

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Գեո Սերվեյ» ՍՊԸ-ին Սյունիքի մարզի Սիսիանի հանքային շրջանի Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության համար:
Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղական երևակումը գտնվում է Լեռնաշեն գետի միջին և վերին հոսանքի ավազանում, Սևքար (Կարա-կայա) լեռան հարավային լանջերին: Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները նախատեսվում է իրականացնել մոտ 312.8 հեկտար տարածքում: Ըստ հայտի՝ մետաղների պարունակությունները կազմում են. ոսկի՝ 0.9գ/տ, արծաթ՝ 30գ/տ, պղինձ՝ 0.3%, կապար՝ 1.3%, ցինկ՝ 1.1%:
Դիտարկվող տարածքը գտնվում է Սիսիան քաղաքից 35 կմ հեռավորության վրա, Դաստակերտ ավանից՝ 4.2 կմ, իսկ Շենաթաղ գյուղից ընդամենը 1.5 կմ հեռավորության վրա:
Դրական եզրակացության պատճառաբանական մասում նշված է, որ Շենաթաղ գյուղում անցկացված հանրային քննարկումների ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները և հասարակայնությունը հավանություն են տվել նախատեսվող գործունեությանը:
Նշենք, որ, ըստ հայտի, «Գեո Սերվեյ» ՍՊԸ-ն որպես սոցիալական աջակցություն նախատեսում է Շենաթաղ համայնքի բյուջե յուրաքանչյուր տարի փոխանցել ընդամենը 50 հազար ՀՀ դրամ:
Շրջակա միջավայրի նախարարության առաջադրած փորձաքննական պահանջներում նշված է, որ երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգ և արդյունքները ներկայացնել նախարարություն: Ըստ հայտի՝ մոնիթորինգի իրականացման համար էլ ընկերությունը նախատեսում է հատկացնել 50 հազար դրամ:
Փորձաքննական մնացած պահանջները վերաբերում են օրենսդրական կետերի, կառավարության որոշումների պահպանմանը և ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացմանը:
Հիշեցնենք, որ «Գեո Սերվեյ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2016 թ-ի մայիսի 18-ին: Ընկերության 100% սեփականատերը ՀՀ քաղաքացի Սերգեյ Օթարյանն է:
Մայիս 23, 2022 at 12:29
