Քաղհասարակությունը ներկայացրեց ԱՃԹՆ-ի շրջանակներում ընդերքօգտագործման պայմանագրերի հանրայնացման փորձը միջազգային աշխատաժողովում

Քաղհասարակությունը ներկայացրեց ԱՃԹՆ-ի շրջանակներում ընդերքօգտագործման պայմանագրերի հանրայնացման փորձը միջազգային աշխատաժողովում

Մայիսի 18-ին տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության կողմից կազմակերպված «Պայմանագրային թափանցիկություն. ինչպես է օգտագործում քաղաքացիական հասարակությունն արդյունահանող ընկերությունների տվյալները» թեմայով աշխատաժողովը:

Աշխատաժողովի նպատակն էր ներգրավել քաղաքացիական հասարակության անդամներին Հայաստանից, Մոնղոլիայից, Ֆիլիպիններից և Թիմոր Լեստեից՝ ներկայացնելու նավթի, գազի, հանքարդյունաբերական պայմանագրերի տվյալների օգտագործման իրենց փորձը՝ որպես այս երկրներում արդյունահանող ճյուղի կառավարումը բարելավելու քաղաքացիական հասարակության ջանք: Ընտրվել էին այն երկրները, որոնց կառավարությունները նշանակալի նախաձեռնություններով են հանդես եկել՝ բացելով արդյունահանման  պայմանագրերը, լիցենզիաները և համաձայնագրերը, դրանք հրապարակելով էլեկտրոնային կայքերում, որոնք հասանելի են հանրությանը: 

Հայաստանից աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ ԱՃԹՆ քարտուղարության ղեկավար Լուսինե Թվմասյանը, ՀՀ ԱՃԹՆ փորձագետ Հասմիկ Մանուկյանը, ՀՀ ԱՃԹՆ բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Սոնա Այվազյանը, «ԷկոԻրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը,  «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ, ՀՀ ԱՃԹՆ բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության այլընտրանքային անդամ Վիկտորյա Բուռնազյանը:  

ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջադրել էր հարցադրումներ՝ տվյալների հետագա օգտագործման և վերլուծության վերաբերյալ:

Հայաստանի մասնակից ՀԿ-ների անունից  հարցադրումներին պատասխանեց  Վիկտորյա Բուռնազյանը: «ԱՃԹՆ շրջանակներում յուրաքանչյուր ընկերության վերաբերյալ բացված տվյալները՝ ընդերքօգտագործման պայմանագրերով ընկերությունների ստանձնած բնապահպանական, սոցիալ-տնտեսական պարտավորություններ, հանքերի փակման ծրագրեր, ֆինանսական հատկացումներ, ներկայացվել են ազդակիր համայնքների ՏԻՄ-երին, տեղեկատվական թերթիկների տեսքով տարածվել են համայնքներում: Անց են կացվել հանդիպումներ, որոնց ընթացքում հավաքագրվել են առաջարկներ ազդակիր համայնքներից:

Հիմնական առաջարկներն են.

  1. Ազդակիր համայնքները պետք է մասնակցեն ընդերքօգտագործման պայմանագրերի կնքման գործընթացին:
  2. Անհրաժեշտ է մշակել որոշակի չափորոշիչներ, որոնց հիման վրա կսահմանվի համայնքին ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսվող սոցիալական  օժանդակությունը, և պայմանագրերում հաշվի կառնվեն համայնքի իրական կարիքները։
  3. Բոլոր ընդերքօգագործման պայմանագրերը պետք է ունենան սոցիալ-տնտեսական աջակցության, հանքի փակման ծրագրի հավելվածներ:
  4. Ազդակիր համայնքները պետք է իրազեկված լինեն այդ գործընթացի մասին, և նրանց կարծիքը պետք է հաշվի առնվի:

Այս առաջարկների առաջ մղման համար անհրաժեշտ է աշխատանք տանել, որպեսզի կառուցողական երկխոսություն լինի պետական պատասխանատու մարմինների և բիզնեսի հետ, և կայացվեն այդ առաջարկություններից բխող որոշումներ»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը:

Վիկտորյա Բուռնազյանը կարևորեց ոչ մետաղական հանքերի ընդերքօգտագործման պայմանագրերի ուսումնասիրության անհրաժեշտությունը: «Շուրջ 360 ոչ մետաղական  հանքերի պայմանագրերի ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ընդերքօգտագործման պայմանագրերի կեսից ավելին չունեն սոցիալ-տնտեսական աջակցության հավելվածներ, ինչն օրենքի պահանջ է: Անհրաժեշտ է աշխատանք տանել, որպեսզի բոլոր ընդերքօգտագոծողներն ունենան այդ պարտավորությունները, և հանրային վերահսկողություն լինի դրանց կատարման նկատմամբ»,- ասաց նա: Անդրադառնալով գործընկեր երկրների փորձին և դրանց՝ Հայաստանում կիրառմանը՝ նա նշեց, որ Հայաստանում կարելի է կիրառել համայնքներում թրեյնինգների անցկացման փորձը: Նաև անհրաժեշտ է, որպեսզի պայմանագրերը տեխնիկապես մատչելի լինեն  օգտագործման համար, օրինակ, հնարավոր լինի տեսնել դրանց կապը այլ պայմանագրերի և փաստաթղթերի հետ, որպեսզի օգտվողները հեշտությամբ կարողանան ծանոթանալ փաստաթղթերին և իրականացնեն վերլուծություններ:

Ըստ Վիկտորյա Բուռնազյանի՝ պայմանագրային թափանցիկությունը զարգացնելու և հաշվետվողականությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկական և ֆինանսական աջակցություն, լավագույն փորձի փոխանակում:

Մայիս 20, 2022 at 13:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր