ՀՀ արդարադատության նախարարության համաձայն՝ Գնդեվազի հողերի նկատմամբ կառավարության կողմից բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը հակասահմանադրական է

ՀՀ արդարադատության նախարարության համաձայն՝ Գնդեվազի հողերի նկատմամբ կառավարության կողմից բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը հակասահմանադրական է

ԷկոԼուր

ՀՀ արդարադատության նախարարությունը հակասահմանադրական է համարել «Լիդիան ինթենեյշնլ» ընկերության կարիքների համար Գնդեվազի գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշման նախագիծը: Չնայած արդարադատության նախարարության առարկության, որոշումն ընդունվեց կառավարության սույն թվականի մայիսի 19-ի նիստում:

Որպես հիմնավորում ՀՀ արդարադատության նախարարությունը մասնավորապես նշել է. «Նախագիծը չի համապատասխանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ: Հիշյալ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ առաջին՝ Սահմանադրությունը նախատեսում է սեփականատիրոջ սեփականության իրավունքի սահմանափակման և սեփականության հարկադիր օտարման հնարավորություն և երկրորդ՝ այն կարող է իրականացվել միայն այն նպատակի համար, երբ առկա է հասարակության և պետության կարիքը, որը պետք է լինի կոնկրետ և հստակորեն արտահայտված որոշակի սեփականության առնչությամբ, և որը պետությունը պարտավոր է իր գործառույթներն իրականացնելիս հաշվի առնել ու բավարարել և երրորդ՝ հասարակության և պետության կարիքները պետք է լինեն բացառիկ՝ պայմանավորված հանրային գերակա շահով: Գերակա հանրային շահի ամրագրումը, մի կողմից սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիք է, քանի որ այլ դեպքերում սեփականության օտարումը կլինի հակասահմանադրական, մյուս կողմից՝ պետության համար սահմանափակում է օտարված սեփականույթունն այլ նպատակով օգտագործելու հնարավորությունը: «Հանրային շահը» Հայաստանի Հանրապետությունում կարող է դրսևորվել միայն պետական և համայնքային շահերի տեսքով: «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է բացառիկ՝ գերակա հանրային շահի հասկացությունը և դրա որոշման կարգը: Մասնավորապես՝ հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանում են այն նպատակները, որոնք կարող է հետապնդել գերակա հանրային շահը: Հիշյալ մասի զ) կետի համաձայն՝ գերակա հանրային շահի հետապնդող նպատակներից է  էներգետիկայի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման, քաղաքաշինական, ընդերքի հետախուզման, ընդերքօգտագործման, տրանսպորտի, հաղորդակցության ուղիների կամ բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը: Մինչդեռ՝ նախագծին կից ներկայացված հիմնավորումից չի երևում, որ իրականացվող ծրագիրը հանդիսանում է համապետական կամ համայնքային կամ միջհամայնքային նշանակություն ունեցող ծրագիր: Այդ կապակցությամբ, եթե ծրագիրը կրում է մասնավոր բնույթ, նախագծով նախատեսված հողամասերի օտարումը բացառիկ՝ գերակա հանրային շահի առկայության հիմքով, կխախտի Սահմանադրության 60-րդ հոդվածով ամրագրված անձանց սեփականության իրավունքը:

Բացի այդ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, գերակա հանրային շահի արդյունավետ օգտագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման, իսկ «գ» կետով սահմանվում է, որ գերակա հանրային շահից ելնելով՝ սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը, մինչդեռ ներկայացված նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետում և հիմնավորման մեջ նշվում է միայն, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի (այսուհետ` ծրագիր) արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելված 1-ում նշված տարածքների օտարման, քանի որ hանքավայրի շահագործման, հանքաարդունահանման նախագծով անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ կենսական կառույցները այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է ծրագրով նախատեսված լուծումների գործնական իրականացումը, ինչպես նաև oտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են հանքավայրի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ: …»:

Կառավարության որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է  ճանաչվել երեք սեփականատերերի 4 հողակտորների  նկատմամբ: Նրանցից մասնավորապես Սասուն Հարությունյանը չի տեղեկացվել, որ իր հողի նկատմամբ բացառիկ գերակա շահ է ճանաչվում: Նա հրաժարվել էր իր հողը վաճառել հանքարդյունաբերական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության դուստր ձեռնարկությանը՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ին՝ համաձայն չլինելով վերջինիս առաջարկած գնի հետ:  

Մյուս սեփականատերը՝ Մխիթար Արշակյանը, չի կարողացել  հողը վաճառել «Գեոթիմ»-ին, քանի որ հողը կալանքի տակ է եղել: Երրորդ հողակտորի  սեփականատերերն էլ բացակայել են Հայաստանից:

Հունիս 08, 2016 at 14:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր