

ԷկոԼուր
Ապրիլի 6-ին չինական «Fortune Oil» ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Կոտայիք մարզպետ Կավալենկո Շահգալդյանի եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Այս մասին «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը: Ըստ Մնացականյանի ունեցած տեղեկությունների` այդ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում չինացի գործարարներն անընդհատ նշել են, որ իրենք կառավարության հետ են գործարք կնքել: «Fortune oil» չինական ընկերությունը 24 միլիոն դոլլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի երկաթի հանքերը, որոնք պատկանում էին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
«Իրենց մոտ որոշիչը կառավարության խոսքն է նման հարցերում, այլ ոչ հասարակությանը»,- ասաց Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգողը: Ըստ Անահաիտ Մնացականյանի` չինացիները զարմացել են, երբ իմացել են, որ հանքը գտնվում է ջրի հարեւանությամբ: Նշենք, որ հանքի ստորին հատվածում է գտնվում Հրազդանի ջրամբարը:
2012 թվականին «Fortune oil» ընկերությունը պատրաստվում է Հրազդանում սկսել վերամշակող գործարանի շինարարությունը:
Ապրիլ 07, 2011
