

ԷկոԼուր
Վրացական «Co Investment» հիմնադրամը և «Փերի» ՍՊԸ-ն ցանկանում են Վրաստանի հյուսիս արևմուտքում՝ Ռիոնի գետի վրա կառուցել «Օնի ՀէԿ» կասկադը՝ 206 Մվ նախագծային հզորությամբ և 766.7 ԳՎտժ տարեկան արտադրողականությամբ: Այս նախագծով նախատեսվում է Ռիոնի գետից ջրառն իրականացնել ընդհանուր 22 կմ երկարությամբ երկու դերիվացիոն թունելների միջոցով: Նախագծի ՇՄԱԳ-ը դեռ չի ստացել թույլտվություն:
Ռիոնի գետն արևմտյան Վրաստանի հիմնական գետն է, որը սկիզբ է առնում Մեծ Կովկասի լեռնաշղթայի լանջերից՝ Ռաչայի շրջանում և թափվում է Սև ծով, իսկ գետաբերանը գտնվում է Վրաստանի Փոթի քաղաքում:
Րիոնի գետ
«Օնի ՀէԿ» կասկադի ծրագրի ազդակիր գյուղերի բնակիչները դեմ են «Օնի ՀԷԿ» կասկադի կառուցմանը: 2018թ. բնակիչները ավելի քան 5000 ստորագրություն են հավաքել ընդդեմ կասկադի:
ԷկոԼուրն վրացական «Green Alternative» (Կանաչ այլընտրանք) ՀԿ-ի իր գործընկերների հետ այցելեց այն գյուղեր, որոնք ազդեցություն կկրեն ՀԷԿ-ի կասկադի կառուցման դեպքում՝ պարզելու ընթացիկ իրավիճակը և բնակիչների դիրքորոշումը:
Վրաստանի Ռաչա շրջանի Գլոլա գյուղի եկամուտը գյուղատնտեսությունն է և տուրիզմը: Այստեղ բնակիչները դեմ են «Օնի ՀԷԿ» կասկադի կառուցմանը, քանի որ համոզված են, որ ՀԷԿ-ը կսահմանափակի տարածաշրջանում տուրիզմի զարգացումը՝ ներառյալ իրենց գյուղում: 
Գլոլա գյուղ
«Այստեղ ունենք պատմական հուշարձաններ, ամրոց, հին ժամանակների վանք, ունենք հանքային ջրեր, և չքնաղ բնություն: Տուրիզմն այստեղ զարգանալու է: Եթե «Օնի ՀէԿ» կասկադի նախագիծն իրականանա, Ռաչայի տարածաշրջանը կմահանա»,- ասացին Գլոլայի բնակիչները: Բնակիչները նաև նշեցին, որ «Օնի ՀէԿ» կասկադի նախագծի պատճառով ներդրողները մտափոխվել են և այլևս չեն ցանկանում գումար ներդրել հանգստյան տներ և տուրիստական այլ ենթակառուցվածքներ կառուցելու մեջ:

Ըստ Գլոլա գյուղի բնակիչ Դավիթ Բիչաշվիլիի, 2019թ. հունիսին տեղացիների հետ կազմակերպված հանրային հանդիպման ընթացում «Օնի ՀէԿ» կասկադի հեղինակները չեն կարողացել պատասխանել տեղի բնակիչների՝ էր «Օնի ՀէԿ» կասկադի ռիսկերին վերաբերող հարցերին:
Մեծ են ռիսկերը Ուցերա գյուղի համար. ՀԷԿ-ի կասկադի թունելն անցնելու է գյուղի վերևի մասով, այդ իսկ պատճառով բնակիչներն անհանգստանում են իրենց անվտանգության համար, քանի որ գյուղը գտնվում է սողանքային և սեյսմիկ գոտում, և ակտիվ երկրաբանական գործընթացների պատճառով, եթե ՀԷԿ-ի թունելը վնասվի, ապա ջուրը կավերի գյուղը:
Ուցերա գյուղ
Մեկ այլ ռիսկ է հանքային ջրերի աղբյուրների կորուստը. Ուցերա գյուղում կա հանքային ջրի 18 աղբյուր, և բնակիչները կարծում են, որ աղբյուրները կանհայտանան թունելի կառուցման դեպքում: 
«Գյուղը գտնվում է սողանքային և սեյսմիկ գոտում, իսկ նրանք չեն գնահատել իրենց նախագծի ռիսկերը: Մեզ անհրաժեշտ է անկախ փորձագիտական գնահատում, որը ոչ ոք չի անցկացրել»,- ասաց երկրաբան, Ուցերա գյուղի բնակիչ Մանանա Մետրեվելին:
Ուցերայում կա մի քանի հյուրատուն, որոնց սեփականատերերն իրենց բիզնեսը կորցնելու ռիսկեր են տեսնում «Օնի ՀէԿ» կասկադի կառուցման դեպքում: «Տուրիստներն այստեղ չեն գա, եթե «Օնի ՀէԿ» կասկադը կառուցվի»,- ասաց հյուրատներից մեկի սեփականատերը:
«Օնի ՀԷԿ» կասակդի թունելն անցնելու է նաև Նիգավզեբի գյուղի վերևով: Այստեղի բնակիչները նույնպես դեմ են «Օնի ՀէԿ» կասկադի կառուցմանը: Դեմ լինելու հիմնական պատճառներն են միկրոկլիմայի փոփոխությունը, երկրաշարժերի պատճառով թունելի վթարները, ջրի և գյուղատնտեսությամբ զբաղվելու կորստի հավանականությունը: Բնակիչները պատմեցին, որ իրենք հարցուփորձ են արել Սվանեթիի և Կազբեգի շրջաննների բնակիչներին այնտեղ գործող ՀԷԿ-երի ազդեցության մասին, և ոչ մեկ խորհուրդ չի տվել ՀԷԿ ունենալ իրենց բնակավայրում:
Նիգավզեբի գյուղ
«Օնի ՀԷԿ» կասակդի թունելն անցնելու է Խուրութի գյուղի ստորին հատվածով: Գյուղացիների համաձայն՝ ոչ ոք չի տեղեկացրել իրենց «Օնի ՀէԿ» կասկադի կառուցման և դրա ռիսկերի մասին, միայն երկու տղամարդ այցելել են իրենց գյուղը՝ սողանքային տարածքը տեսնելու համար: Բնակիչները դեմ են ՀԷԿ-ի կառուցմանը՝ նշելով, որ թունելի կառուցումը կակտիվացնի սողանքային գործընթացները, որոնք արդեն իսկ վնասել են մի քանի տուն: Ըստ բնակիչների, Խուրութիում անհրաժեշտ է զարգացնել տուրիզմը և ոչ թե ՀԷԿ-երը:
Խուրութի գյուղ
Սողանքից փլվող տուն Խուրութիում
Այցելած բոլոր գյուղերն ապրում են վատ պայմաններում. տներում չկան խմելու ջուր, կոյուղի, չկան խանութներ և դեղատներ, չկա աշխատանք, տուրիստական ենթակառուցվածքներ և լավ կենցաղային պայմաններ: Ըստ բնակիչների, Ռաչայի տեղական ինքնակառավարման մարմինը խոստանում է լավ կենցաղային պայմաններ ՀԷԿ-ի կառուցման դեպքում, բայց իրենք նախընտրում են բնությունը, և ոչ թե «Օնի ՀէԿ» կասկադը:
Օգոստոս 05, 2019 at 18:19
