«ԳԵԳԱՄԵՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ

«ԳԵԳԱՄԵՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՕԳՏԱԿԱՐ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ

ԷկոԼուր

Պետական կառույցները չէին հասցրել մերժել «Գեգամետ պլյուս» ընկերությանը Սեւանի ավազանում վերամշակող ձեռնարկության շինարարության նախագծի դիտարկման հարցում,  երբ ընկերությունը նորից շինարարության հայտ է ներկայացրել: Նախագծի փաստաթղթերի փաթեթը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական բնապահպանական փորձաքննությանը եւ ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին: «ԷկոԼուր»-ի տեղեկություններով, երկու գերատեսչությունները դիտարկման չեն ընդունել նախագիծը` հղում անելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի վրա, որի 10-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է հանքանյութերի վերամշակման գործունեությունը Սեւանի ավազանում:

Խոսքը Շորժայի եւ Ջիլիի դունիտ-պերիդոդիտային հանքավայրի մասին է, որն արդեն երկու տարի շահագործում է վերոնշյալ ընկերությունը: 2008թ. նոյեմբերին «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ն հայտարարեց, որ մտադիր է Շորժայում կառուցել վերամշակման գործարան եւ նախագծում ներդնել 25 միլիոն դոլլար: 2008թ. դեկտեմբերին` Սեւանում տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում, ի պատասխան հասարակական կազմակերպությունների հարցմանը, բնապահպանության նախարարությունը հայտնեց, որ օրենքն արգելում է նմանատիպ գործունեություն Սեւանի ավազանում: 2009թ. փետրվարին «ԷկոԼուր»-ը լուսանկարներ եւ տեղեկատվություն տրամադրեց, որ Շորժա գյուղի կողքին ակտիվորեն կատարվում է քրոմ պարունակող հումքի բաց վերամշակում, որի փոշին քամին տարածում է Սեւանա լճի վրա: Նախարարությունը խոստացավ տեսուչներ ուղարկել: Ստուգման եզրակացություններն անհայտ մնացին:

2010թ. մարտին «Սեւան» թեժ կետում «ԷկոԼուր»-ի անցկացրած մոնիտորինգը ցույց տվեց, որ ձեռնարկության մեկ մասնաշենքն արդեն կառուցված է, եւ որ բաց եղանակով վերամշակումը շարունակվում է:

2010թ. հունիսի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով ձեռնարկության համասեփականատերերից մեկն է, «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ ձեռնարկությունը էկոլոգիապես մաքուր է, եւ որ ընկերությունը պատրաստ է ապացույցներ ներկայացնել: 2010թ. հունիսի 15-ին` Երեւանի Օրհուս կենտրոնում, նախագծի հիմնավորումը ներկայացրեց ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանը, երկրաբանահետախուզական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանը, ընկերության այլ ներկայացուցիչներ: Աշխատանքային հանդիպմանը էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի կողմից մասնակցեցին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, Հայ-ռուսական պետական սլավոնական համալսարանի դասախոս, 1982-1991թթ. «Սեւան» ազգային պարկի տնօրեն Գագիկ Սուխուդյանը, փորձագետ-հիդրոլոգ Քննարիկ Հովհաննիսյանը, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը:

Նախագծի վերաբերյալ ընկերության հիմնական փաստարկները`

1.    Գործարանը վերամշակող ձեռնարկություն չէ, քանի որ տեղի է ունենում միայն մանրացում եւ ապարի  գրավիտացիոն բաժանում ծանր մասի` մետաղների օքսիդների եւ թեթեւ մասի` մնացած ապարների: Իսկ այդ գործընթացները, Վ. Գասպարյանի խոսքերով, վերամշակման գործընթացի մեջ չեն մտնում:

2.    Ձեռնարկությունը թափոն չի ունենալու, քանի որ ապարի մնացած մանրացված մասը ձեռնարկատերերը մտադիր են շաղ տալ Սեւանի ափերին` որպես յուրահատուկ ֆիլտր: Ակադեմիկոս Գրիգորյանի բացատրելով` ապարը որձաքար է քրոմի եւ ալյումինի աննշան խառնուրդով եւ այլ տարրերով, եւ որ կարեւորն է, չի պարունակում սուլֆիդներ, որոնք նպաստում են շրջակա ապարների քիմիական աղտոտմանը: Հանքավայրը մագմատիկ է, ալյումինի եւ քրոմի օքսիդները կայուն են եւ չեն քայքայվում:

3.    «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը չի խախտվում, քանի որ օրենքում արգելվում է հանքանյութի վերամշակումը, իսկ հանքավայրի պարունակությունը ոչ թե հանքանյութ է, այլ ապար: Օրենքի 10-րդ հոդվածում «ապար» բառ չկա:

4.    Ձեռնարկությունը թույլ կտա ստեղծել 300 աշխատատեղ, ինչը տարածաշրջանի համար կարեւոր սոցիալական աջակցություն է:

Վ. Գասպարյանը արդեն իսկ կառուցված մասնաշենքի եւ ապարը բաց եղանակով մշակելու վերաբերյալ հայտնեց, որ դա գործարանի մասնաշենք չէ, այլ հին սարքավորում, որն ընդամենը փակել են ակոսավոր միջանցքերով` մանարցումից  առաջացող փոշին որսալու համար: Իսկ ինչ վերաբերվում է բաց եղանակով մշակմանը, ապա նրա խոսքերով` մանրացված հանքանյութը մնացել է դեռ վաղ ժամանակներից, երբ այնտեղ աշխատել է «Քրոմպիկ» փորձարարական ձեռնարկությունը:

Նախագծի դեմ հասարկայնության փաստարկները հետեւյալն էին`

• «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որն արգելում է հանքանյութի վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում, ուղղակիորեն վերաբերվում է տվյալ ձեռնարկությանը, քանի որ մանրացումը եւ գրավիտացիոն բաժանումը վերամշակման ընթացքի արտադրական փուլի մաս են կազմում

• փաստարկը, որ դա հանքանյութ չէ, այլ ապար, պարզապես բառերի փոխարինում է, քանի որ oրենքի հոդվածը  նշում է հանքավերամշակման գործունեությունը

• ապարի մի մասը, որը ընկերությունը Սեւանի համար «էկոլոգիական ֆիլտր» է համարում, կարող է վտանգ ներկայացնել Սեւանի ջրահավաք ավազանի համար, քանի որ այն արդյունահանվել է բնական էկոհամակարգից, մանրացվել է տեսակավորման գործընթացում, պարունակում է ծանր եւ տոքսիկ տարրեր, եւ, ըստ էության,  թափոն է: Հնարավոր ռիսկերի վերաբերյալ եզրակացություն պետք է տան անկախ փորձագետները

•  խախտվել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը, քանի որ հանքավայրի շահագործումը ոչնչացնում է Արեգունի լեռնաշղթան, որը լճի էկոհամակարգի եւ լանդշաֆտի անբաժանելի մասն է

•  խախտվել է Եվրոպական կոնվենցիայի լանշաֆտների պահպանման մասին դրույթը, որը Հայաստանը վավերացրել է 2003թ.

• չկա  «Հատուկ պահպանվող տարածքների մասին» («Սեւան» ագային պարկի ազդեցության գոտի), «Բուսական աշխարհի պահպանման մասին», «Կենդանական աշխարհի պահպանման մասին» ՀՀ օրենքներին, ՄԱԿ-ի «Կենսաբազմազնության պահպանման մասին» կոնվենցիային և ՀՀ Ջրային օրենսդրությանը` ծրագրի համապատասխան լինելու վերաբերյալ եզրակացություն:

Հանդիմպան ավարտին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները որոշում ընդունեցին իրենց փաստարկները ներկայացնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությանը, ՀՀ ԳԱԱ առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձանաժողով և ՀՀ նախագահին առնթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով և պահանջել վերոնշյալ հարցով գործընթացին համապատասխանող նոր հասարակական լսումներ անցկացնել:

Հուլիս 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր