

ԷկոԼուր
Գազաֆիկացում չունեցող Ձորագյուղ համայնքի նախակրթարանի և դպրոցի վառելափայտով ջեռուցման համակարգերը փոխարինվել են արևային մարտկոցներով և արևային ջրատաքացուցիչներով։ Մշակված և փորձարկված էներգաարդյունավետ վառարանները ներդրվել են Վահագնի համայնքում։
Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ դրանք 25-30 տոկոսով կրճատում են վառելափայտի օգտագործումը։ Այդ վառարանների օգտագործման շնորհիվ Նոյեմբերյանի տարածաշրջանում 2018-2019 թթ. ջեռուցման սեզոնին 240 տնային տնտեսություններ խնայել են շուրջ 500մ3 վառելափայտ։
Ձորագյուղ և Վահագնի համայնքներում շրջակա անտառների վրա ճնշումը թուլացնելու նպատակով էներգաարդյունավետ լուծումներ ներդրվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ՄԱԶԾ-ԳԷՀ) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի տեխնիկական աջակցությամբ:
Լուսանկարը՝ շրջակա միջավայրի նախարարության կայքից
Փետրվար 27, 2020 at 14:46
