«Անտառն առանց հրդեհի էլ վերացնում են: Լիճք գյուղի մոտակա բարդենիները անխնա կտրում են «սանիտարական էտման» անվան տակ:Մեկ հեկտար տարածքում 187 նոր կտրված բարդիներ ենք հաշվել իմ ընկեր Stepan Vardanyan-ի հետ: Սարսափելին այն է,որ այն շարունակելի է. (ապացույցն էլ նկարներում): Մարտունու մասնաճյուղի տնօրենը հավաստիացրեց, որ սանիտարական էտ է... առողջ ծառը հիմքից կտրելը ուժեղ սանիտարական էտ է... Գյուղի երիտասարդներով պայմանավորվել ենք,եթե նշած ծառերին էլ ձեռ տվեցին,իրենց տեղում սանիտարական էտի կենթարկենք: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել կանխելու անտառային սպանդը»,- նշված էր գրառման մեջ:
Ահազանգի հետքերով «ԷկոԼուրը» կապ հաստատեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանի հետ, ով բացառեց ծառերի ապօրինի հատման փաստը: «Ահազանգողին գտել ենք, նրա հետ գնացել նշված վայր տեղում դիտարկելու: Այնտեղ անօրինական կտրած ծառ մենք չենք տեսել: Այն 187 հատ ծառերը, որոնք իբր կտրվել են, դրանք 2-3 տարի առաջ կտրած ծառեր են, համարակալած, մի քանի անգամ ստուգում է իրականացվել այդ թեմայով, նախկինում օրինական կտրած ծառեր են, անօրինական այնտեղ ոչինչ չենք տեսել: Իսկ այն, որ ասում է շարունակվում է, մասնագետները նշում են այն ծառերը, որոնք ծռված են, թեքված, հին կամ փտած: Իրենք նշում են, կեղևը հանում են, որ հետո համարակալեն: Այդ գործընթացն է դեռևս գնում, որ ակտ կազմեն, հրամանով բերեն, ստորագրեն, որ հետո միայն կտրեն: «Սևան» ազգային պարկի տնօրենի հրամանը կա, Շրջակա միջավայրի նախարարի հրամանը կա սանիտարական հատման մասին: Հիմա մասնագետն ասում է, սա թեքված ծառ է, դրա համար պետք է կտրեն, բողոքողն ասում է՝ չէ թեքված չի, չպետք է կտրվի: Դա մասնագետի որոշելու խնդիրն է»,- նշեց նա:
Հունիս 16, 2022 at 18:43