

ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարող Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները սեպտեմբերի 14-ին պատրաստվում են մեծ ավտոերթ անցկացնել: Ավտոերթով ջերմուկցիները կշարժվեն դեպի Երևան և կմիանան Ազատության հրապարակում նախատեսված քայլերթին:
Հայտարարությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:
«Սիրելի հայրենակիցներ, այսպիսով, Ամուլսարի պահապան ջերմուկցիները ևս անում են իրենց քայլը։
Սեպտեմբերի 14-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով գնում են միանալու մայրաքաղաք Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` նվիրված Ամուլսարի փրկությանը։
Կոչ ենք անում միանալ այդ խաղաղ ակցիային, որն ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր Հայրենիքի։
Ամուլսարի պահապան ջերմուկցիները դեռ հեղափոխության առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է։
Ամուլսարը հայրենիք է, ուստի հայրենիքի փրկության ճանապարհին մենք այլևս ետ քայլ չունենք։
Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի տաքսիների կանգառ հրապարակից սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին:
Մենք գնում ենք միանալու մեր հազարավոր քույրերին և եղբայրներին, ովքեր հայրենիքի կարևորության գիտակցումով դուրս են գալու խաղաղ քայլերթի՝ ի աջակցություն Ամուլսարի փրկության։
Բոլոր հայրենասեր և հայրենատեր մարդկանց մասնակցությունը անչափ կարևոր է ։
Ամուլսարը սար է մնալու և վերջ», - նշված է հայտարարության մեջ։
Սեպտեմբեր 13, 2019 at 14:58
