

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ի կողմից նախատեսվող աշխատանքների մասին միանգամից երկու հանրային քննարկում կանցկացվի սույն թվականի փետրվարի 1-ին Քաջարանի մշակույթի պալատում: Ժամը 11:00-ին տեղի կունենա քննարկում Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունաբերական ջրամատակարարման համակարգի վերակառուցման վերաբերյալ: Ժամը 12:00-ին տեղի կունենա ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում առաջացող վտանգավոր թափոնների գործածության գործունեության (պահում, մշակում, վերամշակում և տեղադրում)» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտի 2-րդ հանրային քննարկումը:
ԶՊՄԿ-ն մտադիր է Գեղիի ջրամբարից լրացուցիչ ջրագիծ կառուցել դեպի հարստացուցիչ գործարան: «Հարստացուցիչ գործարանը՝ Գեղիի ջրամբարից սնուցող ջրի խողովակաշարի թողունակության սահմանափակ լինելու պատճառով նախատեսվում է կառուցել լրացուցիչ ջրագիծ, իր երկաստիճան պոմպակայաներով։ Վերջինս կապահովի լրացուցիչ 2000 խմ/ժամ ջրամատակարարում այն եղանակային պայմաններում, երբ հիմնական ջրամատակարարումն իրականացվում է Գեղիի ջրամբարից։ Այս ջրամատակարարման համակարգի պարամետրերը բավարար են, որպեսզի այն հետագայում օգտագործվի նաև Արծվանիկի պոչմաբարից շրջանառու ջրի մատակարարման համար։ Նոր ջրագիծը սկիզբ է առնում Գեղիի պոմպակայանից, խողովակաշարի երկարությունը կազմում է մոտ 4250.0 մ, տրամագիծը՝ Æ630x8մմ։ Պոմպակայանից մինչև հարստացուցիչ ֆաբրիկա նիշերի տարբերությունը կազմում է մոտ 640 մ։ Մինչև առաջին պոմպակայան հասնելը խողովակաշարը հատվում է Կապան-Քաջարան մայրուղու և Գեղի գետի հետ»,- մասնավորապես նշված է ջրագծի կառուցման վերաբերյալ փաստաթղթում:
«ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեություն (մշակում, վերամշակում, պահում և տեղադրում)» ՇՄԱԳ հայտով ԶՊՄԿ-ն նախատեսում է իր տարածքում կազմակերպել թափոնների պահման և տեղադրման տեղամասեր։ Նշված տեղամասերում տեղադրվելու են կոմբինատի գործունեությունից առաջացած թափոնները, որոնց մի մասը պարբերաբար (ապրանքային խմբաքանակ ձևավորվելու դեպքում) փոխանցվելու է մասնագիտացված/լիցենզավորված ընկերություններին՝ իրացման, վերամշակման կամ վնասազերծման համար։
Ըստ ՇՄԱԳ հայտի՝ ԶՊՄԿ-ի գործունեության ընթացքում առաջանում են թվով 29 տեսակի արտադրության և սպառման թափոններ, որոնցից 19-ն օժտված են վտանգավոր հատկություններով (հանդիսանում են վտանգավորության 1-ից 4-րդ դասերի թափոններ), 9-ը անվտանգ (հանդիսանում են 5-րդ դասի թափոններ), իսկ 1-ը չի դասակարգվում:
Կոմբինատի տարածքում արդեն իսկ առկա են թափոնների պահման/տեղադրման հետևյալ տեղամասերը/պահեստները`
1. Թափոնների տեղադրման հիմնական պահեստը
2. Օգտագործված յուղերի պահեստը (Կապանի բազայի տարածք)
3. Սև մետաղի ջարդոնի տեղադրման հրապարակները
4. Օգտագործված անվադողերի պահման հրապարակը
5. Շինարական աղբի պահման հրապարակը:
Վերոնշյալ բոլոր տեղամասերը/պահեստները նախկինում կառուցված կառույցներ կամ հրապարակներ են, որոնք վերակառուցման և հարդարման աշխատանքների արդյունքում ձևափոխվել են թափոնների պահման և տեղադրման տեղամասերի/պահեստների։ Հետևաբար, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման գործընթացում կառուցման փուլ չի նախատեսվում։
Նախատեսվող գործունեության ընթացքում հիմնական ազդեցությունը շրջակա և սոցիալական (ներառյալ աշխատանքային) միջավայրերի վրա կդիտվի արտադրության և սպառման թափոնների պահման և տեղադրման տեղամասերի/պահեստների շահագործման փուլում։ Ըստ հայտի՝ հիմնական ազդվող միջավայրերն են՝
1) մթնոլորտային օդը
2) ջրային ռեսուրսները (Ողջի գետ)
3) հողային ռեսուրսները
4) կենդանական և բուսական աշխարհը
5) լանդշաֆտը և տեսողական պատկերը
6) աշխատանքային միջավայրը
7) Քաջարան համայնքը
8) Մ-2 ճանապարհի Քաջարան-Կապան հատվածը։
Ազդեցության մեղմման համար ԶՊՄԿ-ն մշակել է «Նախատեսված գործունեության՝ շրջակա միջավայրի և աշխատանքի անվտանգության վրա ազդեցության նախնական միջավայրի և աշխատանքի անվտանգության վրա ազդեցության և փոխհատուցման ծրագիր», որը նախատեսում է 32 մեղմացնող միջոցառում:
Հունվար 27, 2023 at 16:51