

ԷկոԼուր
Ս.թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 2 դպրոցում, Ամուլսարի վերաբերյալ տեղի կունենա հանրային բաց քննարկում: Այս մասին հայտարարություն է տարածել ջերմուկցի ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:
Հանդիպմանը քննարկվելու է Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհները բացելու վերաբերյալ ոստիկանության պահանջը:
Հայտարարության մեջ նշված է.
«Եվս մեկ անգամ նշենք, որ քննարկումը վերաբերում է ՀՀ փոխոստիկանապետի, բարձրաստիճան ոստիկանների և Վայոց ձորի մարզպետի այն առաջարկին, որ բնակիչները թույլ տան Ամուլսարի տարածքում գտնվող գույքը ձմեռացվի։
Նախորդ այդ հանդիմանը ներկա գտնվող տասից ավել բնակիչներով դեմ ենք արտահայտվել այդ առաջարկին և հիմնավորել, որ անցյալ տարի իրականացված ձմեռացումից հետո աշխատանքներ չեն իրականացվել, և նոր ձմեռացման կարիք ուղղակի չկա։
Բայց և այնպես, Ամուլսարի պայքարում ներգրավված են հազարավոր հայեր, և մեր որոշումները միշտ կայացվում են հանրային բաց քննարկումների միջոցով։
Ուստի, ըստ պայմանավորվածության, մենք՝ Ջերմուկ համայնքի բնակիչներս, Ջերմուկի թիվ 2 դպրոցում հրավիրում ենք հանրային բաց քննարկում, որպեսզի բոլորս միասին քննարկենք և պատասխանենք այդ առաջարկին։ Խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին և Ամուլսարի պահպանությամբ մտահոգ այլ քաղաքացիներին ներկա գտնվել այս կարևոր քննարկմանը։
Անկախ ամեն ինչից՝ ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»։
Դեկտեմբեր 13, 2019 at 18:58