ՀՀ վարչական դատարանը բավարարեց ‹‹Լիդիան Արմենիա››-ի հայցը և անվավեր ճանաչեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը

ՀՀ վարչական դատարանը բավարարեց ‹‹Լիդիան Արմենիա››-ի հայցը և անվավեր ճանաչեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը

ԷկոԼուր

Ս.թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, որոշեց բավարարել ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ ‹‹Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին›› 27.08.2018թ-ի թիվ 30-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

datalex.am-ում առկատվյալ դատական գործից պարզ է դառնում, որ պատասխանող կողմը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, պատշաճ ծանուցված լինելով, չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին և չի ներկայացրել իր դիրքորոշումը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցյալ տարի ‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ում անցկացրել էր ստուգումներ և Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում հայտնաբերել ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված ‹‹Ոզնաթուփ մեխակը›› և ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված ‹‹Ապոլոնը›› տեսակի թիթեռը: Տեսչական մարմնի ղեկավարը որոշում էր կայացրել պարտավորեցնել ընկերությանը ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց Ամուլսարի տարածքում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությանը (ներկայում Շրջակա միջավայրի) առաջարկել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթին տրված դրական եզրակացությունը:
Տեսչական մարմնի որոշումից հետո ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը Ամուլսարի հանքավայրի տարածքում իրականացրած 1-օրյա ուսումնասիրության արդյունքում չէր հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված տեսակներին:

Այս հանգամանքը դատարանն ընդունել է որպես մասնագիտական եզրակացություն և ներառել դատական գործում որպես փաստերից մեկը, որով հերքվում է տեսչական մարմնի որոշումը:

Դատարանը նաև արձանագրել է, որ որոշումը կայացրած պաշտոնատար անձը՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, մինչ պաշտոնը ստանձնելը հանդիսացել է ‹‹Էկոլոգիական իրավունք›› ՀԿ-ի հիմնադիրը և հասարակական գործունեության ընթացքում հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, այդ թվում` հրապարակային կերպով: Դատարանը գտել է, որ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք առնվազն օբյեկտիվ դիտորդի մոտ կասկած են հարուցում վարչական մարմնի ղեկավարի՝ տվյալ գործի առնչությամբ անաչառության նկատմամբ, ուստի նման կասկածները փարատելու համար վերջինս պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել:

Իր հերթին Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ կերպ է արձագանքել դատարանի որոշմանը.

«Վճիռը հիմնված է երկու հանգամանքի վրա՝ հայտնաբերված կարմիրգրքային կենսաբազմազանության միավորների առկայությունը հիմնավորված չէ և տեսչության ղեկավարը (այսինքն ես) շահագրգիռ կողմ էր և չպետք է այդ հարցով որոշում ընդուներ:

Դատարանի այս հետևությունները հիմնված են բացառապես հայցվոր կողմի՝ ընկերության ներկայացրած ապացույցների վրա, քանի որ հակառակը չի ներկայացվել:

Այդ ապացույցների մեծ մասը ընկերության համար ստեղծել է բնապահպանության նախարարությունը՝ անօրինական գործողությունների միջոցով, որոնք դատաքննության ընթացքում պետք է հանվեին ապացուցողական բազայից՝ անօրինական ճանապարհով ձեռք բերված լինելու պատճառով: Իսկ ո՞վ պետք է դա աներ՝ պատասխանող կողմը՝ տեսչությունը: Գիտե՞ք այս գործով անցկացված չորս դատական նիստերից տեսչության ներկայացուցիչը քանի նիստի է մասնակցել: Ոչ մի: Ավելին, երբ դեռ տեսչության ղեկավարն էի, դատարանին միջնորդել էինք երկարացնել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը՝ դատաքննությանը հիմնավոր պատրաստվելու և լրացուցիչ ապացույցների բազա ձևավորելու համար, և դատարանը բավարարել էր միջնորդությունը: Իսկ հիմա կարդում եմ՝ վճռի տեքստում ուղղակիորեն գրված է, որ անգամ հայցադիմումի պատասխանը չի ներկայացվել: Նույն ընկերության կողմից տեսչության դեմ ներկայացված են նաև այլ հայցադիմումներ: Վստահ եմ, որ դրանց ևս տեսչությունը չի մասնակցում:

Դատարանի հետևությունը, որ տեսչության պետն ուներ շահագրգռվածություն, քանի որ նախկինում դեմ է արտահայտվել հանքավայրի շահագործմանը, առհասարակ դելեգիտիմացնում է գործող իշխանությանը իր գրեթե բոլոր նախաձեռնություններում:

Ստացվում է՝ Երևանի ավագանու անդամները չեն կարող որոշումներ ընդունել քաղաքի ապօրինի կառույցներն ապամոնտաժելու հարցում, գործադիրը չի կարող նախաձեռնել գործընթացներ անցումային արդարադատության և նախկինում թալանվածը վերադարձնելու հարցում և այդպես շարունակ, քանի որ այդ մարմիններում ներգրավված մարդիկ նախկինում այդ հարցերի վերաբերյալ ունեցել են դիրքորոշումներ: Եվ առհասարակ, սա նշանակում է, որ ինձ բնապահպանական տեսչության ղեկավար նշանակելն ընդհանրապես անօրինական գործողություն էր, քանի որ բոլոր բնապահպանական հարցերում ես ունեցել եմ հստակ արտահայտված դիրքորոշում:

Սա անհեթեթություն է: Եթե կուզեք, պետականության դեմ շատ հեռուն գնացող, խորքային սաբոտաժը հենց սա է, որ ներկայիս իշխանությունն ինքն իր գլխին սարքում է»:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանն ազատվել է տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ս.թ. հունվարի 21-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Հոկտեմբեր 21, 2019 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր