

ԷկոԼուր
Կաթի մթերման գնի նվազումն Հայաստանում ծանր հետևանքներ ունեցավ գյուղացիների առանց այդ էլ վատ սոցիալական վիճակի վրա: Անասնապահության միջոցով իր ապրուստը վաստակող գյուղացին ստիպված եկամուտի այլ աղբյուրներ է փնտրում: «Փրկության» ճանապարհը տանում է դեպի Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, սակայն այստեղ ևս բախվում են հիասթափության:
«Գյուղից առաջ ոչ մեկը չէր գնում, աշխատանք շատ կար, անասնապահությունն էր, հիմա կաթի գինը դարձրեցին 100 դրամ, տղամարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, դատարկ գալիս են», - ԷկոԼուրի հետ զրույցում դժգոհեց Լոռու մարզի Կաթնառատ գյուղի բնակչուհին:
«Ընկեր գյուղնախարարն ասումա՝ դուք ձրի կաթ եք կթում, անասունն արածումա դաշտը, գալիսա տուն, կաթը տալիսա...Ընկեր գյուղնախարար, բա ձմեռն ո՞նց ենք պահում...ձմեռը կովին պահում ենք, բայց կաթ չենք կթում, ձմեռը կաթ չկա, ամառը պետքա կաթ լինի, էն էլ 100 դրամ...երկար կյանք լինի նախարարին, երկար ապրի, բայց գա էստեղ, ձմեռը կով պահի, խոտ հնձի, խոտը բերի տունը դնի ու նոր…մեր կովերը որ սոված մնան, փետերն էլ կուտեն», - բողոքեցին Կաթնառատի կանայք:
Նրանցից մեկը պատմեց. «Կաթ հանձնողին հարցնումա մեկը՝ կաթին ջո՞ւր ես խառնել, ասումա՝ չէ, ես հո խելառ չեմ` կաթին ջուր խառնեմ. կաթն արժի 100 դրամ, ջուրն արժի 200 դրամ»:
Այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Կաթնառատ գյուղին: Բոլոր այն գյուղերում, որտեղ անասնապահությամբ են զբաղվում, գյուղացիները բախվել են այս խնդրի հետ: Հետեւանքներից մեկը կարող է լինել կենդանիների սպանդը, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկումը եւ որպես արդյունք արտագաղթի եւս մեկ ալիք:
Համայնքի սոցիալական վիճակի մասին նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
![]() |
|
![]() |
Հոկտեմբեր 30, 2015 at 12:03


