

ԷկոԼուր
ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանին ս.թ. փետրվարի 28-ի նիստին տվեց նախնական համաձայնություն Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի շահագործման համար՝ չնայած Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին բնակիչների ներկայացրած հանրագրի:
Ավագանու որոշման մեջ նշված է.
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով Վայք համայնքի մոտ 400 բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով շարադրված տեղական ինքնակառավարման սկզբունքներով.
1. Տալ նախնական համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերելու մասով:
2. Հարցին անդրադառնալ լիազոր մարմնի կողմից ՇՄԱԳ /շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում/ փաստաթղթերի առկայության ժամանակ»:
Վայքի ավագանին ունի 11 անդամ, որից 7-ն են մասնակցել նիստին: Ավագանու անդամներից դեմ է քվեարկել միայն Մերի Ջանոյանը։
«Վայք Ինֆոտուն»-ը նշում է. «Փաստացի մերժվեց Վայքի՝ այս պահին արդեն 500 բնակիչների ստորագրությամբ հանրագիրը՝ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ Այս որոշումն ավագանին կայացրեց, կարծես, ի հեճուկս համայնքի սրտացավ բնակիչների պայքարի»։
Հիշեցնենք, որ Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին հանրագրի ստորագրման գործընթացը սկսվել էր դեռ անցյալ տարի, երբ Վայքի բնակիչները մերժեցին Ազատեկի ոսկու հանքավայրի ծրագիրը: Այդ ժամանակ հանքավայրը հավակնում էր շահագործել «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն: Այս ընկերության նախաձեռնությունը մերժվեց տեղի բնակիչների կողմից և զրկվեց ընդերքօգտագործման իրավունքից: «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ պահանջով անվավեր ճանաչել հրամանը, որով դադարեցվել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը:
Ներկայում հանքավայրը ցանկանում է շահագործել վերջերս ստեղծված «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն: Զառիթափ համայնքում այս ընկերությանը մերժեցին: Իսկ Ազատեկ համայնքում կայացած լսումները վիճահարույց են. հասարակությունը պահանջում է դրանք անվավեր համարել:
Մարտ 03, 2020 at 15:13
