

ԷկոԼուր
Եթե «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից պատշաճ կերպով իրականացվեն Ամուլսարի ծրագրի ԲՍԱԳ և ՇՄԱԳ փաստաթղթերում նախատեսված և հավելյալ առաջարկված մեղղման միջոցառումները, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի: Այս մասին օգոստոսի 26-ի ասուլիսի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Յուրա Իվանյանը՝ նշելով, որ այս եզրակացությանն են եկել ELARD-ի փորձագետները:
Իվանյանի խոսքով՝ փորձագետներն արձանագրել էին, որ Ամուլսարի ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, երկրաշարժի դեպքում ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի, ազդեցություն կրող ստորգետնյա ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաև, իզոտոպային տվյալների համաձայն, Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի վրա ազդեցություն չի լինի, երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ և հետո Կեչուտի ջրամբարի ջրերինը Սևանի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ երկու ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և Սևանա լճի չափսերի պատճառով:
Ինչ վերաբերում է տեղական գետերին՝ Արփա, Որոտան, Դարբ, ապա, ըստ Իվանյանի, փորձագետները գտել էին, որ ԲՍԱԳ-ի մոդելները չեն գնահատում և քանակապես չեն չափում այդ ազդեցությունները, առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէր որոշել ստորգետնյա ջրերի վրա ազդեցությունների աստիճանը, և փորձագետները ենթադրել են, որ հանքի մաքրման չենթարկված կոնտակտային ջրերը կարող են աղտոտել ստորգետնյա ջրերը:
«Առաջնային խնդիրը ցանկացած հանքարդյունաբերության մեջ, որպեսզի որևէ տեսակի աղտոտված ջուր դուրս չգա շրջակա համակարգ, կանխվեն շրջակա միջավայրի վրա ազդեցությունները, կիրառվում են մեղղման միջոցառումներ: Ըստ փորձագետների գնահատման՝ Լիդիանի նախատեսված միջոցառումները ողջամիտ են:
Փորձաքննության եզրակացության մեջ ջրերի և երկրաբանության մասով փորձագետները մի շարք թերություններ են առանձնացրել, տվյալների բացեր, ըստ էության, անբավարար են եզրահանգուներ կատարելու համար: Սա վերաբերում է երկրաբանությանը, ապարների դասակարգմանը, ջրի մոդելավորմանը:
Թեև եզրակացության մեջ նշվում են մի շարք թերությունների, բացթողումների մասին, սակայն եզրակացությունն անհրաժեշտ է գնահատել ընդհանուր համատեքստում՝ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, թե՝ ոչ, շրջակա միջավայրին վտանգ սպառնում է, թե՝ ոչ: Առաջնային պլան է գալիս մեղղման միջոցառումների ողջ համակարգը, որպեսզի կանխվեն հնարավոր ռիսկերը: Փորձագետները մեղղման միջոցները գնահատել են ողջամիտ: Եթե դրանք կիրառվեն նախագծված, պատշաճ, ապա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի:
Միևնույն ժամանակ փորձագետներն առաջարկել էին 16 միջոցառում, որպեսզի շրջակա միջավայրի վրա ռիսկերը կառավարելի լինեն, որոնցից 10-ը «Լիդիան»-ը նախատեսել էր», - ասաց Իվանյանը:
Նրա խոսքով՝ ուսումնասիրվել են ոչ միայն «Լիդիան»-ի հետազոտությունները, այլ նաև պետական մարմինների, հասարակական կառույցների, բնապահպանների, միջազգային փորձագետների կողմից ներկայացված փաստաթղթերը, օրինակ, ՀՀ ԳԱԱ Երկարաբանության ինստիտուտի, Հարութ Բռոնոզյանի ներկայացրած տվյալները և այլն:
Իվանյանը նշեց, որ Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի առկայության մասին տեղեկատվություններ ստացված փաստաթղթերում չկան:
Քննչական կոմիտեի պաշտոնյան նշեց, որ ELARD-ը գնահատել է ոչ միայն ջրային ռեսուրսների վրա ազդեցությունները, այլ նաև կենսաբազմազանության և օդի որակի:
Ըստ Իվանյանի՝ կենսաբազմազանության մասով փորձագետները նշել են, որ ԲՍԱԳ-ում այն գնահատվել է բավարար: Օդի որակի գնահատման կապված հարցերը նույնպես պարզաբանվել են:
«ՇՄԱԳ-ում և ԲՍԱԳ-ում ներկայացվում են կանխարգելիչ միջոցառումները, ընդհանուր առմամբ, չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չի լինի մեղմել: Այն մտահոգությունները, որ փոշին կհասնի հարակից բնակավայրեր, Ջերմուկ, դրանք չեն հիմնավորվել», - ասաց Իվանյանը:
Խոսելով այն մասին, թե ինչու է Ամուլսարի ծրագրի համալիր փորձաքննության համար ընտրվել ELARD-ը, Իրավյանն ասաց. «Նկատի ունենալով, որ Լիդիան Արմենիայի կողմից հետազոտություններն իրականացվել էին աշխարհահռչակ հեղինակավոր կազմակերպութունների կողմից, խնդիր դրվեց, որպեսզի փորձաքննությունը իրականացվի նրանց չզիջող միջազգային կառույցի կողմից»:
Իվանյանը հավելեց, որ այս հարցով ՀՀ-ն նաև դիմել է EITI-ին՝ խորհրդատվության համար, և վերջիններս երաշխավորել են ELARD-ին, որպես տարածաշրջանի պրոֆեսիոնալ ընկերություն:
Նշենք, որ ELARD-ի փորձաքննական եզրակացությունը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Օգոստոս 23-ին Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ELARD-ի հետ սկայպ-կոնֆերանս անցկացնել՝ եզրակացության վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու նպատակով:
Օգոստոս 26, 2019 at 15:31
