Ջերմուկի ավագանին կքննարկի Ջերմուկը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին հանրագիրը

Ջերմուկի ավագանին կքննարկի Ջերմուկը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին հանրագիրը

ԷկոԼուր

Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին հանրագրի քննարկման համար առաջիկայում Ջերմուկի ավագանին նիստ կգումարի: Այս մասին դեկտեմբերի 5-ին Ամուլսարի պահապաններին ասաց Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը, ում Ամուլսարի պահապանները հանձնեցին 3000 բնակիչների ստորագրությամբ հանրագիրը:

Հիշեցնենք, որ հանրագիրն ուղղված է հատկապես Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ, որն իրականացնում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը` ի դեմս իր դուստր «Լիդիան Արմենիա» ընկերության:

Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանն իր խոսքում նաև նշեց. «Մենք վստահում ենք մեր կառավարությանը, սպասենք, թե մեր կառավարությունը ինչ կասի: Դեմ չենք գնալու կառավարությանը, որ չհիմնավորեն, որ սա սաբոտաժ է: Միշտ էլ համաձայն չենք եղել, ինչու, վատ որակի, վատ աշխատելու հետ: Ես հավատում եմ վարչապետին, և եթե ասաց, որ նոր տեխնոլոգիաներով աշխատեն, եթե դա վնաս չի լինելու մեր քաղաքին: Եվ ես նորից եմ ասում, չեմ էլ փոշմանում, կամ ասածիս համար վախենում, եթե մի էսքան վնաս տա այդ հանքը քաղաքին, անձամբ ես իմ ամբողջ ազգ ու ցեղով, իմ ամբողջ համայնքով կարող է` գնանք, պառկենք տրակտորների տակ, եթե: Հիմա տղերք ջան, բերեք սպասենք, համբերենք, հիմա վնասի էս պահը ես չեմ զգում: Պարոն վարչապետն էլ ասաց, որ պետբյուջեով գումար է տրամադրված, անկախ փորձագետներ, լուրջ մասնագետներ հիմա այդ աշխատանքների վրա են: Եթե դուք դա չեք հավատալու, էլ չգիտեմ արդեն»:

«Այս ստորագրությունները որ հավաքել ենք, բնապահպանների ստորագրություն չէ, հասարակ ժողովրդի ստորագրությունն է, իրենք մասնագետներ չեն, ուղղակի բնակիչներ են: Դեռ պատասխանը չի եղել, իրականում ազդեցություն կա, թե չէ, բայց պետք չի բնապահպան լինել, որ հասկանալ, որ եթե հանք կա, վնասը կա, նամանավանդ այս հանքի նման հանք: Բայց ժողովուրդը ոչ թե վնաս լինելու կամ չլինելու համար է այս ստորագրությունը տվել, այլ նրա համար, որ ինքը չի ուզում…»,- ասաց Ամուլսարի պահապաններից Ահարոն Արսենյանը: (Տեսանյութ)

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին նույն հանրագիրը Ամուլսարի պահապանները հանձնեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ով նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էր Վայոց ձոր: (Տեսանյութ)

Հանրագրում մասնավորապես գրված է․
«Իրականում հանքարդյունաբերության վնասների և օգուտների հարաբերակցությունը հաշվարկված չէ, մենք զրկված ենք դրա առաջացրած վնասների մասին վերլուծություններից, սակայն մեր աչքի առջև ունենք Հայաստանի այլ վայրերում հանքարդյունաբերության դառը փորձը։ Մենք չենք ցանկանում դառնալ Լոռվա Թեղուտը, Ախթալան, Ալավերդին, Սյունիքում՝ արդեն իսկ դատարկված Դաստակերտը, հիվանդացությամբ Հայաստանում առաջինը համարվող Քաջարանը կամ Կապանը։

Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչև 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: «Լիդիան» ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչներն արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը»:

Դեկտեմբեր 05, 2018 at 12:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր