«Մուլտի գրուպ» կոնցեռնի պատասխանը ԷկոԼուրին Մղարթի ոսկու հանքի չաշխատելու վերաբերյալ

«Մուլտի գրուպ» կոնցեռնի պատասխանը ԷկոԼուրին Մղարթի ոսկու հանքի չաշխատելու վերաբերյալ

Մեկնարկել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել մետաղական հանքերի շահագործման թույտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների պատասխանատվության բարձրացմանը ընդերքօգտագործման պայմանագրային և այլ թույլտվություններով ամրագրված պարտավորությունների կատարման նկատմամբ, նպաստել մետաղական հանքերի շահագործման թույլտվություններ ունեցող, սակայն չաշխատող կազմակերպությունների հաշվետվողականության և պատասխանատվության բարձրացմանն ազդակիր համայնքների նկատմամբ:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնն ընդերքօգտագործման իրավունք ունի Մղարթի ոսկու թիվ 5 և թիվ 8 հանքային մարմինների նկատմամբ: Մի քանի տարի է՝ Մղարթի հանքը չի շահագործվում: ԷկոԼուրը հարցում է ուղարկել ընդերքօգտագործողին՝ որում նշված է.

«1. Ի՞նչ պատճառներով չեն շահագործվում Ձեր ընկերության տիրապետմանը հանձնված ՀՀ Լոռու մարզի Մղարթի ոսկու թիվ 5 և թիվ 8 հանքային մարմինները:

2. Նախատեսվո՞ւմ է արդյոք հանքի վերաշահագործում, եթե այո, ապա երբվանի՞ց։

3. Փոխվա՞ծ է արդյոք Ընկերության կողմից օգտագործվող հողերի նպատակային նշանակությունը և եթե այո, ապա քանի՞ հեկտար հանքավայրի և քանի՞ հեկտար ընկերության ենթակառուցվածքների համար։

4. Ընկերությունը նպատակ ունի՞ արդյոք վերակնքելու ընդերքօգտագործման թիվ 20.12.2012 թ, ՊՎ -213 պայմանագիրը և այնտեղ ամրագրելու ազդակիր Օձուն համայնքին (Մղարթ բնակավայր) սոցիալական օժանդակություն ցուցաբերելու դրույթներ (համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 54-ի 3-րդ մասի 9-րդ կետի պահանջների):

5. Նշեք խնդրեմ ըստ տարիների ազդակիր համայնքին բարեգործական ծրագրերի շրջանակներում ցուցաբերած օժանդակության մասին:

6. Ընկերության կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հանքաջրերի, պոչամբարից արտահոսքերի վերահսկման, ինչպես նաև մթնոլորտային օդի և հողերի աղտոտման կանխարգելման համար»:

Ի պատասխան «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենի պաշտոնակատար Արայիկ Կեսոյանի N37/31.07.2020 նամակում նշված է.

« 1) 2005-2013 թթ. ժամանակահատվածում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների հիման վրա կատարվել է Մղարթի հանքավայրի կենտրոնական տեղամասի պաշարների վերագնահատում: Հանքավայրում հայտնաբերվել և հետախուզվել են նոր հանքային մարմիններ, որոնք տեղադրված են գործող բացահանքի սահմաններում միմյանց զուգահեռ։ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության (ՕՀՊԳ) N 372 որոշմամբ հաստատվել է հանքավայրի պաշարների նոր որակական և քանակական տվյալներ: Այդ իսկ պատճառով հանքավայրի շահագործելու համար կազմված է նոր նախագիծ, որը դեռևս 2018 թվականից գտնվում է փորձաքննական փուլում: Մղարթի ոսկու հանքավայրի արդյունաբերական շահագործման նախագիծը կազմված է հանքավայրի Կենտրոնական տեղամասի երկրաբանատնտեսագիտական վերագնահատման արդյունքում հետախուզված համար 6 , 6ա , 62, 64 67, 7ա, 75, 76, և 8-րդ հանքային մարմիններից հանքաքարի արդյունահանման նպատակով: Թիվ 5 հանքային մարմինը, հաշվի առնելով շրջակա միջավայրի պայմանները, չի շահագործվի:

2) Մղարթի ոսկու հանքավայրը կշահագործվի նախագծի փորձաքննություններն ավարտելուց հետո:

3) Լեռնային աշխատանքների զբաղեցրած հողատարածքները կազմում են 40

հեկտար, որոնց նշանակությունը փոխված է արդյունաբերականի: Նշված հողատարածքից լեռնահատկացման մակերեսը կազմելու է 25 հեկտար։

4) Աշխատանքները վերսկսելուց կվերակնքվի ընդերքօգտագործման թիվ 20.12.2012 թ, ՊՎ-213 պայմանագիրը: Այնտեղ կամրագրվի ազդակիր Օձուն համայնքին (Մղարթ բնակավայր) սոցիալական օժանդակություն ցուցաբերելու` դրույթներ (համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 54-ի 3-րդ մասի 9-րդ կետի պահանջների: 

5) Հանքի շահագործման ընթացքում ընկերությունը միշտ եղել է Մղարթ համայնքի կողքին, ցանկացած հարցով դիմելու դեպքում տրվել է լուծում։ Մասնավորապես` ամեն տարի սելաֆներից և հեղեղումներից հետո նորոգվել և բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները, մասնակցել ենք գյուղի դպրոցի գազաֆիկացման աշխատանքներին` դասարաններում տեղադրվել են գազավառարաններ։ Ներկայումս վերանորոգվում է գյուղի հանդիսությունների տունը, որի համար տրամադրվել է 2 միլիոն դրամ։ Սկսած 2005 թվականից Մղարթ (Օձուն) համայնքի բյուջե երկրաբանական ուսումնասիրությունների և լեռնային աշխատանքների վարձակալած հողերի համար վճարվել է տարեկան 2-4 միլիոն դրամ։ 2018 թ. ընկերության միջոցներով մաքրվել են «ելկուտ» կոչվող անտառից գյուղ մտնող բոլոր աղբյուրների ակունքները, կառուցվել են նոր կապտաժային դիտահորեր։ Գյուղին խմելու ջրով ապահովելու նպատակով նույն տեղամասում հորատվել է 50 մետր խորությամբ հորատանցք, որն ունի ջրի ցածր դեբիտ:

6) Մղարթի հանքավայրի բացմշակմամբ շահագործման նախագծին կից կազմված է ՇՄԱԳ, որում մանրամասնորեն բերված են Ձեր հարցի պատասխանները։

Հանքավայրը շահագործվելու է բացահանքով: Հանքաքարը մշակվում է գրավիտացիոն եղանակով, այսինքն՝ քիմիական եղանակով հարստացում չի կատարվում։

Բացահանքը ապահովված է մակերևութային ջրերի բնական հոսքով։ Ջրահեռացումը կատարվելու է բացահանքի հատակից, ջրահեռացման առվի միջոցով, որը ունենալու է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք թեքությամբ հոսքի հարթություն։

Բացահանքի տարածքում հին ջրածածկ փորվածքներ կամ այլ ջրավազաններ (գետեր, լճեր, արհեստական լճակներ), ինչպես նաև սողանքներ կամ կարստեր գոյություն չունեն:

Տեխնիկական ջրի օգտագործումը ամբողջությամբ հանդիսանում է անվերադարձ ջրօգտագործում։ Ճանապարհների և հարթակների ջրցանը հաշվարկված է այնպես, որ նստեցվի փոշին և չառաջանա արտահոսք։ Լեռնային զանգվածի խոնավեցումը նույնպես չի կարող առաջացնել արտահոսք։ 

Բացահանքի արտանետումների քանակները և վտանգավորության դասը բերված են աղյուսակներում:

Համաձայն CH 245-71 սանիտարական նորմերի՝ Մղարթի ոսկու հանքավայրի բացահանքը հանդիսանում է երկրորդ դասի ձեռնարկություն, որի սանիտարապաշտպանիչ գոտին սահմանվում է 500 մ:

Պոչամբարը կառուցվելու է ձորակում հեղեղատի աջափնյա բարձրադիր տերասսայում։ Երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղամասում գրունտային ջրեր չկան։ Պոչամբարում լցվելու է գրավիտացիոն մեթոդով հարստացված հանքաքարի պոչերը:

Գրավիտացիոն մեթոդով մաքսիմալ կորզվում է սուլֆիդների համախառն քանակության 85-90%, իսկ հանքաքարում եղած ոսկու 75-80%: Հանքաքարում սուլֆիդների քանակությունը կազմում է 40-50 տոկոս, ուստի նման կորզման դեպքում պոչամբար գնացող մասսայում սուլֆիդները կկազմեն 4-6 տոկոսը։ Հանքաքարը մշակվում է մաքուր տեխնիկական ջրով, որը վերցվում է Լոռու ջրանցքից, հանքաքարի մշակման ժամանակ քիմիական ռեագենտներ չեն օգտագործվում:

Պոչամբարի շահագործման ժամանակ ապառներից թթվային դրենաժ չի առաջանա, քանի որ այն մշտական ծածկված կլինի ջրով և օքսիդացման զոնա չի առաջանա։

Պոչամբարի հատակը բնականից ծածկված է կավաավազային և կավագլաքարային ապառների շերտով, որը կարող է կատարել ջրամերժ շերտի դեր։

Պուլպայի կախույթային կավային լուծույթը նույնպես հանդարտվելիս և նստելուց հետո կկատարի ջրամերժ շերտի դեր: Այս հանգամանքները թույլ չեն տա պուլպայի ջրերի խառնումը ընդերքի ջրերին։

Պոչամբարի կառուցման տեղում կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ և բույսեր չկան։ Պոչամբարի պարզեցված ջուրը կօգտագործվի շրջանառու ջրային համակարգով, որը հնարավորություն կտա խնայել ջրային ռեսուրսները:

Չոր եղանակներին պոչամբարում փոշի չի առաջանա, քանի որ այն կլինի միշտ թաց վիճակում:

Պոչամբարը կծառայի մոտ 10 տարի, որից հետո այն կփակվի։ Պոչամբարը փակելուց կձեռնարկվեն հետևյալ միջոցառումները

1.Կապամոնտաժվեն բոլոր տեսակի տեխնիկական կառույցները:

2.Պոչամբարի լիակատար չորացումից հետո պատվարների երկայնությամբ կկատարվի ծառատունկ, իսկ ընդհանուր մակերևույթում կկատարվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ։ Կլցվի որոշակի հումուսացված 10-15սմ հաստությամբ հողի շերտ և կցանվի խոտաբույսերի սերմ։

Այս մեթոդը հնարավորություն կտա շրջակա միջավայրը պաշտպանել չորացված պոչերի փոշուց և ապառներում գոյություն ունեցող սուլֆիդային միներալների քայքայվելուց։

• Ազդակիր համայնքների բնակչության անվտանգության և առողջության, աղետների կանխման և կանխարգելման միջոցառումների մշակման, ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու համար ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացված է ՄՂԱՐԹԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ:

Մշտադիտարկումը /Էկոլոգիական մոնիթորինգը/ շրջակա միջավայրի, այդ թվում շրջակա միջավայրի բաղադրիչների, բնական էկոլոգիական համակարգերի, նրանցում ընթացող գործընթացների, դրական և բացասական տեղաշարժերի, իրավիճակի համալիր դիտարկում է, որը թույլ է տալիս գնահատել և կանխատեսնել շրջակա միջավայրի վիճակի փոփոխությունները:

Էկոլոգիական մշտադիտարկման նպատակներն են. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և նորմավորումը, ազդեցության աղբյուրների վերահսկումը /արտանետումները, ֆիզիկական ազդեցությունը, մնացորդային ազդեցությունը, վտանգները/, շրջակա միջավայրի բաղադրիչների որակի վերահսկողությունը: Այս ամենը անհրաժեշտ է ազդակիր համայնքների բնակչության անվտանգության և առողջության, աղետների կանխման և կանխարգելման միջոցառումների մշակման, ռացիոնալ բնօգտագործում և բնապահպանություն ապահովելու համար»:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Օգոստոս 06, 2020 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր