«Անտառը շատ լավ վիճակում է, իսկ մենք շատ վատ». փայտի կարիքը անտառամերձ Մարգահովիտում

«Անտառը շատ լավ վիճակում է, իսկ մենք շատ վատ». փայտի կարիքը անտառամերձ Մարգահովիտում

ԷկոԼուր

«Ես ստանում եմ 38.000 դրամ թոշակ, ապրիլից էդ թոշակից պահում ենք, կուտակում մինչև աշուն, որ գնանք, 4 խմ փետ առնենք, բերենք ձմեռը մարդ ու կնիկ չցրտահարվենք», - ասում է Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի տարեց բնակիչ Ֆելիքս Սաֆարյանը:

Մոտ 4000 բնակչություն ունեցող Մարգահովիտ համայնքը գտնվում է Գուգարքի անտառների փեշին: Ձմռան գալու հետ այստեղ գլուխ է բարձրացնում փայտի խնդիրը: «Մեր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1760 մ բարձրության վրա, ձմեռը մեզ մոտ լինում է սաստիկ, ձմռան տևողությունը՝ 5-6 ամիս: Բնակչության 90 տոկոսը գազաֆիկացված է, բայց գազի գնի պատճառով ոչ բոլորն են կարողանում օգտվել գազից, վառելափայտ պետք է», - համայնքի վիճակը ներկայացնում է համայնքապետ Սամվել Անանյանը:

Ձախից առաջինը՝ Ֆելիքս Սաֆարյանը, երկրորդը՝ Սամվել Անանյանը

Որպես անտառամերձ համայնք, Մարգահովիտի բնակիչներին տարեկան հասնում է 8 խմ անվճար թափուկ: Սակայն անտառում եղած թափուկը չի բավականացնում: Բնակիչները վառելափայտ ձեռք են բերում անտառտնտեսության կողմից հատկացվող հատատեղերից: «Վառելափայտ հատատեղերից դուրս են գրում, օրինական կարգով օգտվում ենք, բայց մի քիչ որ մատչելի լինի, ավելի լավ կլինի», - ասում է համայնքապետը:

Մարգահովիտի բնակիչ Ֆելիքս Սաֆարյանի խոսքով՝ հատատեղիում 1 խմ վառելափայտի համար ինքը տեղում վճարում է 10.800 դրամ: Ձմեռն անցկացնելու համար հարկավոր է առնվազն 7 խմ, բայց հազիվ հաջողվում է ձեռք բերել 3-4 խմ: Խնդիրը միայն վառելափայտի բարձր գինը չէ: Միշտ չէ, որ հաջողվում է հասնել հատկացված հատատեղը և տեղափոխել վառելափայտ: «Անտառում հատատեղ են հատկացնում, բայց անհասանելիա, էնպես ձորերա, էնպես տեղերա, որ ոչ մի տրանսպորտ չի գնում:  Հիմա էս ձմեռ ուղղակի կանգնած ենք տուպիկի առաջ, չգիտենք ոնց պիտի անենք, - ասում է Մարգահովիտի բնակիչը և շարունակում, - նախարարին, բանին հարցրեք, ասեք՝ էն մարդկանց օգուտը որնա՞, որ անտառի փեշին ապրում են, մի գրամ փետից չեն օգտվում: Ապօրինի հատումը բացարձակ արգելվումա, ապրի մեր անտառապետը, նա շատ լավ պահպանումա անտառը: Անտառը շատ լավ վիճակումա, իսկ մենք շատ վատ, տեսնենք էդ անտառը մեզ ինչ պիտի անի»:

 Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի անտառպետություն

Անտառից համայնքների կախվածության մասին ԷկոԼուրը զրուցեց Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանի հետ:

«Եթե մարդը հնար չունի, պիտի երեխեն սառչի, ինքը սառչի, բնական է՝ պիտի թաքուն մտնի անտառ: Բայց երբ մենք դնում ենք օրինական հատատեղեր, հնարավորություն ենք տալիս օգտվելու, այլընտրանք ենք տալիս, մարդը հասկանում է, չի մտնում, օգտվում է մեր օրինական հատատեղերից», - ասում է Արեն Աղաբաբյանը:  

 Արեն Աղաբաբյանը 

Իսկ մտնո՞ւմ է արդյոք անտառ բիզնեսը հարցին ի պատասխան Գուգարքի անտառտնտեսության տնօրենն ասաց. «Չէ, բիզնեսներն արդեն չէ: Պատիժը շատ խիստ է, էսօր ծառ կտրելը մեծ-մեծ տուգանքների հետա կապված, նրանց դա ձեռնտու չի: Համենայն դեպս, Գուգարքի անտառնտեսության տարածքում երաշխավորում եմ, որ միանշանակ նման բան չկա, չի էլ կարող լինել, դա անհնար է, որ բիզնեսի ներկայացուցիչները մտնեն, սկսեն անտառ կտրել: Բիզնեսի ներկայացուցիչների համար բնական է, որ հատատեղը դնում ենք, էնտեղ շինափայտ էլ է լինում, մեծ քանակություններ, իրենց առաջարկվում է, իրենք գալիս են, օրինական են ձեռք բերում: Մենք այն պայմաններն ենք ստեղծում, որ էլ իմաստ չկա, որ նրանք մտնեն, անտառը ապօրինի կտրեն»:

Գուգարքի անտառտնտեսության տարածքը կազմում է 16146 հեկտար:  Մեկ անտառապահի հսկողության տակ ընկնում է 600-700 հեկտար տարածք: Անտառ բարձրացող ճանապարհները բարդ են, իսկ անտառապահը չունի համապատասխան տեխնիկա: Հսկողությունը իրականացնում է ոտքով: «Տեխնիկա չունենք, ձիեր չունենք, համազգեստ չկա, անտառներում շատ վայրի կենդանիներ կան՝ արջ, գայլ, շակալներ...բացի դա էլ, եթե հանկարծ ապօրինի ինչ-որ բան էլ լինումա, չենք կարողանում հայտնաբերենք ապօրինի կտրողին, տուժումա էդ ընթացքում անտառապահը, պաշտպանված չի նաև էդ իմաստով», - ասում է Արեն Աղաբաբյանը և նշում, որ անտառտնտեսությանը հարկավոր է օժանդակություն, որը իրենց բյուջեն չի կարող ապահովել:

Գուգարքի անտառտնտեսություն այցը իրականացվեց ENPI EAST FLEG II ծրագրով  հայ և վրացի լրագրողների համար «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կազմակերպած մեդիա տուրի շրջանակներում: Այցի ժամանակ իրականացվեց նոսրացման հատում Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի անտառպետությունում:

Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում անցկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը  Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին  Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում



Հոկտեմբեր 12, 2016 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր