Վարդահովիտում Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային լսումն անցել է լարված մթնոլորտում

Վարդահովիտում Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային լսումն անցել է լարված մթնոլորտում

Հոկտեմբերի 29-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում տեղի է ունեցել «ՄԵՆԴԻԱ ՌԵՍՈՒՐՍԻՍ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային քննարկումը՝ Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2026–2028թթ․ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։

Սա հաշվետվության շուրջ երկրորդ հանրային քննարկումն էր։ Քննարկման ընթացքում բնակիչներն ու մասնակիցները բարձրացրել են ջրային ռեսուրսների, հնագիտական արժեքների պահպանության, ուսումնասիրությունների հնարավոր բնապահպանական հետևանքների և գործընթացի օրինականության վերաբերյալ մի շարք հարցեր։ Քննարկումն ուղեկցվել է լարված մթնոլորտում՝ բնակիչների, քաղաքացիական հասարակության և գործընթացի պատասխանատուների ու ընկերության ներկայացուցիչների միջև։

Հանքարդյունաբերական գործունեությանը դեմ քաղաքացիները բարձրացրել են նախկին երկրաբանական աշխատանքների բնապահպանական հետևանքների գնահատման հարցը։ Հնչել է հարց, թե արդյոք երկրաբանական աշխատանքներից առաջ և հետո կատարվել են ջրի որակի համեմատական ուսումնասիրություններ, և արդյոք առկա են տվյալներ ջրի քանակի կամ ստորգետնյա հոսքերի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։

Ընկերության ներկայացուցիչը պատասխանել է, որ մակերևութային ջրերի որակի եռամսյակային տվյալները, ինչպես նաև ստորգետնյա ջրերի վերաբերյալ տվյալները՝ դրանց առկայության դեպքում, ներկայացվել են շրջակա միջավայրի նախարարություն։ Նրա խոսքով՝ տվյալները հասանելի են նախարարության պաշտոնական կայքում։ Ներկայացուցիչը նաև նշել է, որ սկզբնական շրջանում ստորգետնյա ջրերից նմուշառման հնարավորություն չի եղել, իսկ հորատանցքերի հասանելի դառնալուց հետո համապատասխան տվյալներ են ներկայացվել։

Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովը նախնական դիտարկումների ընթացքում պահանջել է լրացուցիչ տեղեկություններ հիդրոէկոլոգիական ուսումնասիրությունների վերաբերյալ։

Նրա ներկայացմամբ՝ ընկերությունը հետագայում լրամշակել է հաշվետվությունը և ներկայացրել ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ։ Ըստ ներկայացուցչի՝ հանձնաժողովը դրանք ընդունելի է համարել՝ միաժամանակ նշելով, որ հետագա աշխատանքների իրականացման դեպքում անհրաժեշտ է ունենալ նախկինում կատարված աշխատանքների արդյունքները գնահատող անկախ հանձնախմբի եզրակացություն։

Մասնակիցները նաև բարձրացրել են տարածքի պատմամշակութային արժեքների պահպանության խնդիրը։ Նրանց խոսքով՝ տարածքում կան հազարամյակների հնության ժայռապատկերներ, որոնք մասնագետների կողմից արձանագրվել են, սակայն դրանց քարտեզագրման և հուշարձանի կարգավիճակ տալու գործընթացը ձգձգվում է։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ նախորդ երեք տարիներին իրականացվել են հնագիտական դաշտային ուսումնասիրություններ։ Նրա խոսքով՝ հայտնաբերված հնագիտական արժեքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվել են լիազոր մարմնին, իսկ աշխատանքների ընթացքում կիրառվել է պատահական գտածոների հայտնաբերման ընթացակարգ։ Ներկայացուցիչը պնդել է, որ բացված հորատահրապարակների և ճանապարհների կառուցման ընթացքում հնագիտական արժեքներ չեն վնասվել։

Լսման ընթացքում անդրադարձ է եղել նաև հանրային լսումների նախորդ փուլի և ավագանու որոշումների ժամանակագրությանը։ Մասնակիցներից մեկը նշել է, որ փաստաթղթերի փաթեթում ներառված որոշումը չի արտացոլել նախկինում ընդունված՝ նախագծին դեմ դիրքորոշումը, և հարց է բարձրացրել գործընթացի օրինականության վերաբերյալ։

Քննարկման ընթացքում բնակիչները նաև բարձրացրել են խմելու ջրի հասանելիության հարցը՝ նշելով, որ երկար տարիներ սպասում են ջրագծի կառուցման ավարտին։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ երկրաբանական աշխատանքները կարող են ազդել համայնքի ջրային ռեսուրսների վրա։ Մասնակիցներից մեկը նաև նշել է, որ ջրային ռեսուրսների հնարավոր ռիսկերի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրել է գրավոր և պահանջել է դրանց վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալ։

Քննարկման ընթացքում մասնակիցները բազմիցս պահանջել են պատասխանել իրենց հարցերին, ինչին ի պատասխան նշվել է, որ բոլոր դիտարկումները, բողոքներն ու ներկայացված փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն փորձաքննության շրջանակում։

Լսման ավարտին բանավեճը վերածվել է փոխադարձ մեղադրանքների։ Լսումներին ներկա ոստիկանները պարբերաբար միջամտել են՝ փորձելով հանդարտեցնել լարված իրավիճակը։

Պետական մարմնի ներկայացուցիչները նշել են, որ նախատեսվող գործունեության փորձաքննության գործընթացը դեռ ընթացքի մեջ է, և համապատասխան որոշումը պետք է կայացվի ներկայացված նյութերի ու դիտարկումների ուսումնասիրությունից հետո։

Բնակիչները նշել են, որ իրենք համաձայն չեն հանրային լսումը կայացած համարվելու հետ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։



Հոկտեմբեր 30, 2026 at 14:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր