«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն բողոքարկել է Հրազդանի երկաթի հանքի նկատմամբ իրավունքի դադարեցման ՏԿԵ նախարարի հրամանը

«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն բողոքարկել է Հրազդանի երկաթի հանքի նկատմամբ իրավունքի դադարեցման ՏԿԵ նախարարի հրամանը

«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն բողոքարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի 31.07.2020թ. N 1033-Ա հրամանը, որով դադարեցվել էր այս ընկերության ընդերքօգտագործման իրավունքը Հրազդանի երկաթի հանքավայրի նկատմամբ: Բողոքարկման մասին նշված է ՏԿԵ նախարարության կողմից 2021 թվականի հունվարին հրապարակված «Մետաղական օգտակար  հանածոների արդյունահանման մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվություն» փաստաթղթում:

Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման նախագծին դրական բնապահպանական եզրակացություն է տրվել 2008թ-ին, որն այդ ժամանակ փորձաքննության էր ներկայացրել «Նագին» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը հանքը պետք է շահագործեր 2009թ-ին, սակայն հասարակական մեծ ընդվզում սկսվեց հանքի շահագործման դեմ: Հանքը չշահագործվեց: 2011թ-ին հանքի ակտիվները «Նագինը» վաճառեց չինական «Ֆորչուն Օյլ» ընկերությանը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ն է: Այս ընկերությանը տրված 20.10.2012թ. ընդերքօգտագործման ՇԱԹՎ29/169  թույլտվության համաձայն՝  հանքը պետք է շահագործեր մինչև 26.01.2032թ-ը: Այս ընկերությունը միայն պաշարների հետախուզական աշխատանքներ իրականացրեց հանքի տարածքում: Հանրային մեծ բողոք կար Հրազդանի երկաթի հանքի շահագործման դեմ: Հանքը չշահագործվեց:

Այսօր էլ Հրազդանի բնակչությունը կտրականապես դեմ է Հրազդանի հանքի շահագործմանը:

«Մեր դիրքորոշումը մեկն է՝ երբևէ չենք համաձայնվի հանքի շահագործմանը, որովհետև այն գտնվում է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող վայրում: Հանքի շահագործումը նշանակում է Հրազդան քաղաքի բացառապես վերացում: Հանքը գտնվում է քաղաքի կենտրոնում, որը շրջապատված է համայնքի բնակարաններով, առանձնատներով, բազմահարկ շենքերով, կողքին Հրազդան գետն է, մեր խմելու ջրի հիմնական աղբյուրները: Մեզ ոչ ոք չի ապացուցել, որ հանքի շահագործումը չի ազդելու աղբյուրների ակունքների վրա»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը: 

«Այն փոսորակը, որտեղից պետք է հանքաքար հանեին, մի քիչ ավելի խորը կլիներ, քան ստորոտը, իսկ այդ ստորոտում ունենք քաղցրահամ ջրի լուրջ աղբյուրներ, որտեղից ամբողջությամբ սնվում են Հրազդան, Ծաղկաձոր քաղաքները և Աբովյան քաղաքի մի մասը: Այդ աղբյուրները սնվում են Սևանա լճից: Մենք, միանշանակ, այդ աղբյուրները կկորցնեինք, որքան մարդ կթունավորվեր: Երկրորդ՝ «Ծովինար» ջրակարգավորիչ համակարգն այդ բարձրության ստորոտում է, որը Սևան-Հրազդան կասկադի կարգավորիչ ավազաններից է: Այնտեղ ունենք Մարմարիկ գետը, որը լցվում է Հրազդան գետ, և դեպի Արարատյան դաշտ ոռոգման ջուրն է գնում: Ծովինարի ջրային ավազանն էինք աղտոտելու, և այդտեղ ունենալու էինք ջրային ավազանի շատ լուրջ կորուստներ: Դժվար էր լինելու փոշիների կառավարումը: Հրազդանը, Ծաղկաձորը, Մարմարիկի ձորն ու Արզաքանը զբոսաշրջային լուրջ ներուժ ունեցող տարածքներ են: Եվ մենք գնում էինք այդ տարածքների ներուժն ուղղակի ոչնչացնելու ճանապարհով»,- ԷկոԼուրին ասաց հանքի շահագործման դեմ պայքարի առաջամարտիկներից «Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը:  

«Ծովինար» ջրակարգավորիչ համակարգ

«Հանքի վերաբերյալ որևէ լսումներ չեն եղել: Նախկինից չկա որևէ փաստաթուղթ, որ համայնքը համաձայնություն է տվել: Ոչ մի փաստաթուղթ չկա համայնքապետարանում, հնում էլ չի եղել: Եթե եղել է, միտումնավոր դրանք վերացվել են»,- ասաց փոխհամայնքապետ Վարուժան Սաֆարյանը: 

Մովսես Մանուկյանը նշեց, որ ունեն Հրազդանի քաղաքապետի գրությունը, որ հանքի տարածքում հողհատկացում ընկերությունը դեռ չունի:

Ըստ Հրազդանի փոխհամայնքապետի՝ հանքի տարածքում հրազդանցիներին պատկանող հողեր կան: «Զարմանալի է, թե ընդերքն ինչպես են վաճառում որևէ մեկին, երբ մակերեսը սեփականաշորհված է: Նույն այդ սարի վրա մեր քաղաքացիներն ունեն սեփականաշնորհված հողեր: Այդ մարդիկ այսօր լուծում են նաև սոցիալական խնդիր. ցանքսեր են անում, եկամուտներ են ստանում »,- ասաց Հրազդանի փոխհամայնքապետը: Նա նշեց, որ հետախուզական աշխատանքներից հետո ընկերության կողմից հողերն ամբողջությամբ չէին վերականգնվել, փոխարենը հարթեցման աշխատանքներ կատարել են սեփականատերերը: 

«Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Արսեն Արսենյանն էլ ասաց, որ հանքի շահագործումը մեծ հարված կլինի տուրիզմին: «Հակված եմ տուրիզմով զարգացնել համայնքը: Դա երկարաժամկետ զարգացում կլինի, քան թե կարճաժամկետ՝ 10-15 տարի հանքի շահագործում: Քանդեն ու մեզ թողնեն չոր ու ցամաք փոշի»,- ասաց նա: 

«Առողջ միջավայր» բնապահպանական ՀԿ-ի նախագահ, Կոտայքի մարզին կից բնապահպանական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Օհանյանը անհրաժեշտ համարեց  օրենսդրության փոփոխումը: « Պետք է մշակել նոր օրենսդրություն, որ  հաշվի առնի առաջին հերթին բնության, բնակիչների շահերը: Իսկ Հայաստանում երեսուն տարի տնտեսվարողի շահն է գերակա եղել»,- ասաց նա:

Աշոտ Օհանյանը տեղեկացրեց, որ ներկայում համայքներում ստեղծվում են համայնքի սոցիալ-զարգացման խորհուրդներ, որոնց նպատակը հնգամյա ծրագրերի մշակումն է: «Այդ ծրագրերում հաշվի են առնվում առաջին հերթին բնապահպանական խնդիրները: Այն հաստատվում է ավագանու կողմից և դառնում այդ համայնքի զարգացման օրենք: Եվ տնտեսվարողներն ուզեն, թե չուզեն, պետք է ենթարկվեն այդ օրենքին, որովհետև դա օրենք է այդ համայնքի տարածքում»,- ասաց նա: 

«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ–ի հարկային պարտավորություններն ու դրանց կատարողականը

Ընկերության 20.11.2012թ. ՊՎ 169 ընդերքօգտագործման պայմանագրում թվային առումով  համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին մասնակցության կոնկրետ պարտավորություններ նշված չեն, բացի համայնքի սոցիալական ծրագրին մասնակցության ընդհանուր դրույթների։ Քանի որ պայմանագրով ոչինչ նախատեսված չի եղել, ընդերքօգտագործողը 2016-2018թթ.  համայնքին բարեգործական հատկացումներ, նվիրատվություններ կամ այլ ձևով անհատույց օտարումներ չի կատարել։ 

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության՝ 2018թ-ի համար հաշվետու տարում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվել է 7 միլիոն 84 հազար դրամի վճարում, մինչդեռ նույն թվականի համար ընկերության ներկայացրած հաշվետվության համաձայն, շրջակա միջավայրի դրամագլխին կատարած վճարը կազմել է միայն 1 միլիոն 28 հազար 460 դրամ։

Ընկերության գործունեության վայր հանդիսացող Հրազդան համայնքին «Ֆորչն Ռիզորսիս»-ը գույքահարկ չի վճարել: Ընկերությունը գույքահարկ է վճարել Երևան քաղաքի բյուջե, որը 2016թ․ կազմել է 17 հազար 300 դրամ, 2017-ին՝ 2032 դրամ, 2018թ-ին գույքահարկ չի վճարել: Ուշագրավ է, որ 2016-2018 թթ. չիրականացնելով խտանյութի արտադրություն և ունենալով ընդամենը 1 աշխատակից, ընկերությունը 2016, 2017 թվականներին վճարել է 5617878-ական  դրամ եկամտահարկ, իսկ 2018թ-ին՝ 4006476 դրամ: 2016-2018 թվականներին վճարել է 420000-ական դրամ ավելացված արժեքի հարկ՝ համաձայն ընկերության  ԱՃԹՆ հաշվետվության:

Ինչ են առաջարկում Հրազդանի բնակիչներն իրենց համայնքի զարգացման համար

- Ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի իրացման և տուրիզմի զարգացման ենթակառուցվածք
- Ասֆալտապատել փողոցները և բակերը (քաղաքային փոշին նվազեցնելու նպատակով), խաղահրապարակներ կառուցել, վերանորոգել մանկապարտեզները 
- Անվճար ընդհանուր բուժստուգումներ իրականցնել համայնքի բնակիչների համար
- Ապահովել համայնքի բժշկական կենտրոնները լավագույն մասնագետներով և սարքավորումներով
- Աջակցել համայնքի երիտասարդական նախաձեռնություններին
- Աջակցել ձեռներեցներին/ձեռնարկատերերին
- Ստեղծել այնպիսի նոր աշխատատեղեր, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը
- Կազմակերպել ծառատունկեր, պահպանել կանաչ տարածքները և բարեկարգման աշխատանքներ իրականացնել
- Փոփոխել հանքարդյունաբերությանը վերաբերող օրենսդրությունն այնպես, որ առաջին հերթին հաշվի առնվեն բնության և բնակիչների շահերը, այնուհետև բիզնեսի
- Համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունների կողմից շրջակա միջավայր վնասկար նյութերի արտանետման համար վճարվող բնապահպանական հարկերն ամբողջությամբ վճարել համայնքին:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Մարտ 30, 2021 at 10:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր