Մարդու իրավունքների պաշտպանների եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները խորին մտահոգությունն են հայտնում Ամուլսարի պաշտպանների դեմ ուղղված դատական հետապնդումների և զրպարտչական արշավների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանների եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները խորին մտահոգությունն են հայտնում Ամուլսարի պաշտպանների դեմ ուղղված դատական հետապնդումների և զրպարտչական արշավների կապակցությամբ

ԷկոԼուր

Մարդու իրավունքների պաշտպանների եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները`Մարդու իրավունքների պաշտպանների դիտորդական առաքելությունը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» (FIDH) միջազգային կազմակերպությունը և Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունն (OMCT) իրենց խորին մտահոգությունն են հայտնում Ամուլսարի պաշտպանների դեմ ուղղված դատական հետապնդումների և զրպարտչական արշավների կապակցությամբ:

Կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել իրավապաշտպանների իրավունքները և անմիջապես մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն իրականացնել՝ բացահայտելու Ամուլսարի պաշտպանների իրավունքների խախտման համար պատասխանատու բոլոր անձանց, նրանց բերել անկախ դատական ատյան և կիրառել նրանց նկատմամբ օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

Այս մասին նշված է «Հայաստան. Դատական հետապնդումներ և զրպարտչական քարոզարշավ շրջակա միջավայրի մի քանի պաշտպանների դեմ» վերնագրով հրապարակման մեջ, որն իր կայքում տեղադրել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» միջազգային կազմակերպությունը (FIDH):

Հրապարակման համաձայն՝ Ամուլսարի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանների դիտորդական առաքելությանը, «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» միջազգային կազմակերպությանը և Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությանը (OMCT)՝ խնդրելով միջամտել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակին:

Ամուլսարի պաշտպաններ լրագրող Թեհմինե Ենոքյանի, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Լևոն Գալստյանի և Անի Խաչատրյանի, փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ղեկավար Նազելի Վարդանյանի, Շիրակ Բունիաթյանի և Էդմոն Աղաբեկյանի դիմումում ներկայացված է իրենց դեմ Ամուլսարի հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված դատական հայցերի մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ օգտատերերի կողմից Ամուլսարի պաշտպանների դեմ ուղղված զրպարտչական գրառումների և տեսանյութերի մասին:

Դիմումատուները մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններից խնդրել են գրել Հայաստանի իշխանություններին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ինչպես նաև Հայաստանում գործող դեսպանություններին և Հայաստանում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հորդորելով նրանց.

Դադարեցնել բոլոր հետապնդումները, այդ թվում` դատական, Ամուլսարի պաշտպանների նկատմամբ և ապահովել, որ նրանք կարողանան իրականացնել իրենց գործունեությունը առանց խոչընդոտների:

ii. Իրականացնել զրպարտչական հրապարակումների մանրակրկիտ, թափանցիկ հետաքննություն` բացահայտելու բոլոր պատասխանատուներին, նրանց բերել անկախ դատարան, և կիրառել նրանց նկատմամբ օրենքով նախատեսված պատժամիջոցները.

iii. Բոլոր հանգամանքներում հետևել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1998 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագրի դրույթներին, մասնավորապես, 1-ին եւ 12.2-րդ հոդվածներին:

iv. Ապահովել բոլոր պայմաններում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին համապատասխան:

Ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

16:50 Մայիս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news