Ակցիա Ամուլսարի ծրագրի դեմ` օր 3-րդ. ջերմուկցիներն ու գնդեվազցիները ստորագրահավաք են սկսել և դիմելու են Նիկոլ Փաշինյանին

Ակցիա Ամուլսարի ծրագրի դեմ` օր 3-րդ. ջերմուկցիներն ու գնդեվազցիները ստորագրահավաք են սկսել և դիմելու են Նիկոլ Փաշինյանին

ԷկոԼուր

Արդեն 3-րդ օրն է` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ` փակ պահելով հանք տանող ճանապարհները: Բնակիչները միաժամանակ ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են Ամուլսարի ծրագիրը կանգնեցնելու պահանջով նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեր պահանջը մեկն է` հանքը պետք է չբացվի: Մենք ոչ ապահովագրություն ենք ուզում, ոչ մի բան: Ամուլսարը պետք է սար մնա», - ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց Ջերմուկի բնակիչը: Հարցին` ինչու նախկին իշխանությունների օրոք բնակիչները չէին դիմում նման գործողությունների, ջերմուկցի զրուցակիցը պատասխանեց. «Նախկին իշխանությունների օրոք էլ ենք փորձել, այդ ժամանակ միանգամից հավաքում, տանում էին ոստիկանություն: Մարդկանց մեջ վախի մթնոլորտ էր տիրում: Իսկ հիմա այլ է, ոստիկաներն էլ հիմա մեր կողքին են, մեր կարծիքին են, նախկինի նման չեն խանգարում, միայն հետևում են, որ վարորդների հետ վեճեր չլինեն»:

Բնակիչը հայտնեց, որ ակցիայի երկրորդ օրը` մայիսի 20-ին, իրենց հետ բանակցելու են եկել Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Հայկ Ալոյանն առաջարկել է, որպեսզի ցուցարարներից մի քանի հոգի առանձնանան և նստեն իրենց հետ բանակցությունների: Ցուցարարները մերժել են «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենին: «Մենք ասացինք` ոչ, մեր պահանջը մեկն է` հանքը փակեք, թողեք, գնացեք, մենք ձեզ հետ բանակցելու ոչինչ չունենք: Հայկ Ալոյանն ասաց, որ իրենք շատ փող են ներդրել ու չեն կարող հիմա կանգնեցնել ծրագիրը: Ասաց, որ տարեկան 260 միլիոն դրամ էլ տրամադրում են մեր քաղաքապետարանին: Մենք պատասխանեցինք, որ չենք տեսել այդ գումարները, ինքն էլ` դա ձեր ներքին հարցն է: Քաղաքապետն էլ, երբ խոսք գնաց այդ 260 միլիոնի մասին, ասաց` թե բա եկեք ասֆալտի վրա չխոսենք, մենք մերժեցինք», - պատմեց Ջերմուկի բնակիչը և շեշտեց, որ բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև «Լիդիան»-ը պաշտոնապես չհայտարարի, որ հրաժարվում է Ամուլսարի հանքից:

Հիշեցնենք, որ տեղի բնակիչների ընդվզումը սկսվեց մայիսի 19-ին, երբ առավոտյան ժամը 8:00-ից Գնդեվազ գյուղի բնակիչները փակեցին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները: Նրանք պահանջում են դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը:

13:16 Մայիս 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news