«Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում կհատվի 434 ծառ

«Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում կհատվի 434 ծառ

ԷկոԼուր

«Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզի Արփա գետի աջակողմյան Փոքրաքար վտակի վրա, որի երկարությունը 11.2 կմ է, նախատեսում է կառուցել «Ջերմուկհիդրո»  ՓՀԷԿ-ը:  2019թ. հունվարի 21-ին Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենան  ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումները:

«Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ը կկառուցվի Ջերմուկ քաղաքից մոտ 4 կմ հյուսիս արևելք՝ Արփա գետի վերին ավազանում: ՓՀԷԿ-ի գլխամասը կկառուցվի «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրից մոտ 30մ հեռավորության վրա:

ՓՀԷԿ-ի 1550 մ երկարությամբ և 1000 մմ տրամագծով խողովակաշարի կառուցման արդյունքում 1.4342հա անտառային գոտու տարածքում կհատվի 434 ծառ` 8սմ և բարձր տրամագիծ ունեցող 124 և  2-7սմ տրամագծի 310 ծառ` կաղնի, ուռենի, արոսենի, հացենի, շլորի, ակացիա, բալենի: ՓՀԷԿ-ը խողովակի մեջ կվերցնի Փոքրաքար վտակի 13.8 տոկոսը:

«Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ն պարտավորվել է հասցվող վնասի հատուցման նպատակով իրականացնել 2.8684հա տարածքի անտառապատում §Հայանտառ¦ ՊՈԱԿ-ի անտառային հողերում: Միաժամանակ ընկերությունը նախատեսում է համայնքում 10 միլիոն 740 հազար դրամի բնապահպանական միջոցառումներ իրականացնել:

Հիշեցնենք, որ Արփա գետի ավազանում ՓՀԷԿ-երի կառուցման համար մեծածավալ ծառահատումներ իրականացվել են նաև «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի կողմից. «Արփա 2» և «Արփա 3» ՓՀԷԿ-երի կայանի կառուցման համար հատվել է 442 ծառ:

Հայտի համաձայն` ՓՀԷԿ-ի տարածքում հանդիպում են` 16 տեսակ կաթնասուն, 75 տեսակ թռչուն, 5 տեսակ սողուն և 3 տեսակ երկկենցաղ: Այդ կենդանատեսակներից միայն Գորշ արջն ու Կիսասպիտակավիզ ճանճորսն են գրանցված ՀՀ Կարմիր գրքում: Իսկ որպես ձկնատեսակ գետում կարող է հանդիպել կարմրախայտը:

ՓՀԷԿ-ի բնապահպանական թողքը հաշվարկվել է 2018թ-ին ընդունված ՀՀ կառավարության էկոթողքի հաշվարկման նոր մեթոդաբանության համաձայն, ըստ որի տարբեր ամիսների էկոթողքը տարբեր է լինելու` տատանվելով 0,18խմ/վ-0.60խմ/վ ծավալների միջև: Նախատեսվում է, որ ՓՀԷԿ-ը տարեկան կարտադրի 6.69 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` օգտագործելով 1,4խմ/վ ջուր:

ՓՀԷԿ-ի շահագործումից ստացված շահույթը նախատեսվում է ներդնել նոր ՓՀԷԿ-երի կամ նոր արտադրաարդյունաբերական հզորությունների կառուցման համար:

16:36 Հունվար 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news