դեպի Ձորագետ մտնող ձկների միգրացիոն ճանապարհը: Միաժամանակ, գետի վերին հոսանքներում բնակվող ձկները զրկված են Դեբեդ թափանցելու և իրենց գենոֆոնդը թարմացնելու հնարավորությունից, իսկ գետի հունը ՓՀԷԿ-ի գլխամասից ներքև համարյա ջրազրկված էր և ոչ պիտանի ձկների բնականոն կեսագործունեության համար:
- Դեբեդ գետում հանդիպում են հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ, արևելյան տառեխիկ, Կուրի բեղաձուկ, Սևանի կողակ /ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում/, Կուրի կողակ, արծաթափայլ կարաս, Կուրի սպիտակաձուկ, քառթակ, մուրծի, արծաթաձկնիկ, Կուրի լերկաձուկ, բրամ: Ձկնային տնտեսություններից հաճախ այստեղ են ներթափանցում ծիածանախայտը, երբեմն՝ կարպը: Վերոգրյալ ձկնատեսակներից շատերը հանդիպում են Ձորագետի և Փամբակի միախառնման տեղում և Ձորագետի հունով բարձրանում են դեպի հոսանքն ի վեր: Սակայն «ՁորաՀԷԿ»-ի պատվարից վերև ձկնային բազմազանությունը կտրուկ ընկած է, և այստեղ տեղաբնակ ձկնատեսակներից հիմնականում հանդիպում են՝ կարմրախայտը, արևելյան տառեխիկը, Կուրի բեղաձուկը, Սևանի կողակը (Գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում): Ձկնային կենսաբազմազանության նման սակավությունը պայմանավորված է «ՁորաՀԷԿ»-ի գլխամասի կառույցի առանձնահատկություններով, որոնց արդյունքում Դեբեդում բնակվող ձկնատեսակները, որոնց մեծ մասին բնորոշ են սեզոնային միգրացիաները, հատկապես բազմացման շրջանում, հնարավորություն չունեն բարձրանալ գետի հոսանքն ի վեր՝ բնակվելու և բազմանալու համար:
- Գլխամասում ձկնապաշտպան ցանցը բացակայում է: Առկա են միայն աղբորսիչ ճաղավանդակներ /որոնց ճեղքերի միջև հեռավորությունը 8 և ավելի սմ է/, որոնց ճեղքերի միջով Ձորագետում բնակվող գրեթե բոլոր ձկները կարող էին հայտնվել ճնշումային խողովակաշարում:
- Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և կանաչապատված է:
- Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված են երեք տրանսֆորմատորներ, որոնք կահավորված չեն յուղահավաք համակարգով:
- Տեղադրված 3 հիդրոագրեգատներից դիտարկման պահին աշխատում էր մեկը` 9000լ/վրկ ջրաքանակով: Հիդրոագրեգատները անցյալ դարի 30-ականների արտադրության են: Բոլոր չափող և գրանցող սարքերը նույնպես այդ տարիքի են: Հիդրոագրեգատներից մեկը անգլիական արտադրության է, իսկ երկուսը` Խարկովի և Սանկտ Պետերբուրգի արտադրության: Տուրբինները ֆրենսիս են, գեներատորները` սինքրոն:
- Կենցաղային կեղտաջրեը հեռացվում են անջրթափանց հոր:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
- Կայանում տեղադրված է էլեկտրական պաշտպանությունների վահանակ:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կառավարման համակարգ չկա:
- Օգտագործվող ջրի քանակը հաշվարկվում է խողովակների վրա տեղադրված ուլտրաձայնային չափող սարքերի միջոցով:
Առաջարկություններ
- Ջրընդունիչ հանգույցում վերակառուցել պատվարը` գետի հունով անհրաժեշտ քանակությամբ ջուր բաց թողնելու և ձկնթող կառուցվածքի ապահովման համար:
- Տեղադրել ձկնապաշտպան ցանց:
- Բնապահպանական թողքն ապահովել ավտոմատ կառավարման և չափիչ սարքերի տեղադրման միջոցով, տվյալներն առցանց փոխանցել լիազոր մամին։
- Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղահավաք համակարգեր:
- Ելնելով գետի հիդրոլոգիական բնութագրից` վերանայել ՓՀԷԿ-ի ջրատնտեսական հաշվարկները և սահմանել ՓՀԷԿ-ի համար ջրօգտագործման հստակ չափորոշիչներ` գետի բնական ելք, ՓՀԷԿ-ի համար օգտագործվող ելք` ըստ ամիսների, բնապահպանական ելք, ազատ ջրօգտագործում և այլն:
Առաջարկություն ՀՀ կառավարությանը
Վերանայել ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 8-ի «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» 1300–Ա որոշումը, որով ՓՀԷԿ-երի հզորության չափն ավելացել է 10-ից մինչեւ 30 Մվտ: Այս որոշման արդյունքում «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը դարձավ 25.401 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ 2010 թվականի 3,42 դրամ/կՎտժ-ի փոխարեն։ Խոսքը տարեկան միջին հաշվով մոտ 1,7 մրդ դրամ կամ մոտ 3,4 մլն ԱՄՆ դոլար ավել վճարելու մասին է։
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: |
Փետրվար 01, 2016 at 18:19