

ԷկոԼուր
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը աշխատանքից չի ազատվել: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հերքելով մամուլում տարածված լուրերը, որ Իվանյանն ազատվել է աշխատանքից:
«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել», - ասաց Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: infocom.am-ը հրապարակել էր լրագրողական հետաքննություն, որում բացահայտում է Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապը՝ հորեղբոր տղաներ լինելը:
Սեպտեմբեր 05, 2019 at 15:18
