

Խոշորացված Եղեգնաձոր համայնքի ավագանին նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում որոշեց կասեցնել Եղեգիս համայնքի 2026թ․ ապրիլի 17-ի 52Ա որոշումը, որով համաձայնություն էր տրվել «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ին Վայոց ձորի մարզի Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը 3 տարով երկարաձգել։ Նշենք, որ նոր խոշորացման արդյունքում Եղեգնաձոր համայնքի կազմում են ներառվել Եղեգիս և Արենի համայնքներն իրենց բնակավայրերով։
«Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ն Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում՝ 84 հա տարածքում, երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից 2023թ ապրիլի 10-ին ստացել էր եռամյա թույլտվություն։
Ընկերությունը երկրաբանական ուսումնասիրության ժամկետը երկարացնելու համար Եղեգիս համայնքից թույլտվություն ստանալու նպատակով հանրային լսում էր անցկացրել 2025թ․ սեպտեմբերի 18-ին Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրում։ Հանրային լսումն անցել էր լարված միջավայրում՝ ոստիկանների մասնակցությամբ։ Այնուհետև, Եղեգիս համայնքի ավագանին 2025թ-ի հոկտեմբերի 27-ին N 96-Ա որոշմամբ 8 դեմ, 0 կողմ, 0 ձեռնպահ ձայներով մերժել էր ընկերությանը՝ երկարաձգելու երկրաբանահետախուզական աշխատանքների ժամկետը։
Այնուհետև, 2026թ․ ապրիլի 17-ի 52Ա որոշմամբ համայնքի ավագանին տվել էր իր համաձայնությունը ընկերության գործունեությանը։ Եղեգիս համայնքի համայնքապետի պաշտոնակատար Ահարոն Գաբրիելյանն Էկոլուրի հարցին, թե ինչու են որոշել համաձայնություն տալ, եթե նախկինում մերժել են, պատասխանել էր, որ աշնանը «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն դատի է տվել Եղեգիսի ավագանուն իր ընդունած որոշման համար։ Նա ասաց, որ պատրաստվում են որոշման նախագծին կցել դատական գործի հետ կապված փաստաթղթերը, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչու է որոշման նախագիծն առանց հանրային լսման օրակարգ մտել։ Էկոլուրի ճշտող հարցին՝ հանրային լսում չի՞ լինելու, Ահարոն Գաբրիելյանն ասել էր․ «Դե արդեն, ոնց որ դա բաց թողված հարց է։ Իրավաբանն ասում է, քանի որ այդ գործառույթը չի ավարտվել, դատական պրոցեսով անցնում է․․․»։
Նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ին տրամադրված երկրաբանական ուսումնասիրության վերջնաժամկետը եղել է 10․04․2026 թ․։
2026 թ․ հոկտեմբերի 29-ին՝ 1-ին հանրային լսումից 1 տարի և մեկ ամիս անց, Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպել է 2-րդ հանրային լսումը։ Փորձաքննությունն ընթանում է մի իրավիճակում, երբ համայնքն ունեցել է իրարամերժ որոշումներ տնտեսական գործունեության վերաբերյալ, իսկ հիմա էլ, Եղեգնաձորի նորընտիր ավագանին Եղեգիս համայնքի համաձայնություն տվող որոշումը կասեցնում է։ Առկա են դատական գործընթացներ։
Եղեգիսի ավագանու 2026 թ․ ապրիլի 17-ի 52Ա որոշումը կասեցնելու մասին հարցը Եղեգնաձորի ավագանու նիստում զեկուցեց ավագանու անդամ Վարդան Ավագյանը․
«Խնդիր է առաջացել, տվյալ գործը գտնվում է դատարանում․․․ Քանի որ սա լուրջ խնդիր է մեր համայնքի համար, մենք ցանկանում ենք կասեցնել տվյալ որոշման գործողությունը՝ հետագայում հասկանալու այդ հանքարդյունաբերության հետ կապված հարցը․․․ Մենք հիմա նախաձեռնում ենք մի բան, մեր հիմքերն ամրացնենք, որ վերջնականապես այդ հարցին լուծում տանք»։ Ավագանու նիստին իրավիճակը ներկայացրեց արդեն նախկին Եղեգիս համայնքի ավագանու անդամ Նարեկ Մարտիրոսյանը։ Նա, մասնավորապես, ասաց․ «Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել մեր համայնքի հանքերևակման հետ կապված։ Իհարկե, հաջորդ փուլը, հասկանալի է՝ հանքարդյունաբերությունն է։ Բայց տվյալ պահին կուզենամ խոսել իրավական ընթացակարգի հետ կապված։ Ես եղել եմ Եղեգիս համայնքի ավագանու անդամ, քաջատեղյակ եմ, ձեզանից ակնկալում ենք որպես իրավահաջորդ այս պահին կասեցնել որոշումը՝ հետագայում չեղարկելու ակնկալիքով։ Անցած տարի՝ սեպտեմբերի 18-ին, տեղի են ունեցել հանրային լսումներ Վարդահովիտ բնակավայրում։ Հանրային լսումներից հետո օրենքով սահմանված կարգով ավագանու նիստում ավագանու 8 անդամներն էլ դեմ են քվեարկել։ Տվել են իրենց անհամաձայնությունը, ինչպես օրենքն է պահանջում։ Ընթացակարգերը պահվել են, ոչ մի արտառոց բան չի եղել։ Դրանից հետո ընկերությունը դիմել է դատարան, դատարանում վիճարկվել է հարցը, նույնիսկ հունվարին ընկերությունը դիմել է հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով, դատարանը մերժել է։ Այսինքն, իրենք դիմել էին այն մասով, որ խնդիրներ կունենան, դրամներ կկորցնեն և այլն, դատարանը նշել էր, որ դա ձեր բիզնես ռիսկն է։ Դրանից 6 ամիս հետո մեզ համար անակնկալ ձևով՝ 2026թ․ ապրիլի 17-ին, Եղեգիս համայնքը, մի շարք ընթացակարգեր խախտելով, արտահերթ ավագանու նիստ հրավիրեց և փորձեց հավանություն տալ հանքերևակման հետախուզման աշխատանքների երկարացմանը․․․Ավագանին իրավունք չուներ նոր որոշում ընդունել, որովհետև նախորդիվ որոշումը չէր կասեցվել, առոչինչ չէր համարվել․ մենք ունեինք հոկտեմբերի 27-ի որոշում։ Երկրորդ կարևոր պայմաններից մեկը՝ ավագանին, իհարկե, ոչ բոլորը, մեծամասնությունը, սկզբունքայնորեն փոխել էին իրենց դիրքորոշումը, դա նույնպես մեզ համար հարց էր։ ՇՄԱԳ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջում նշված է, որ պետք է պատճառներ ներկայացներ, եթե նույն որոշման մասին հակառակ բան ես ասում կարճ ժամանակվա մեջ։ Ոչ մի նոր իրողություն չի եղել և նոր հանգամանք առաջ չի եկել, դու մեկ այսպես ես քվեարկում, մի քանի օր հետո՝ այնպես, դրա հետ կապված պետք է ասես քո պարզաբանումը՝ ինչու։ Չէ որ ընթացակարգ կա, ժողովուրդը հանրային լսում է արել, դու, ոչ մի ընթացակարգ չպահելով, փոխում ես քո որոշումը։ Երրորդ կարևոր հանգամանքն այն էր, որ դատարանը մերժել էր հայցի ապահովման հիմքը։ Իսկ ավագանիներիս բերվեց մի հարց, որ էսպես չանեք, էսպես կլինի, բա որ դատարանը էսպես որոշի․․ Ավագանուն վախեցնում էին, չգիտեմ, ազդեցություն էին գործում, համենայն դեպս։ Չորրորդ՝ հանրային լսում չէր իրականացվել»։
Հարց է առաջանում, թե ինչ իրավական արժեք կունենա Եղեգնաձորի ավագանու որոշումը, արդյոք մեր օրենսդրությունը նախատեսել է դրույթներ նման դեպքերի համար և արդյոք Շրջակա միջավայրի նախարարությունն այս որոշման հիման վրա կկասեցնի «Մենդիա ռեսուրսիս» ՍՊԸ-ի հայտի ՇՄԱԳ փորձաքննության իրականացումը։
Նոյեմբեր 20, 2026 at 17:18
