Հանքավայրի վտանգավոր շահագործումը պետք է բացառվի

Հանքավայրի վտանգավոր շահագործումը պետք է բացառվի

Հ.Ավագյան`երկրաբանահանքաբանական գիտ. դոկտոր, Հայոց Աշխարհ

Կարդացի հոդված, որտեղ քննարկման առարկա էին դարձել ՀՀ տարածքում վաղուց ի վեր հայտնաբերված երկու տարբեր կազմավորման հանքավայրերի շահագործման հիմնախնդիրները։
  
Հոդվածի համաձայն, հիմնախնդիրն առկա է միայն մեկում՝ Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման գործընթացում, իսկ մյուս հանքավայրի՝ Ամուլսարի (Կաքավասարի) ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման մեջ հոդվածագիրը կարծես թե հիմնախնդիր չի տեսնում։
 
Սակայն անհրաժեշտ է նշել, ինչպես Հրազդանի, այնպես էլ Ամուլսարի հանքավայրերի բացհանքով շահագործման գործընթացների հետ կան եւ ընդմիշտ կլինեն մեր ժողովրդի առողջության հետ կապված ահավոր ու սարսափելի հիմնախնդիրներ։ Բայց եթե նշված հանքավայրերից մեկն ընդհանրապես չի կարելի շահագործել (Հրազդանի երկաթի հանքավայրը), մյուսը՝ Ամուլսարի ոսկի-բազմամետաղային հանքավայրը չի կարելի շահագործել բացհանքի եղանակով։ Բերենք հիմնավորումներ.
  
1. Հրազդանի երկաթի հանքավայրը, «ԺպսՏՉՏռ նՍրտՐպրր» թերթի հոդվածի համաձայն, Հրազդան քաղաքից հեռու է 800մ (սա հին տեսակետն է)։ Մեր կարծիքով այդ հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքի տարածքում, քանի որ Հրազդանի երկաթի հանքավայրի հետախուզումից հետո (1962 թվականից) քաղաքն ընդարձակվել է եւ 3 կողմից շրջապատել է այդ հանքավայրը։
  
Ասենք ավելին՝ տներ են կառուցվել նույնիսկ Հրազդանի հանքավայրի հարավարեւմտյան ծայրամասում՝ լեռնահատկացման տարածքում։ Սակայն եթե նույնիսկ այդ տներն էլ չլինեին, դարձյալ հանքավայրը շահագործել չէր կարելի։
  
Բանն այն է, որ այդ հանքավայրը պետք է շահագործվի միայն ու միայն բացհանքի եղանակով եւ ոչ այլ կերպ։ Բացհանքով շահագործվելու պարագայում էլ կատարվում են հսկայածավալ մասսայական պայթեցումներ, որի ընթացքում մթնոլորտ են շպրտվում հանք պարունակող ապարների եւ հանքանյութերի նուրբ մանրատվածության հսկայաքանակ փոշիներ, որոնք էլ պարունակում են այդ հանքաքարերում առկա բոլոր հանքանյութերի եւ օգտակար տարրերի փոշիներ։
  
Տվյալ պարագայում՝ Հրազդանի հանքավայրի շահագործման ժամանակ մթնոլորտ կնետվեն երկաթաքարի փոշիներ եւ դրանց հետ սերտորեն կապված այլ օգտակար տարրերի՝ գալիումի, արծաթի, ոսկու, նիկելի, կոբալտի, տիտանի, լիթիումի, ստրոնցիումի, պղնձի, ցինկի, կապարի փոշիներ։ Նշված տարրերի գերակշիռ մասնատվածությունը (թվով 11) պատկանում է ծանր մետաղների թվին եւ խիստ վտանգավոր է բնակչության համար։
  
Եթե հանքաքարերում կա ցինկ (սֆալերիտ կամ այլ հանքանյութի տեսքով), ապա կա նաեւ կադմիում, իսկ կադմիումը, կապարը, ինչպես նաեւ երկաթը մարդու օրգանիզմ թափանցելու պարագայում առաջացնում են զանազան հիվանդություններ, որոնցից առավել վտանգավորը քաղցկեղն է։ Մյուս ծանր մետաղները ոչ պակաս վտանգավոր են, քանի որ առաջացնում են սրտանոթային հիվանդություններ, քայքայում են լյարդը, երիկամները, թոքերը, ընդհուպ մինչեւ ոսկրային հյուսվածքները (օրինակ, պղինձը)։
  
Գրվածից բխում է միայն մեկ եզրահանգում՝ այդ հանքավայրը շահագործել չի կարելի։
  
2. Ամուլսարի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բացհանքով շահագործումը եւս անթույլատրելի է։ Այդ հանքավայրը, որը հայտնի է Կաքավասար անվամբ (Ամուլսար վերանվանվել է վերջերս), ձեւաբանական առումով պատկանում է երակային տիպին։ Երակային հանքայնացման հիմնական տարրերն են պղինձը, կապարը, ցինկը, ոսկին եւ արծաթը, որոնց հետ էլ սերտորեն կապված են (ներկայումս հայտնաբերված են) սելեն, տելլուր, բիսմուտ, կադմիում, գերմանիում, գալիում, ինդիում, ծծումբ եւ երկաթ։
  
Նշված տարրերից 11-ը (պղինձը, կապարը, ցինկը, ոսկին, արծաթը, բիսմուտը, կադմիումը, գալիումը, գերմանիումը, ինդիումը եւ երկաթը) պատկանում են ծանր մետաղների թվին, իսկ երկուսը (սելենն ու տելլուրը)՝ խիստ թունահարույց տարրերի թվին, որոնք բոլորն էլ խիստ վտանգավոր են շրջապատի բնակչության եւ կենդանական աշխարհի համար։
  
«ԺպսՏՉՏռ նՍրտՐպրր» թերթի հոդվածում նշված են 5 գյուղական համայնքներ՝ Գնդեվազ, Գորհայք, Սարալանջ, Սարավան եւ Կեչուտ, որոնք գտնվում են պոտենցիալ վտանգավոր գոտում, սակայն այդ թվի մեջ ներառված չի ամենակարեւոր բնակավայրը՝ մեր ամենամեծ, ամենակարեւոր, միջազգային ճանաչում գտած առողջարանային քաղաք Ջերմուկը, որը նույնպես գտնվում է վտանգավոր գոտում։ Ոչ պակաս վտանգավոր են լինելու Արփա եւ Որոտան գետերի ջրերը, որոնք հոսում են դեպի Սեւան եւ, հետեւապես, Սեւան են բերելու Ամուլսարի թունավոր տարրերի, այդ թվում՝ նաեւ ծանր մետաղների, նուրբ մանրատվածության (թերթիկավորված) փոշիները եւ թունավորելու, ապականելու են Սեւանի ջրերը։
  
Ամեն դեպքում, բոլոր պարագաներում, եթե Ամուլսարի ոսկի-բազմամետաղային հանքավայրը պետք է շահագործվի, ապա այն պետք է շահագործվի միայն եւ միայն ստորգետնյա եղանակով։ Բացհանքով շահագործման մասին խոսք անգամ չպետք է լինի, եթե մենք ցանկանում ենք առողջ ու անվտանգ բնակչություն ունենալ, եթե մենք ցանկանում ենք միջազգային «Ջերմուկ» առողջարան ունենալ ու պահել։
  
Այստեղ առաջանում են մի շարք շատ կարեւոր եւ շատ մտահոգիչ հարցեր եւս. որտե՞ղ է կառուցվելու Ամուլսարի հանքավայրի հանքահարստացման կոմբինատը, ի՞նչ տարրեր եւ ի՞նչ քանակներով են կորզվելու հանքահարստացման գործընթացում, որտե՞ղ են կուտակվելու հանքահարստացման «պոչերը», այսինքն՝ որտե՞ղ է տեղադրվելու պոչամբարը։
  
Սրանք շատ կարեւոր հարցեր են, քանի որ այդ պոչանքներից շատ մեծ եւ շատ երկարաժամկետ (հարյուրավոր ու հազարավոր տարիներ) վտանգներ են սպասվում մեր բնակչության համար։ Եվ քանի որ նշված հարցերի պատասխանները չունենք, այժմ չենք կարող ասել, թե որքան է այդ վտանգների մեծությունը։
  
Եվ այսպես. ավարտելով սույն հոդվածը, ցանկանում ենք նշել հետեւյալը.
  
1) Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում պետք է բացառվի բացհանքի եղանակով շահագործումը, եւ քանի որ այդ հանքավայրը պատկանում է երակային ձեւաբանական տիպին, ապա այն պետք է շահագործվի բացառապես ստորգետնյա եղանակով,
  
2) մինչ հանքավայրի շահագործումն այն պետք է հետախուզվի եւ հետազոտվի բազմակողմանիորեն՝ պետք է հետազոտվեն եւ գնահատվեն բոլոր օգտակար տարրերը,
  
3) առանձնահատուկ ուշադրության պետք է արժանացնել ռադիոակտիվ տարրերի առկայության հարցը։ Վերջիններս պետք է գնահատվեն ըստ տեղամասերի ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով,
  
4) դեռեւս հաքավայրի հետախուզման փուլում անհրաժեշտ է մշակել հանքահարստացման այնպիսի տեխնոլոգիաներ, որպեսզի օգտակար տարրերը կորզվեն բոլորը (կամ հնարավորինս մեծաքանակ թվով) եւ գերբարձր տոկոսներով եւ ոչ այնպես, ինչպես կատարվում է այժմ ՀՀ նմանատիպ հանքավայրերում։ Այս գործին պետք է մասնակից դարձնել ԳԱԱ Կապանի հանքահարստացման եւ մետալուրգիայի լաբորատորիայի կարողությունները, որոնք մեծ օգուտ կարող են բերել։

Մայիս 19, 2011 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր