

Արմինֆո
Բնապահպանները հանդես են եկել «GeoProMining» ընկերությանն ուղղված պահանջով` դադարեցնել Սոտքի հանքավայրի ոսկու հանքանյութի մանրացման համար ջարդող և մանրացնող սարքի տեղադրման աշխատանքները:
«Մանրացնող-տեսակավորող համալիրի կառուցումը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի ուղղակի խախտում է, որտեղ հստակ կերպով ասվում է Սևանի ավազանում վերամշակման գործունեության արգելքի մասին: «GPM GOLD»-ի ղեկավարությունը փորձում է մեզ համոզել, որ ջարդող և մանրացնող սարքի տեղադրումը չի հակասում օրենսդրությանը, սակայն դա այդպես չէ, քանի որ հանքաքարի մանրացումն արտադրական ցիկլերից մեկն է»,- մարտի 24-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը: Նա ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ջարդող և մանրացնող սարքի տեղադրումը սկսվել է փետրվարի 15-ին, ըստ որում, ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, նախագիծը պատրաստ կլինի միայն մարտի 25-ից հետո:
Ուշագրավ է, որ չնայած GPM Gold-ի հայտարարություններին, թե Սոտք գյուղի բնակիչներից այդ առնչությամբ բողոքներ չեն ստացվել` ջարդող և մանրացնող սարքի տեղադրման մասին բնապահպաններն իմացել են հենց գյուղացիներից և Սոտքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանից: «Այն, որ մանրացնող սարքը էկոլոգիական մեծ ռիսկեր է պարունակում, չի կարող չհուզել տեղի բնակիչներին: Հետաքրքրիր է, որ «GPM Gold»-ը Շահսուվարյանից համաձայնություն է խնդրել շինարարական աշխատանքները սկսելուց հետո միայն, սակայն նա կտրականապես դեմ է հանդես եկել»,- հաղորդել է Սանասարյանը:
Բնապահպանը նշել է, որ Սոտքի հանքավայրն առանց այդ էլ ցավալի վիճակում է գտնվում: «Ամենուր քրոմ, նիկել և մկնդեղ պարունակող մակաշերտի ապարներ են: Դրանք բոլորը լուրջ վտանգ են ներկայացնում ինչպես առողջության, այնպես էլ գյուղատնտեսության համար: Տեղի բնակիչները վախենում են ոռոգել իրենց հողերը Սոտք գետի ջրով, վախենում են ձուկ ուտել, քանի որ արդեն Սևանի ձկում և խեցգետիններում մասնագետները հայտնաբերել են ծանր մետաղներ»,- նշել է նա: Նրա խոսքով, մանրացնող սարքի տեղադրման հարցը բարձրացվել է Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում: Բացի այդ, բնապահպանները սպասում են, որ այդ հարցի առնչությամբ իր խոսքը կասի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միաժամանակ, Սանասարյանի խոսքով, ողջ պատասխանատվությունը, որ «GPM Gold»-ը դիմում է օրենքի խախտման`սկսելով մանրացնող համալիրի կառուցումը, ընկնում է նախագահի և վարչապետի վրա: Նրանք մեղավոր են այն բանի համար, որ նշանակում են նախարարներ, ովքեր չեն կարողանում կատարել իրենց անմիջական պարտականությունները, ընդգծել է Սանասարյանը`ավելացնելով, որ մանրացնող-տեսակավորող համալիրի կառուցման առնչությամբ բնապահպանները պատրաստ են դիմել դատարան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են GPM Gold ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջարդող և մանրացնող սարքը կտեղադրվի Սևանա լճից 37 կմ հեռավորության վրա: Այն նախատեսվում է տեղադրել Սոտքի հանքի «GPM Gold» ընկերության վարձակալած հողատարածքում: «Ջարդող եւ մանրացնող սարքը սովորական այտավոր ջարդիչ և թրթռավոր ցանց է, միացված ոչ մեծ փոխարկիչին, որն օգտագործվում է այսպես կոչված «արտաչափք» քարակտորների չափերի նվազեցման նպատակով, որոնք պիտանի չեն երկաթուղային տրանսպորտով փոխադրման համար, քանի որ լուրջ նյութական վնաս են պատճառում ՀԿԵ վագոնակազմին: Մինչ օրս Սոտքի հանքում «արտաչափք» քարերը մանրացվում էին ցածր արտադրողականության խամքար ջարդող սարքի օգնությամբ, և այժմ նախատեսվում է այդ գործընթացի ավտոմատացում: «Արտաչափք» քարերի մանրացման ժամանակ քիմիական բաղադրիչներ չեն օգտագործվում: Ջարդող եւ մանրացնող սարքի նախագծման և կառուցման նկատմամբ բոլոր պահանջները ժամանակին կապահովվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը պնդում է, որ Սոտք և այլ գյուղերի բնակիչներից ջարդող և մանրացնող սարքի աշխատանքի հնարավոր հետևանքների առնչությամբ «GPM Gold-ը բողոքներ չի ստացել, ավելին, Սոտքի ավագանին պաշտոնապես ընկերությանը հայտարարել է, որ այդ առնչությամբ ոչ մի բողոք չունի: Ընկերության տվյալներով, Հայաստանում տեղադրված են հարյուրավող մանրացնող-տեսակավորող համալիրներ, որոնցից մի քանի տասնյակը շահագործվում է Սևանա լճի անմիջական հարևանությամբ /1,5 կմ ոչ ավելի/:
ՍՈՏՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐՈՒՄ ՔԱՐԵՐԻ ՄԱՆՐԱՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՂՏՈՏԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ. ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ
Tert.am
Մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը բնապահպաններ Ինգա Զարաֆյանն ու Հակոբ Սանասարյանը դժգոհեցին ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Ընդերքի մասին» օրենքի նախագծից։ Ինգա Զարաֆյանն ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտի փոփոխությունների վերաբերյալ օրինագծում բնապահպանների առաջարկությունները հաշվի չեն առնվել։
Հակոբ Սանասարյանն էլ նշեց, որ օրենսդրական այս փոփոխություններով նույնպես հանքարդյունաբերության թափոնները չեն հարկվելու։ Նա նշեց, որ այդ հարցն ինքը բարձրացրել է ԱԺ–ում՝ օրինագծի շուրջ ծավալված քննարկման ժամանակ, «սակայն Վարդան Այվազյանն ընդհատեց ինձ»։ Հանքարդյունաբերության թափոնների հարկման անհրաժեշտության վերաբերյալ Սանասարյանը գրություն է ուղարկել վարչապետին։
Բնապահպաններն ահազանգեցին մեկ այլ հիմնախնդրի մասին՝ Գեղարքունիքի մարզի Սոտքի հանքավայրում քարերի մանրացման սարքավորում է տեղադրվում, արտադրամաս է կառուցվում։ Դա նշանակում է, որ հանքավայրի հասցրած բնապահպանական վնասները կրկնապատկվելու են։ Բնապահպանները մտահոգված են այս հարցով՝ նշելով, որ արտադրամասի կառուցման նախագիծը դեռ չկա, սակայն շինաշխատանքները մեկնարկել են փետրվարի 15-ին։
Հակոբ Սանասարյանի խոսքով՝ Սոտքի բնակչությունը հուսահատ է, քանի որ հանքավայրի շահագործման արդյունքում արդեն իսկ տարածքի հողերն աղտոտված են, դրանց բերրիությունը նվազել է։
Բնապահպանները նշեցին, որ հանքավայրի շահագործման հետևանքով ծանր մեղաղներով աղտոտվում են Սոտք գետի ջրերը, որոնք էլ լցվելով Սևանա լիճ՝ աղտոտում են այն:
«Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի մասնագետները ծանր մեղատներ են հայտնաբերել և Սևանից հանված ձկների, և խեցգետնի մեջ։ Դա նշանակում է, որ Սևանում սկսվում են ծանր մետաղներ կուտակվել։ Մենք տեսնում ենք երկու մեծ վտանգ՝ ամենամեծ վտանգն այն է, որ Սևանա լիճն աղտոտվում է, երկրորդը, որ հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը կառավարության կողմից վերահսկողության չի ենթարկվում»,- ասաց Ինգա Զարաֆյանը։
Հակոբ Սանասարյանը նշեց, որ քարերի մանրացման սարքավորման տեղադրման հարցը բարձրացրել է Սևանի հիմանհարցերի հանձնաժողովի նիստում, որի անդամ է ինքը։ Նա ահազանգեց, որ հանքավայրի տարածքն այսօր էլ վատ վիճակում է՝ ամենուր թափոններ են։
Յուրաքանչյուր մեկ տոննա հանքաքար արդյունահանելու համար, ըստ բնապահպանի, 29-31 տոննա թափոն է առաջանում։ Դրանք կոչվում են դատարկ ապարներ և պարունակում են վտանգավոր նյութեր՝ մկնդեղ, կադիում, ծծումբ և այլն։ Սանասարյանի խոսքով՝ գիտականորեն ապացուցված է, որ տեղումների դեպքում ջրերի հետ այդ ապարներում առկա թունավոր նյութերը հոսում են՝ աղտոտելով ջրերն ու հողերը։
«Պետք է կասեցնել հանքավայրի քար մանրացնող սարքավորումների արտադրամասի կառուցումը։ Մենք պահանջում ենք, քանի որ այս գործողությունը հակասում է «Սևանի մասին» օրենքին»,- ասացին բնապահպանները։
Նրանք այս հարցով դիմել են հանրապետության նախագահին և պատասխանի են սպասում։
ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է
www.1in.am
«Էկոլուր» էլոլոգիական-լրատվական կենտրոնը, Սոտքի բնակիչների կողմից ստանալով ահազանգ այն մասին, որ սկսվել է կառուցել մանրացնող սարքը, անցկացրել է փորձագիտական հետազոտությունները: Պարզվել է, որ հանքաարդյունաբերական մանրացնող սարքերի արտանետած թափոնները պարունակում են տոքսիկ նյութեր: Թափոնները լցվում են Սևանա լիճ և մեծ վտանգ են ներկայացնում լճի ձկնաշխարհի համար:
«Ծանր մետաղները արդեն սկսել են կուտակվել, դրանք գնալով կկուտակվեն լճի հատակին»,- անհանգստացած է էկոլոգ Ինգա Զարաֆյանը:
«12 միլիոն տոննա հանքաքարից նվազագույնը 240-245 տոննա թափոն է արտանետվում»,- հավելում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Էներգետիկայի նախարարությունը ևս ստուգումներ է անցկացրել և եզրակացություն է ներկայացրել: «Այդ փաստաթղում գրված է, որ «Գեոպրոմայնինգը» իր տարածքում կառուցում է մանրացման սարք: Սա չի համապատասխանում իրականության, քանզի դա Սոտքի վարչական տարածքն է»,- ասում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Անհասկանալի է թվում նաև այն, որ շինարարություն սկսվել է փետրվարի 15-ին, մինչդեռ նախագիծը պատրաստ կլինի միայն 25-ից հետո:
Վիճակը անհանգստացնում է Սոտքի բնակիչներին, քանի որ քաղաքով անցնելով` գետը թողնում է թունավոր նյութեր նաև այդ տարածքում, ամբողջ բնակավայրը մանացված քարերի փոշու մեջ է, հողի բերքատվությունը ընկնում է: Հանքավայրը նույնիսկ աշխատատեղ չի ապահովում: Նախկինի 100-150 հոգու փոխարեն, այժմ հանքաարդյունաբերական կենտրոնում աշխատում է 6-7 մարդ:
«Սևանա լճի մասին օրենքի 10-րդ հոդվածում հստակ գրված է , որ Սևանա լճի տարածքում հանքաարդյունաբերությամբ զբաղվելը արգելվում է: Պետք է ոչ միայն կասեցնել «Գեոպրոմայնինգ» ընկերության աշխատանքը, այլև դատական ատյանների առջև կանգնեցնել նրանց»,- ասում է Հակոբ Սանասարյանը:
«ՀՆԴԻԿՆԵՐՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԵՆ ՎՃԱՐԵԼՈՒ»
Aysor.am
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ Սոթքում ոսկու հանքաքարի մանրացման սարքի կառուցման մասին բնակիչներից ահազանգ ստանալուց հետո, զանգել է Սոթք հանքավայրի տնօրենին, վերջինն էլ նրան պատասխանել է, թե օրենքով շինարարության թույլտվություն ունեն:
«Իսկ երբ 4 ժամ հետո «Էկոլուրից» Ինգա Զառաֆյանը զանգեց իրենց, ասացին թույլտվություն չունենք»,- ասաց Հ. Սանասարյանը:
Շինարարության մասին Կանաչների միության նախագահի միջոցով տեղեկացվել է նաև ՀՀ նախագահը` կարգադրելով Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը ստուգում անցկացնել:
«Մենք եղանք այնտեղ, լուսանկարեցինք: Խոստացան, որ ցույց կտան նաև շինարարության թույլտվության փաստաթուղթը: Հետո որևէ փաստաթուղթ ցույց չտվեցին, քանի որ չկար: Տնօրենը, գլխավոր ինժեներն ու շինարարության պատասխանատուն ասացին, որ շինարարությունը սկսել են փետրվարի 15-ից ու կավարտվի հուլիսին, իսկ մարտի 25-ին նախագիծը նոր պատրաստ կլինի: Ստացվում է `շինարարություն են անում առանց նախագծի»,- պատմեց Հ.Սանասարյանը:
Նրա պարզաբանմամբ` Սոթքից դուրս է բերվելու 12 միլիոն տոննա հանքաքար, ինչի արդյունքում թափոնների քանակը կկազմի 250 միլիոն տոննա:
«Ստացվում է` ամեն տոննա հանքաքար հանելիս` 25-30 տոննա թափոն կլինի: Դրանք դատարկ ապարներ են, քանի որ արծաթ ու նման բաներ չեն պարունակում, այլ պարունակում են արսեն, կալիում, ծծումբ, նիկել և այլ ծանր մետաղներ: Գիտությունն ապացուցել է, որ այդ ապարների մեջ օդի և ջրի առկայության դեպքում օքսիդացում է լինում, ստեղծվում է ծծմբական թթու, որն իր մեջ է լուծում աղերն ու կարող է գնալ ընդերքի ջրեր կամ էլ փոշու տեսքով բարձրանալ վերև»,- մանրամասնեց Հ.Սանասարյանը:
Նրա խոսքով`«Բնական պաշարների դրույքաչափի մասին օրենքով» ասվում է, որ հանքարդյունաբերողները մակաշերտի յուրաքանչյուր ապարի համար վճարում են 0 դրամ:
«Ստացվում է` հնդիկներն ապարների համար ոչ մի բան չեն վճարելու: Արդյունքում ընկնելու է հողերի բերքատվությունը: Եթե տարեկան մեկ միլիոն տոննա հանքաքար մշակեն, տաս տարի հետո կասենք ցտեսություն, Հայաստան»,- ասաց նա:
Հ.Սանասարյանը նշեց նաև, թե այն, ինչ գրում է Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը, որ Սոթքն իր տարածքում է, սխալ է, քանի որ Սոթքն այնտեղի համայնքի տարածքն է` վարձակալության հիմունքով տրված:
«Մենք պահանջում ենք ոչ միայն կասեցնել հանքավայրում սարքի կառուցումը, այլև նրանք պետք է դատական ատյանում պատասխան տան»,- եզրափակեց Հ.Սանասարյանը:
ՍՈԹՔՈՒՄ ՍԿՍՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՂՏՈՏԵԼ ՍԵՎԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԸ
Aysor.am
«Մի քանի շաբաթ առաջ Սոթքի գյուղացիներից, մասնավորապես, քաղաքապետից ահազանգ ենք ստացել, որ Սոթքի հանքերում մանրացման սարք է տեղադրված, և իրենք ուզում են իմանալ` սարքը վտանգավո՞ր է, թե ոչ»,- այս մաին այսօր հրավիրած ասուլիսին ասաց «Էկոլուր» տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը:
Նրա պնդմամբ` Սոթքի բնակչությունը շատ լավ հասկանում է, թե ինչ վտանգավոր բան կարող է բերել սարքի տեղադրումը, որի կառուցումը շուտով կավարտվի:
«Հիմնական խնդիրը Սոթք գետի հետ է կապված, քանի որ բնակիչներն իրենց հողամասերը ոռոգում են այդ գետի ջրերով: Գետն անցնում է Սոտք հանքավայրի միջով` գնալով դեպի Սևան ու իր հետ տանելով նաև ծանր մետաղները: Ծանր մետաղների մի մասն էլ մնում է գետում: Բնակիչներն ասում են, որ նույնիսկ ձուկը վախենում են ուտել: 2009թ.-ին դիմել էինք հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականներին, ու նրանք ստուգումներ էին արել` Սևանից հանած խեցգետինների ու ձկների մեջ ծանր մետաղներ հայտնաբերելով»,- ասաց Ի.Զառաֆյանը:
Նա փաստեց, որ Սոթքում շինարարություն սկսելիս ու հանքավայրը շահագործելիս` կա Սևանի ջրավազանն աղտոտելու մեծ վտանգ, իսկ ընկերությունը ոչ մի վերահսկողություն չունի պետական մարմինների կողմից:
ՍԱՐՔՆ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն ԵՆ ՏԵՂԱԴՐՈՒՄ
Ա. Խ., Առավոտ
«Գեո Պրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Սոտքի հանքերում մանրացման սարք է տեղադրել, ինչը, տեղի բնակիչների կարծիքով, բավական վտանգավոր է իրենց առողջության համար: Այս մասին երեկ «Արմատ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Էկոլուր» հ/կ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը: «Հայաստանի կանաչների միություն» հ/կ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն էլ ավելացրեց, որ «Գեո Պրոմայնինգ Գոլդը» ջարդիչ տեսակավորման համալիրը կառուցում է ոչ թե իրեն պատկանող տարածքում, այլ Սոտք համայնքից վարձակալությամբ վերցված տարածքում. «Ես եղա շինհրապարակում: Տեղում տնօրենը՝ գլխավոր ինժեների եւ շինարարի ներկայությամբ ասաց, որ շինարարությունը սկսել են այս տարվա փետրվարի 15-ին, ավարտելու են մոտավորապես հունիսի կեսերին: Իսկ կառույցի նախագիծը պատրաստ կլինի այս տարվա մարտի 25-ից հետո: Փաստորեն, առանց նախագծի, առանց փորձաքննական եզրակացության, առանց համայնքապետի հողի հատկացման թույլտվության, առանց շինարարական թույլտվության, առանց հողի կատեգորիայի փոփոխման «Գեո Պրոմայնինգ Գոլդ» ընկերությունը սկսել է շինարարություն իրականացնել Սեւանի ավազանում, որը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է»: Ի. Զարաֆյանի փոխանցմամբ, իրենք դեռ շաբաթներ առաջ են այս մասին ահազանգ ստացել Սոտքի գյուղացիներից, սակայն «Գեո Պրոմայնինգ Գոլդ» ընկերությունը ոչ մի վերահսկողություն չունի պետական մարմինների կողմից. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ իրենք ստեղծում են հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի այդ թղթերը, սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչ է արել այդ հանձնաժողովը»: Խոսելով բնակիչների անհանգստությունների մասին՝ նա ասաց, որ գիտակցում են, թե ինչ վտանգներ ունի այդ սարքը. «Այդ սարքի հետեւանքով Սոտք գետի ջուրը դառնում է արդեն անպիտան գյուղի հողամասերը ոռոգելու համար, քանի որ մեծ քանակությամբ ծանր մետաղներ են լցվելու տվյալ գետ, իսկ գետն անցնում է Սոտք հանքավայրի միջով՝ գնալով դեպի Սեւան: Գետի ջուրը հանքավայրից իր հետ տանում է նաեւ ծանր մետաղները: Ծանր մետաղների մի մասն էլ մնում է գետում: Բնակիչներն ասում են, որ վախենում են նույնիսկ այդ գետի ձուկը ուտել: Դեռեւս 2009-ին դիմել էինք հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականներին, ու նրանք ստուգումներ էին արել: Նրանց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ծանր մետաղներ են հայտնաբերվել Սեւանից հանած խեցգետինների ու ձկների մեջ»:
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈԹՔՈՒՄ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գայանե Մկրտչյան, ԱրմենիաՆաու
Հայաստանի բնապահպաններն ահազանգում են, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրում քարերի մանրացման նոր սարք է տեղադրվում, կառուցվում է նոր արտադրամաս, ինչը կրկնապատկելու է հանքավայրի հասցրած բնապահպանական վնասները:
«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերը, ինչպես նաև Արարատի ոսկու վերամշակման գործարանը, անցյալ ամիս սկսել է ոսկու հանքանյութի մանրացման սարքի տեղադրումը, որը կխթանի գործարանի աշխատանքը: Սարքի տեղադրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս շաբաթ:
Այս մասին «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանին են ահազանգել հանքավայրի հարևանությամբ ապրող Սոթք գյուղի բնակիչները:
«Զանգահարել է գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը և ասել, որ մանրացնող սարք են տեղադրում: Պետական մարմինները շատ լավ հասկանում են`ինչ վտանգներ կարող են լինեն սարքի տեղադրումից հետո, ինչ խնդիրների առաջ կկանգնեն իրենք` մասնավորապես կապված Սոթք գետի հետ, որն աղտոտվում է հանքարդյունաբերության թափոններից, իսկ գյուղի բնակիչները ջրում են իրենց տնտեսությունը հենց գետի ջրով»,- ասում է Զարաֆյանը:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշում է, որ քարերի մանրացման սարքավորման տեղադրման հարցը բարձրացրել է Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նիստում, որի անդամ է նաև ինքը։ Բնապահպանը ահազանգում է, որ հանքավայրի տարածքն այսօր էլ վատ վիճակում է՝ ամենուր թափոններ են:
Յուրաքանչյուր մեկ տոննա հանքաքար արդյունահանելու հետևանքով 29-31 տոննա թափոն է առաջանում, որոնք կոչվում են դատարկ ապարներ և պարունակում են վտանգավոր նյութեր` մկնդեղ, կադիում, ծծումբ և այլն։ Ըստ Սանասարյանի` գիտականորեն ապացուցված է, որ տեղումների դեպքում ջրերի հետ այդ ապարներում առկա թունավոր նյութերը հոսում են` աղտոտելով ջրերն ու հողերը։
«Մենք պահանջում ենք կասեցնել հանքավայրի քար մանրացնող սարքավորումների արտադրամասի կառուցումը, քանի որ այս գործողությունը հակասում է «Սևանի մասին» օրենքին: Նրանք պետք է պատասխան տան դատական ատյաններում: Այս հարցով դիմել ենք հանրապետության նախագահին և պատասխանի ենք սպասում»,- ասում է Սանասարյանը:
Հանքավայրի շահագործումը նույնիսկ զբաղվածության հարցն էականորեն չի լուծում, ինչպես այլ հանքավայրեր, որոնց աշխատանքներն այս առումով արդարացված են: Եթե խորհրդային տարիներին այնտեղ աշխատում էր 150-ից ավելի մարդ (գյուղից), հիմա 6 կամ 7 մարդ է աշխատում:
Հանքավայրի շահագործման հետևանքով ծանր մետաղներով աղտոտվում են Սոթք գետի ջրերը, որոնք էլ, լցվելով Հայաստանի ամենամեծ ջրային պաշարը` Սևանա լիճ, աղտոտում են այն:
«Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի մասնագետները ծանր մետաղներ են հայտնաբերել նաև Սևանից հանված ձկների և խեցգետնի մեջ։ Դա նշանակում է, որ Սևանում սկսում են ծանր մետաղներ կուտակվել։ Մենք տեսնում ենք երկու մեծ վտանգ. ամենամեծ վտանգն այն է, որ Սևանա լիճն աղտոտվում է, երկրորդը, որ հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը կառավարության կողմից վերահսկողության չի ենթարկվում»,- ասում է բնապահպան Զարաֆյանը:
2010-ի նոյեմբերին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մի շարք մեղադրանքներ էր առաջադրել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը, որ ոսկու հանքերի շահագործման լիցենզիաները կնքվել են օրենսդրության խախտմամբ։ Բացի այդ, լիցենզային պայմանագրերը կնքվել են 2008 թ. փետրվարի 29-ին, իսկ հանքավայրերը շահագործվել են 2004 թվականից սկսած։
«Վերահսկիչ պալատը հայտարարեց, որ այդ ընկերությանն ուղղակի պետք է զրկել լիցենզիաներից, ինչից հետո էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ ստեղծել են հատուկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի այդ փաստաթղթերը…»- ասում է Զարաֆյանը:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը խստիվ արգելում է Սևանա լճի տարածքում հանքարդյունաբերության իրականացումը:
«Անգամ այս դեպքում բնապահպանության նախարարությունն իր աշխատակազմով և նախարարով կանգնած են հանքարդյունահանողների կողմում»,- ասում է Սանասարյանը:
Մարտ 25, 2011
