«Մարմաշեն» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Մարմաշեն» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մարմաշեն» փոքր ՀԷԿ: «Մարմաշեն» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ եւ Մարմաշեն համայնքների վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Ախուրյան գետի վրա (գետի երկարությունը՝ 186 կմ), հարակից է «Արփի լիճ» ազգային պարկին, 9-11 դարերում կառուցված «Մարմաշեն» վանքային համալիրին: ՓՀԷԿ-ը շահագործում է «Էլբիստ» ՍՊԸ -ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 18.8մ է, հաշվարկային ճնշումը` 16.9մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 16.0մ3/վ, դրվածքային հզորությունը  5300 կՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝  3.749871մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը նախագծում նշված չէ: Լիցենզիայի ժամկետը` 27.04.2011- 27.04.2026թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 01.07.2011-01.07.2014թթ..:
  • Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատները չեն համապատասխանում իրական կոորդինատներին։
  • Կառուցված գլխամասային հանգույցը չի համապատասխանում նախագծային լուծումներին: Ջրառի կետում կառուցված է մոտ 10-11 մետր բարձրությամբ պատվար՝ նախագծով ներկայացված 4,5 մետր բարձրության փոխարեն։ Պատվարի երկարությունը մոտ 40 մետր է նախագծով նախատեսված 11 մետր երկարության փոխարեն։ Արդյունքում առաջացել է արհեստական լիճ՝ մոտ 200 հազար խմ ծավալով։ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի պնդմամբ` ոռոգման սեզոնին Ախուրյան գետի գրեթե ողջ ջուրը վերցվում է Շիրակի ջրանցքի համար, և գետում չի մնում նույնիսկ իրենց համար ՋԹ-ով սահմանված ջրաքանակը:
  • ՋԹ-ի տվյալների համաձայն` ՓՀԷԿ-ը կարող է գետից ջուր վերցնել 12 ամիս` օգտագործելով տարեկան 220700.0 հազար խմ ջուր, ապահովելով  0.66 խմ/վ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Մարմաշեն» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 11 ամիս` արտադրելով` 2271804 կՎտ էլեկտրէներգիա:
  • Գլխամասում առկա է 28 աստիճաններից բաղկացած բետոնե ձկնանցարան: Ձկնանցարանի ներկայիս կառուցվածքը` հատկապես դրա ստորին հատվածը, որը մոտ 1 մ բարձր է գետի հունից, էական դժվարություններ է ստեղծում միջին և փոքր ձկնատեսակների բնականոն տեղաշարժը գետի հոսանքն ի վեր ապահովելու համար:
  • ՓՀԷԿ-ի գլխամասում բացակայում է նախագծով նախատեսված ձկնապաշտպան կառույցը: Առկա է աղբորսիչ, որի լայն ճաղավանդակների միջով գետում բնակվող ձկները կարող են մտնել ճնշումային խողովակատարի մեջ:
  • Ախուրյան գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, հանդիպում են հետևյալ ձկատեսակները՝ կարմրախայտ Salmo fario (պատահական է հանդիպում), սևահոն Acanthalburnus microlepis, կողակ Capoeta capoeta, Կուրի ենթաբերան Chondrostoma cyri, կովկասյան թեփուղ Squalius orientalis, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii, անգորական լերկաձուկ Oxynօemacheilus angorae, Կուրի լերկաձուկ Oxynօemacheilus brandtii, հաշամ Aspius aspius (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), Կուրի սպիտակաձուկ Alburnus filippii, ծածան Cyprinus carpio, ավազային ցլիկաձուկ Neogobius fluviatilis, ոսկեգույն ծական Sabanejewia aurata (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), արծաթափայլ կարաս Carassius  gibelio (կլիմայավարժված է), ամուրյան նրբաձկնիկ Pseudorasbora parva (կլիմայավարժված է): Առանձին դեպքերում հնարավոր է` հանդիպեն ձկնային տնտեսություններից այստեղ ներթափանցող ծիածանախայտը Parasalmo mykiss, սպիտակ Hypophthalmichthys molitrix և խայտաբղետ Aristichthys nobilis հաստաճակատները, սպիտակ ամուրը Ctenopharyngodon idella և որոշ այլ ձկնատեսակներ:
  • Տեղադրված է 2 խողովակ, որոնց տրամագիծը` 2,0 մետր է, երկարությունը` 587մ: Խողովակների չափսերը համապատասխանում է նախագծային տվյալներին, թաղված են հողի տակ:
  • Ախուրյան գետի վրա կառուցված «Մարմաշեն» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 587մ), «Փարոս»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 1740մ), «Ամասիա» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 806մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3133մ) տոկոսային հարաբերությունը Ախուրյան գետի երկարության հետ կազմում է1.68%:
  • Կայանում տեղադրված են որակյալ եվրոպական սարքավորումներ՝ ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգով։ Տուրբինը չեխական է` Crossflow տիպի, որը սկսում է աշխատել ջրի նույնիսկ 10 % ապահովության դեպքում։ Տեղադրված է 2 ագրեգատ։
  • Տրանսֆորմատորային կայանը ցանկապատված է: Տեղադրված է 2 տրանսֆորմատոր, որոնք կահավորված են յուղահավաք համակարգով։
  • Լանդշաֆտը խախտվել է, քանի որ  հսկա պատվարը ձևավորել է լճային մեծ հայելի:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք ջրառում չկա:
  • 2014թ-ին բնապահպանական տեսչությունը ստուգումներ է անցկացրել ՓՀԷԿ-ում, նշանակվել է 200 հազար դրամի վարչական տուգանք, շրջակա միջավայրին պատճառվել է 486 հազար դրամի վնաս:

Եզրակացություն

Կա շահերի բախում Ախուրյան գետի ջրօգտագործողների միջեւ: Չի վերահսկվում ոռոգման համար գետից վերցվող ջուրը եւ չի հաշվարկվում, թե ոռոգումից հետո որքան ջուր է մնում գետում՝ ՓՀԷԿ-ի աշխատելու եւ գետի էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար:

Այս ՓՀԷԿ-ը պետք է նախադեպ հանդիսանա, որ հարցը դիտարկվի ջրավազանային կառավարման շրջանակում: Ջրավազան ասելով` պետք է հասկանալ ոչ միայն Արփի լիճ ջրամբարից ներքև Ախուրյան գետն իր վտակներով  մինչև նախատեսվող Կապսի ջրամբարի տարածքը, այլ նաև Արփի լիճ ջրամբարն  իր ջրհավաք ավազանով:

Առաջարկություններ` 

  1. Իրականացնել ջրաբանական տվյալների հավաքագրում և մասնագիտական ուսումնասիրում` հաշվի առնելով ՓՀԷԿ-ի համար եւ ոռոգման համար իրականացվող ջրառը։
  2.  Միջոցներ ձեռնարկել ոռոգման համակարգը  վերահսկելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում վերանայել  ՓՀԷԿ-ի ՋԹ-ի պայմանները։
  3. Ջրառում տեղադրել բնապահպանական թողքի չափման համար նախատեսված համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ:
  4. Վերակառուցել գլխամասը` պատվարը, ձկնուղին:
  5. Տեղադրել ձկնապաշտպան կառույց:
  6. Պարզել, թե որքանով է թույլատրելի և անվտանգ ՓՀԷԿ-ի պատվարի շնորհիվ առաջացած արհեստական ջրամբարի գոյությունն ու շահագործումը:
  7. Հեռացնել տարածքից բոլոր չօգտագործվող ժամանակավոր շինություններն ու շինարարական տեխնիկան՝ ՓՀԷԿ-ից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող «Մարմաշեն» վանական համալիրի ընդհանուր գեղագիտական տեսքը չփչացնելու համար, ինչպես նաեւ համալիրի շինության կայունության ապահովման համար:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



14:01 Հոկտեմբեր 22, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news