

ԷկոԼուր
Սեպտեմբերի 30-ին Ջերմուկի բնակիչների փաստաբան Նազելի Վարդանյանը միջնորդություն ներկայացրեց ՀՀ վարչական դատարան` որպես հայցի ապահովման միջոց արգելելու «Լիդիան Արմենիա» ընկերությանը որևէ գործունեություն իրականացնել Ամուլսարում մինչև կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատաման նոր փորձաքննություն իրականացնելը:
Ջերմուկի 18 բնակիչ դատարանից պահանջում են անվավեր ճանաչել Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթուղթը: Նիստի ժամանակ փաստաբան Նազելի Վարդանյանը դատարանին ներկայացրեց «ELLARD»-ի ուսումնասիրության մեջ նշված այն գործոնները, որոնք հաշվի չեն առնվել փորձաքննական ՇՄԱԳ-ի և եզրակացության մեջ, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված 13 կետից բաղկացած գրությունը, որտեղ նշված է, թե ինչ նոր հանգամանքներ կան, որոնք փորձաքննության չեն ենթարկվել:
Նազելի Վարդանյանի ներկայացմամբ, այդ փաստաթղթերը պատասխանող կողմին ուղարկվել էին սեպտեմբերի 25-ին: ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Զարուհի Զուռնաչյանը դատարանին հայտնեց, որ դեռևս որևէ նոր փաստաթուղթ չի ստացել: Նախարարության ներկայացուցիչներ Երվանդ Մուրադյանն ու Խաչատուր Խաչատրյանն էլ հայտնեցին, որ այդ փաստաթղթերը ստացել են մի քանի օր առաջ և դեռ լիարժեք ծանոթ չեն դրանց: Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Սայաթ Բադալյանն ասաց, որ փաստաթուղթը փոստից ստացել է դատական նիստը սկսելուց մի քանի ժամ առաջ: Նրանք դատարանից ժամանակ խնդրեցին նյութերին ծանոթանալու համար: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին:
Սեպտեմբեր 30, 2019 at 22:03
