«ԿԱԹԻԼՆ ԷԼ Է ՔԱՐ ՄԱՇՈՒՄ»

«ԿԱԹԻԼՆ ԷԼ Է ՔԱՐ ՄԱՇՈՒՄ»

«Ա1+»
ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ին տուգանել է 10 մլն 140 հազար դրամ:
           
Այս մասին տեսչությունն այսօր հաղորդագրություն է տարածել` արձագանքելով «Ա1+»-ին նոյեմբերի 26-ին հրապարակված բնապահպան Կարինե Դանիելյանի հարցազրույցին, որտեղ անդրադարձ կար նաեւ Ախթալա գետակի աղտոտվածությանը: Տեսչությունը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ին տուգանել է այն բանի համար, որ Լոռու մարզի տարածքային բաժնի կողմից փորձանմուշների լաբորատոր ստուգումների արդյունքում հայտնաբերվել է շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտվածություն:
           
«Ա1+»-ի հետ զրույցում պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը նշեց, որ տուգանքը պետբյուջե մուտքագրելուց հետո ՀՀ Բնապահպանության նախարարի կողմից կնշանակվի նաեւ վարչական տուգանք` 150 000 դրամ, կոմբինատի պատասխանատու պաշտոնյային:
 Բացի այդ, նախարարի կողմից կլինի հանձնարարական, որպեսզի կոմբինատն ունենա ջրի շրջանառու համակարգ, որի շնորհիվ աղտոտված ջուրն այլեւս դուրս չի գա պոչամբարից, չի թափվի Դեբեդ գետը ու կմնա պոչամբարում:
           
Ըստ պարոն Պետրոսյանի` նախկինում էլ կոմբինատին ուղղված տարբեր չափերի տուգանքներ եղել են: Նոր, այս ավելի մեծ չափի տուգանքի մասին տեսչությունն այսօր պաշտոնապես ծանուցում է ուղարկել կոմբինատ ու տեղեկացրել, որ անպայման վերահսկողություն է լինելու, եւ կոմբինատը մշտապես ուշադրության կենտրոնում է լինելու:
           
Ի դեպ, հնձնարարականներից մեկն այն է, որ արագացվի նոր, 3-րդ Նահատակ կոչվող պոչամբարի հողերի իրացման աշխատանքները, որպեսզի այն սկսի շահագործվել: Ախթալայում կա 3 պոչամբարներ, որոնցից մեկը բնապահպանության տեսչությունը ստիպել է, որ փակվի եւ արդեն կիսով չափ այն բուսական հողով ծածկված է: 2-րդ' Նազիկ կոչվող պոչամբարն արդեն լցված է, ու դա էլ պետք է  փակվի:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն իմանալով բնապահպանության պետական տեսչության այս որոշման մասին, չթաքցնելով իր ուրախությունը` նշեց, որ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ մամուլին արձագանքում են: «Միգուցե հիմա իրավիճակն է փոխվում: Ի վերջո, կաթիլն էլ է քար մաշեցնում: ՀԿ-ների հետ համագործակցությունը սկսվել է, ուղղակի հիմնախնդիրն այնքան խորն ու համակարգային է, որ դեռ առանձին հարցերի լուծումը արդյունք չի տա: Բայց կարծում եմ, որ եթե այսպես քայլ առ քայլ գնանք, միգուցե կարողանանք համակարգային լուծում տալ»,- ընդգծեց տիկին Դանիելյանը: 

Հիշեցնենք, որ «Ա1+»-ի հետ նա հարցազրույցում նշել էր, որ Ախթալա գետակում, որի մոտ կա պոչամբար, ծանր մետաղների պարունակությունը նորմայից բարձր է մոտ 900 անգամ: Արդյունքում` Ախթալա գետակի համար այլեւս գետ բառը հնարավոր չէ օգտագործել, քանի որ այնտեղ կյանք առհասարակ  չկա, եւ այն վերածվել է ուղղակի թունավոր նյութերի ամբարի:

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԻՇԽԱՆ, ՀԻՄԱ ԿԱՐԱՍ
26.11.2009թ.
«Ա1+»


«Ախթալա գետակի համար այլեւս գետ բառը հնարավոր չէ օգտագործել, քանի որ այնտեղ կյանք առհասարակ էլ չկա եւ այն վերածվել է ուղղակի թունավոր նյութերի ամբարի»: «Ա1+»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Ախթալա գետակում, որի մոտ կա պոչամբար, ծանր մետաղների պարունակությունը նորմայից բարձր է մոտ 900 անգամ: Պատճառը պոչամբարից արտահոսքն է: Պոչամբարները, ըստ նրա` ծածկում են ամբողջ երկիրը խոցերով, որոնք վնասում են գյուղատնտեսությանը, աղտոտում այն, խոչընդոտում տուրիզմի զարգացմանը: «Մեր հիմնական խնդիրը հանքարդյունահանությունն է, քանի որ անցումային շրջանում մենք կորցրեցինք մեր արդյունաբերության մնացած մյուս ճյուղերը: Դա եղավ եւ մեր մեղքով, եւ այն ֆինանսական կառույցների մեղքով` Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, որոնք մեր անցումային շրջանն իբր ապահովում էին: Դրանք, սակայն, իրականում չեն նպաստում երկրների զարգացմանը, այլ խիստ վնաս են հասցնում թե էկոլոգիական, թե սոցիալական ոլորտին»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի բնապահպանական մյուս կարեւոր խնդրին` Թեղուտի անտառներին, ապա Կարինե Դանիելյանի ասելով` էկոլոգներին չհաջողվեց կանխել ծառահատումները. «Թեեւ կոմպենսացիոն անտառտնկումներ իրականացվում են, սակայն անտառն այդքան հեշտ ու արագ վերականգնել հնարավոր չէ»:

Իսկ ընդհանրապես անտառածածկ տարածքների տոկոսը, նրա վստահեցմամբ` Հայաստանում գնալով նվազում է: Եթե 1990-ական թթ. առաջին տարիներին ունեինք ֆիքսված 11,2 տոկոս անտառածածկ տարածքներ, ապա հիմա տիկին Դանիելյանի պնդմամբ` այն 8 տոկոս է:
«Եթե այսպես շարունակվի, ապա 7 տոկոսի էլ կիջնենք, թեեւ պաշտոնական տվյալներով` իբր 10 տոկոս է: Սակայն նշեմ, որ ըստ ԱՄՆ տիեզերական ուսումնասիրությունների` 2001թ. Հայաստանի անտառածածկ տարածքները կազմել են 8,1 տոկոս: Եթե հաշվի առնենք այս տարիների գրանցված կորուստները, ապա հիմա այն առնվազն կկազմի 7,5 տոկոս»,- ավելացրեց նա` նշելով, որ եղած անտառներն էլ այժմ դեգրադացիայի ճանապարհին են, քանի որ համատարած հատումներն այնպես են իրականացվել, որ անտառը խիստ վտանգված է:

Ինչ վերաբերում է Սեւանին, ապա, ըստ բնապահպանի, կան եւ դրական, եւ բացասական միտումներ: Ըստ նրա` լավ է, որ Սեւանի մակարդակը բարձրանում է, սակայն վատ է, որ ափերը նորմալ չեն մաքրվում, իսկ ամպամերձ տարածքներում ճահճացումներ են: Արդյունքում լճում մնացել է միայն կարասը, իսկ եղած պաշարներն էլ հետզհետե կորցնում ենք, որը շատ լուրջ խնդիր է: «Ճիշտ է, ՀՀ Բնապահպանության նախարարությունը պարբերաբար ձկնկիթներ է մատակարարում լճին, սակայն կարծես թե այնքան էլ արդյունավետ չի ստացվում. զուգահեռ որսը գնում է: Բացի այդ` լճի ջուրը պետք է մաքուր լինի, որպեսզի իշխանն ու սիգը ապրեն: Միայն կարասը կարող է ամենաճահճացած լճում ապրել: Պատահական չէ, որ նախկինում իշխան ունեինք, հիմա կարաս»,- նշեց Կարինե Դանիելյանը:

Դեկտեմբեր 03, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր