

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախատեսվում է կառուցել մետաղների թափոնների վերամշակման գործարան: «Լեյլա Խաչատրյան» ՍՊԸ-ն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Էրեբունի վարչական շրջանի արդյունաբերական գոտում՝ Արին Բերդի 22/1 հասցեում, նախատեսվող մետաղների թափոնների վերամշակման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտը: Հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա նախատեսվող գործունեության ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը: Առաջին քննարկումը տեղի է ունեցել դեռևս ապրիլի 5-ին:
ՇՄԱԳ հայտի համաձայն՝ արտադրամասի տեղանքի հեռավորությունը մոտակա բնակելի թաղամասերից գտնվում է մոտավորապես 810 մ, «Էրեբունի» բշժկական կենտրոնի մոտակա մասնաշենքից՝ 680 մ հեռավորության վրա: Ընկերությունն իր գործունեությունը կիրականացնի վարձակալված արտադրական շինության տարածքում:
Որպես հումք օգտագործվելու են պղնձի, ալյումինի, արույրի և բրոնզի թափոնները, որոնք գնվելու են բնակչությունից և կազմակերպություններից։
Նախատեսվող գործունեության հիմնական ռիսկերը, ըստ հայտի, կապված են օգտագործվող թափոնների հետ գործակցության և վառարանների ջերմային ռեժիմի ազդեցության հետ: «Վառարանների շահագործման ընթացքում առաջանում են ծխագազեր, որոնք պարունակում են վտանգավոր նյութեր, մասնավորապես՝ ազոտի և ածխածնի օքսիդներ և պինդ մասնիկներ»,- նշված է հայտում: Սակայն արտանետումների վերաբերյալ ստույգ հաշվարկներ ներկայացված չեն, դրանք լինելու են ՇՄԱԳ հաշվետվության մեջ:
Հայտում նշված է նաև. «Ձուլարանի շահագործման ժամանակ հնարավոր են վթարային իրավիճակներ, ինչպես նաև բնական աղետներ և անբարենպաստ օդերևութային պայմաններ: Բոլոր հնարավոր դեպքերում շրջակա միջավայրի լրացուցիչ աղտոտումը կանխելու կամ հնարավոր չափով նվազեցնելու համար «Լեյլա Խաչատրյան» ՍՊԸ ձուլարանի համար մշակված է գործողությունների ծրագիր»:
Մետաղական թափոնների վերամշակումը կատարվելու է ձուլման եղանակով։ Այդ նպատակով շինությունում տեղադրվելու են 2 ինդուկցիոն (էլեկտրական) վառարաններ՝ 3 տ/ժամ արտադրողականությամբ յուրաքանչյուրը, որոնք աշխատելու են հաջորդաբար։ Ձուլման նախատեսվող արտադրողականությունները պղնձի թափոնի համար կկազմեն 700 տ/տարի, ալյումինի թափոնի համար՝ 1180 տ/տարի:
Վառարանները համալրվելու են հովացման շրջանառու համակարգով, օդամղիչով և թևքային զտիչով։ Վառարանների հովացումը կատարվելու է շրջանառու ջրային եղանակով: Ջրամատակարարումը կիրականացվի քաղաքային ջրատարից։
Նախատեսվող գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա բացառելու և նվազագույնի հասցնելու նպատակով «Լեյլա Խաչատրյան» ՍՊԸ-ն նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ:
Հունիս 03, 2022 at 17:15