Ամուլսարի շուրջ աճող լարվածության մասին CEE BankWatch միջազգային ցանցը հայտնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին

Ամուլսարի շուրջ աճող լարվածության մասին CEE BankWatch միջազգային ցանցը հայտնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին

ԷկոԼուր

Երեք օր շարունակ լարված մթնոլորտ է տիրում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր տանող ճանապարհին տեղի բնակիչների կողմից տեղակայած երկրորդ պահակակետի տարածքում: 2020 թ․ հունիսի 30-ին պահակակետից Ամուլսար տանող ճանապարհ և Ամուլսարի ծրագրի տարածք էին ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել էին «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գույքի պահպանություն իրականացնող պահնորդական նոր ընկերության ներկայացուցիչներ։ Նրանք զենքերը ձեռքին ցուցադրաբար կանգնել էին դեպի Ջերմուկ տանող մայրուղու վրա։ Մինչդեռ, ըստ
Ամուլսարի պահապաների, պահնորդները իրենց պատկանող զենքը կարող են կրել միայն
Ամուլսարի հանքավայրի տարածքում, որտեղ էլ, որ գտնվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գույքը։

Նույն օրը երեկոյան Ջերմուկ համայնքի բնակիչների, պահնորդային ծառայության և ոստիկանության միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ նոր պահնորդային ծառայությունը կշարունակի գործել նախորդ պահնորդական ընկերության նման, այսինքն, Ամուլսարի տարածքում կմնան միայն տվյալ ժամանակահատվածի հերթապահները՝ 2-3 հոգի, նրանք զինված չեն լինի, իսկ պահնորդային ծառայության մյուս աշխատակիցները, ովքեր տվյալ պահին հերթապահություն չեն իրականացնում, Ամուլսարի տարածքում չեն մնա:

Հաջորդ օրը՝ հուլիսի 1-ին, ձեռքբերված պայմանավորվածությունը պահնորդական ընկերությունը չի պահպանել։ Երկրորդ պահակակետի տարածքում պահնորդային ծառայության՝ սահմանվածից ավելի շատ աշխատակիցներ էին հավաքվել։ Ջերմուկի բնակիչները պահանջեցին գործել ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ինչը չստացվեց: Տեղի ունեցավ բախում Ջերմուկի բնակիչների և պահնորդական ընկերության աշխատակիցների միջև: Դեպքի վայր ժամանեց ոստիկանություն:

Դեպքի կապակցությամբ հուլիսի 1-ին CEE BankWatch միջազգային ցանցը դիմեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ/EBRD) Հակակոռուպցիոն քաղաքականության պահպանման մարմնին և Ծրագրերի բողոքարկման մեխանիզմին՝ հայտնելով Ամուլսարի ծրագրի տարածքում աճող լարվածության մասին: ՎԶԵԲ-ը Ամուլսարի ծրագրի ֆինանսավորողներից է: CEE BankWatch-ը պահանջել է բանկի կառույցներից կապվել ծրագրի թիմի, Երևանում գտնվող ՎԶԵԲ-ի գրասենյակի և անմիջապես հաճախորդի հետ՝ նշելով «Լիդիան Արմենիա»-ի կողմից ակտիվ գործողությունների կատարման անհրաժեշտության մասին` կանխելու ակտիվիստների նկատմամբ բռնի գործողությունները:

CEE BankWatch-ը խնդրել էր ՎԶԵԲ-ին երաշխավորել, որ ոչ մի սադրանք կամ բռնի միջոցներ չեն կիրառվի շրջափակումը վերացնելու նպատակով: «Ուժի կիրառմամբ ծրագրի տարածք մուտք գործելու ապահովումը չի օգնի ընկերությանը ձեռք բերել սոցիալական աջակցություն և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի տեղի համայնքների միջև հակամարտության սրմանը»,- նշված է CEE BankWatch դիմումի մեջ:

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմն արձագանքել է այս կոչին և հայտնել, որ դիմումը փոխանցվել է Ամուլսարի ծրագրի թիմին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակին:

CEE BankWatch-ը հիշեցնում է «Լիդիանին», որ ՎԶԵԲ-ի բնապահպանական և սոցիալական քաղաքականությունը պարունակում է հստակ դրույթներ անվտանգության ուժերի վարքագծի վերաբերյալ։ Մասնավորապես, հաճախորդը չի թույլատրում որևէ ուժի կիրառում, բացառությամբ այն դեպքերի, եթե այն օգտագործվում է կանխարգելիչ և պաշտպանական նպատակներով`սպառնալիքի բնույթին և աստիճանին համապատասխան:

Հուլիսի 1-ի երեկոյան պահնորդական նոր ընկերության ռեզերվային կազմը լքեց Ամուլսարի ծրագրի տարածքը։

Հուլիսի 2-ին կրկին Ամուլսարի տարածք 4 մեքենա է մտել: Երկրորդ պահակակետ են ժամանել նաև Ջերմուկի բնակիչները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը: Նա նշեց, որ ամեն ինչ հանգիստ է, սակայն մարդիկ հավաքվում են: Շիրակ Բունիաթյանը նաև հայտնեց, որ իրենց ստացած հավաստի տեղեկատվության համաձայն, պահնորդ ծառայության աշխատակիցներից շատերը բարձր ջերմություն ունեն:



Հուլիս 02, 2020 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր