Արևային էներգիան` Հայաստանի գյուղերում

Արևային էներգիան` Հայաստանի գյուղերում

ԷկոԼուր

Հայաստանում վերջին տարիներին ակտիվորեն զարկ է տրվում արևային էներգիայի զարգացմանը: Պետությունն արևային էներգիայի համար արդեն սահմանել է սակագին` 42.645 դրամ/կՎտժ առանց ԱԱՀ: Վերջերս ստորագրվեց Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի` «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համաձայնագիրը: Մինչև 2020 թ-ի հունվարի 1-ը նախատեսվում է կառուցել 100 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ: Նոր կառավարությունը հայտարարել է, որ վերականգնվող էներգետիկան Հայաստանի համար ռազմավարական լուրջ նշանակություն ունի: Այն Հայաստանին թույլ կտա նվազեցնել կախվածությունն այլ էներգառեսուրսներից և իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները` 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:

Այսօր արևային էներգիան արդեն հասել է Հայաստանի գյուղական համայնքներ: «Արևային էներգիան` ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի` Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագրի շնորհիվ այս գյուղական համայնքներում ածխաթթու գազի (CO2) արտանետումները տարեկան կկրճատվեն 14 տոննա 618 կգ-ով:

Ծրագիրն իրականացնող «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը նշեց. «Մենք Սոլակ գյուղի մանկապարտեզում 300 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ ենք տեղադրել: Սոլակում Կանանց կենտրոնում արևային ֆոտովոլտային համակարգ ենք տեղադրել: Մալիշկա գյուղում 1-ին փողոցի 200 մ երկարությամբ 5000 քմ տարածքը լուսավորել ենք արևային ֆոտովոլտային համակարգի միջոցով, որը տեղադրված է մշակույթի տանը: Այս աղբյուրից էլեկտրական հոսանք են ստանում նաև մշակույթի տանը տեղակայված գրադարանի սենյակը և մարզադահլիճը: Գյուղի կենտրոնական փողոցը լուսավորվում է էներգախնայող լուսադիոդային լամպերով: Այգավանի բնակիչներին տրամադրվել է 21 արևային չորանոց: Մենք փորձագետների հետ կատարել ենք հաշվարկներ. 300 լիտր ջրատաքացուցիչը տեղադրելու շնորհիվ 1 տարվա ընթացքում CO2-ի արտանետումները կրճատվում են 1.6 տոննայով, 1.65 ԿՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգի շնորհիվ` 1.3 տոննայով, 21-ի արևային չորանոցի դեպքում` 11.718 տոննայով: Ընդհանուր ստացվում է, որ տարեկան 14 տոննա 618 կգ CO2-ի արտանետում է կրճատվում», - ասաց Քնարիկ Գրիգորյանը «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցած միջազգային սեմինարի շրջանակներում:

Գլոբալ բնապահպանական ռազմավարությունների ինստիտուտի (IGES) գիտական ղեկավար Ացուշի Վատաբեն շեշտեց, որ իրականացված ծրագիրը կայուն ապրելակերպի խթանման հիանալի մոդել է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մյուս երկրների համար:

«Արևային էներգիան` ի նպաստ ածխածնի ցածր արտանետումներով կայուն կենսակերպի` Հայաստանի Սոլակ, Այգավան և Մալիշկա համայնքներում» ծրագիրը մեկնարկել է 2017 թ-ին: Ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից ստեղծված 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ Ֆոնդի միջոցով: Ծրագիրն ընտրվել է 10-ամյա շրջանակային ծրագրի Թրասթ Ֆոնդի կողմից «Կայուն կենսակերպի և արտադրության ծրագրի» համար հայտարարված բաց մրցույթի միջոցով` Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

 

17:28 Սեպտեմբեր 12, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news