Նոր զարգացումներ Մեղրասարի ոսկու հանքավայրի շուրջ

Նոր զարգացումներ Մեղրասարի ոսկու հանքավայրի շուրջ

2021թ. հունիսին կլրանա «Ատ-Մետալս» ՍՊԸ-ին տրված Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը:

2021թ-ի հունվարի 26-ին «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել «Տաշտունի փարձարարական ոսկու կորզման գործարանի վերազինման նախագիծ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը»: Փաստաթղթի հանրային լսումները կայացել են փետրվարի 2-ին առցանց եղանակով, որին մասնակցել են ընկերության և Մեղրիի համայնքապետարանի սակավաթիվ ներկայացուցիչներ:  

2021թ-ի մայիսի 24-ի դրությամբ դեռ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում առկա չէ «Ատ-Մետալս»-ի ծրագրի վերաբերյալ փորձաքննական եզրակացություն: ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ից «ԷկոԼուրին» հայտնեցին, որ դեռևս եզրակացություն չի տրվել, նախագիծը փորձաքննության փուլում է: 

Մեղրասարի ոսկու հանքավայրի  ընդերքօգտագործման թույլտվությունը «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն ստացել է 2014թ.։  2015թ-ից հանքի շահագործումը դադարեցվել է: Ըստ Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում ընկերության ներկայացրած հաշվետվությունների՝ ընկերությունը 2016 և 2018 թվականներին էլ չի շահագործել հանքը, իսկ 2017թ. ընկերության արտադրության ծավալը կազմել է 14257 տոննա, որից՝ 10855 տոննա ոսկու հանքաքարից 1000 տոննան իրացրել է «Թոմ ընդ Միր» ՍՊԸ-ին, 9855 տոննան՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին։

2019թ. հուլիսին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին ուղղված նամակում «Ատ-Մետալս» ընկերության տնօրենը հայտնել էր, որ մինչև 2019թ. հուլիս ամիսը չէր կատարվել հողի կատեգորիայի փոփոխություն, քանի որ ընկերությանը հատկացված տարածքի մի մասը համընկել էր «Արևիք» ազգային պարկի սահմանների հետ։ Ծրագրի հետագա իրականացման համար «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն անհրաժեշտ փաստաթղթերով պաշտոնապես դիմել է համապատասխան պետական մարմիններին հողի կատեգորիայի փոփոխության համար։ Նամակում միաժամանակ նշվում էր, որ, ի պատասխան Ընկերության հարցման, տևական ժամանակ պետական մարմինները հայտնել են, որ հողի կատեգորիայի փոփոխության քննարկման համար պետք է փոքր ինչ սպասել, քանի որ «Արևիք» ազգային պարկի սահմանները դեռևս չեն հստակեցվել։

«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի տնօրենի այս պնդումը հակասում է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչության պետ Հ. Ռ. Ռափյանի 2020թ. նոյեմբերի 30-ի քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմանը, համաձայն որի՝ «ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կատարվել է ազգային պարկի սահմանների ճշգրտում, արդյունքում 02.07.2015թ. ՀՀ կառավարության N 731-Ն որոշմամբ «Արևիք» ազգային պարկի տարածքը նվազել է 462,66 հա և դրանով պայմանավորված «Ատ-Մետալս» ՍՊ ընկերությանը Լ-514 լեռնահատկացման ակտով տրամադրված 38,84459 հա հողամասը հայտնվել է «Արևիք» ազգային պարկի սահմաններից դուրս»։ 

Այդ 38,84459 հա հողատարածքը, որպես գյուղատնտեսական նշանակության հող, ընդգրկված է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում: Մինչև 2021թ-ի մարտն այս հողերի կատեգորիան չէր փոխվել ընդերքօգտագործման հողերի կատեգորիայի, քանի որ Մեղրիի ավագանին դեմ էր քվեարկել այդ փոփոխությանը: Ընկերությունը դատի էր տվել Մեղրիի ՏԻՄ-ին հողերի կատեգորիան փոխելու պահանջով: Սակայն ՀՀ վարչական դատարանը 2020թ-ի մայիսի 4-ի վճռով մերժել էր հայցը: Ընկերությունը դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Դատական նիստը նշանակված է 2021թ-ի հոկտեմբերի 21-ին:  

Մինչ կընթանան դատական գործընթացները, 2021 թ-ի մարտի 23-ին Մեղրիի ավագանին N 27 որոշմամբ կողմ է քվերակել 38,84469 հողերի կատեգորիան ընդերքօգտագործման հողերի կատեգորիայի փոխելու որոշմանը՝ տարեկան վարձավճար սահմանելով 4 միլիոն 824 հազար 511 դրամ:

«ԷկոԼուրի» հետ հանդիպման ժամանակ Մեղրասարի հանքին ազդակիր Տաշտուն բնակավայրի բնակիչները նշեցին, որ դեմ են հանքի և ֆաբրիկայի վերաշահագործմանը: «Այն օրը ֆաբրիկայից ջուր էր թափվել, լցվել ճանապարհի վրա: Ֆաբրիկայից քիմիական պարունակություն ունեցող ջուրը բաց են թողելու, ֆաբրիկայի աստատկեքը (թափոններ) թափվելու է ձորը, ձորից էլ գնա գետ: Այդ ջուրն անասունը խմելու է, այդ կաթը, միսը, մածունը դու ես օգտագործելու: Ինչ իմանամ՝ ինչ ազդեցություն կա բույսերի ու բանջարեղենի վրա: Ծառերը քանի գնում, չորանում են: Ժողովրդին ո՞վ է բան ասում»,- նշեց Տաշտունի բնակիչը: Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ զարգացած երկրները գյուղատնտեսությամբ են զբաղվում. «Այսօր հանքը դնեն, երկու հոգի հարստանան: Հանքը դանդաղ մահ է, հանքավայր չենք ուզում»,- ասաց նա:  

Բնակիչները նշեցին, որ հանքավայրի շահագործման դեպքում աշխատատեղերի ստեղծման խոստումները ևս արհեստական են, քանի որ բարձր վարձատրվող աշխատանքների ընկերությունը հրավիրում է հատուկ մասնագետների, իսկ բնակիչներին ներգրավում են հիմնականում ցածր վարձատրվող, բանվորական աշխատանքներ կատարելու համար: Ի դեպ նշենք, որ ընկերությունում զբաղվածների թիվը 2016թ. կազմել է 16 հոգի, 2017թ.՝ 9 հոգի, իսկ 2018թ.՝ 10 հոգի:

«ԷկոԼուրի» հարցին, թե ինչ առաջարկներ ու պահանջներ կունենան հանքարդյունաբերական ընկերության նկատմամբ, եթե այն, այնուամենայնիվ, սկսի աշխատել, բնակիչներն արձագանքեցին. «Ես ցանկանում եմ իմանալ, թե ռադիացիոն ֆոնը որքան է այս տարածքում, օդի աղտոտվածության չափումներ լինեն, ընկերությունների աշխատանքը դառնա ավելի հաշվետու, ընկերությունը պատասխանատու լինի ցանկացած հարցի վերաբերյալ, անասունի արոտն է, այդ ամենը հաշվի առնեն, տարածքը չաղտոտեն»:

Նշենք, որ Գ.Պ Ալոյանի  «Ураноносность геологических формаций Армении» գիտական աշխատության  համաձայն՝ Մեղրիի բեկվածքը, որտեղ գտնվում է Մեղրասարի հանքավայրը, դիտվում է որպես հեռանկարային ոսկի-ուրանի հազվգյուտ մետաղային հանքերևակում (Au-U-S/Fe տիպի).  (էջ.  63, 65.  Г.П. Алоян, Ереван, ГЕОИД, 2010):

Ի տարբերություն տաշտունցիների Մեղրիի համայնքապետարանի կազմակերպական բաժնի պետ Վանիկ Սարգսյանն ԷկոԼուրին ասաց, որ դեմ չեն լինի «Ատ Մետալս»-ի կողմից հանքավայրի շահագործմանը: «Եթե նախկինում ասեին, մենք կշեշտեինք բնապահապնական լուրջ խնդիրներ առաջացնելը: Այնպես չէ, որ հիմա անտեսում ենք բնապահապնությունը, ասում ենք՝ ինչ ուզում եք արեք: Ոչ, պարզապես 2020թ. հետո մենք ունենալու ենք տնտեսական լուրջ խնդիրներ, իսկ հանքի շահագործումը համայնքին է օգնելու, աշխատատեղ է ստեղծելու, մի քանի ընտանիք գոնե կօգտվեն»,- նշեց նա:


Ըստ նրա՝ համայնքը գյուղատնտեսությամբ զարգացնելը հեռանկարային չէ: «Գյուղատնտեսությունը զարգացնելու համար ունենք սպառման փոքր շուկա: Կառավարությունն այնպես չի արել, որ մեր ձայնը դարձնի լսելի: Իսկ այն, որ արքայանարինջի սպառման խնդիր չունենք, դա կառավարության շնորհիվ չէ, մենք ենք ծանոթացրել ռուսական շուկային»,-նշեց Վանիկ Սարգսյանը: Համայնաքապետարանի աշխատակիցը նաև ընդգծեց, որ պետական մոտեցում չի դրսևորվել համայնքում հանքարդյունաբերությանը որպես այլընտրանք որևէ ճյուղ զարգացնելու: «Ոչ մի անգամ չեկան, ասացին՝ համարենք հանքարդյունաբերությունը հողօգտագործման ամենախելամիտ միջոցը չէ, հանքը փակում ենք, ռեկուլտիվացիոն աշխատանքներ կատարում, վաղվանից այստեղ 20 տարի կարող եք գյուղատնտեսությամբ, օրինակ՝ անասնաբուծությամբ զբաղվել և այն, ինչ արտադրում եք, այդ ամբողջ արտադրանքը մենք գնում ենք: Ե՞րբ են արել, որ չի զարգացել»,- նշեց նա:

Վանիկ Սարգսյանը նաև նշեց, որ գիտակցում են հանքարդյունաբերության երկար ապագա չունենալը, և այդ տեսանկյունից համայնք-հանքարյունաբերական ընկերություն հարաբերությունները այլ հարթակ պետք է բերվեն: «Կառավարությունը պետք է ավելի շատ մոնիթորինգ կատարի: Եթե համայնքին ավելի շատ ներգրավեն, համայնքը կարող է ասել՝ վաղվանից չես աշխատում, քանի որ ռեկուլտիվացիա կատարելու համար նախատեսված դրամագլխին գումար չես սառեցրել: Հիմա համայնքը այդ իրավունքը չունի»,- նշեց նա: 

Ընկերությունն, ըստ ընդերքօգտագործման պայմանագրի, ստանձնել է սոցիալական պարտավորություններ: Մասնավորապես, նախատեսված էր ամեն տարի 1,6 միլիոն դրամ հատկացնել համայնքին անապահով ընտանիքների դեղորայքի ձեռք բերման և այդպիսի ընտանիքների անդամների բժշկական օգնության համար, 1,5 միլիոն դրամ՝ համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցության համար, 0,5 միլիոն դրամ` դպրոցի առաջին դասարանցիների կարիքների համար ֆինանսական օգնության նպատակով: Որպես ոչ նյութական օգնություն ընկերությունը պարտավորվել էր գյուղական միջհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար տեխնիկա տրամադրել: Հայաստանի ԱՃԹՆ-ի կայքում հրապարակված «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի հաշվետվությունների համաձայն՝ 2016-2018թթ. ընկերությունը ազդակիր համայնքի առաջ ստանձնած սոցիալ-տնտեսական զարգացման պարտավորությունները չի կատարել։ Վանիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ ծրագրերի իրականացման համար ընկերությունը 2020թ-ին  3 միլիոն 600 հազար դրամ գումար է տրամադրել Մեղրի խոշորացված համայնքին: 

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Մայիս 24, 2021 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր