«Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա տարածքում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ է հիմնվել: Շուրջ 4500 ծառ ու թփի տնկման աշխատանքներին մասնակցել են հերոսների ծնողները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Եռաբլուրում» անտառպուրակի հիմնումը Երևանի գարնանային ծառատունկի մի մասն է: Եվս 1500-2000 ծառ է նախատեսվում տնկել մայրաքաղաքի մայթեզրերին ու այգիներում: Ծառերի մեծ մասն արժեքավոր, երկարակյաց տեսակներ են՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, եղևնիներ, դրանցից 300-ը՝ դեկորատիվ: Տնկվող բոլոր նոր ծառերն ավելի քան 10 տարեկան 3-5 մ բարձրությամբ ծառեր են: «Կան արժեքավոր ծառեր, որոնք առավելագույնս մաքրում են օդը և կան ծառեր, որոնք գեղազարդության համար են: Արժեքավոր ծառերը կրկնակի, եռակի ավելի շատ են, քան գեղազարդները»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Խալաթյանը:
Այս տարի Երևանի կանաչ տարածքները նաև կձևավորվեն մոտ 1 մլն ծաղիկներով, բույսերով ու թփերով: «Դրանցից կես միլիոնը ջերմոցատնկարանային տնտեսության արտադրանքն է: Հետագայում նախատեսում ենք նաև ընդլայնել տնտեսությունը»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մայրաքաղաքի կանաչ տարածքներն այս տարի ընդլայնել շուրջ 15 հեկտարով և անցկացնել 30 կմ ոռոգման նոր ցանց:
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Ապրիլ 10, 2023 at 14:11